23 06 2023

ՀԱԿ նախկին ակտիվիստը ահազանգում է, որ ՔԿ-ում իրեն խոշտանգել են, հիմա էլ գործարք են առաջարկում

ՀԱԿ նախկին ակտիվիստը ահազանգում է, որ ՔԿ-ում իրեն խոշտանգել են, հիմա էլ գործարք են առաջարկում

ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կինը՝ Անուշիկ Սերոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել: Տեսանյութում Տիգրան Առաքելյանը ահազանգում է, որ Քննչական կոմիտեում իրեն խոշտանգել են, կտտանքների ենթարկել, այդ թվում նաև ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը:

Նա, մասնավորապես, պատմում է.

 «Ինձ բերման են ենթարկել Երեւան քաղաքի քննչական վարչություն: Այդ օրը մեր տուն եկան խուզարկության, խուզարկությունը դեռ չսկսված ինձ տեղափոխեցին Երեւան քաղաքի քննչական վարչություն: Այնտեղ իմ նկատմամբ եղավ շատ վատ վերաբերմունք, ինձ պահեցին մոտավորապես 11 ժամ, դրանից մոտ 8-9 ժամը եղել եմ ձեռնաշղթաներով` ձեռքերս հետեւում, ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքների, ենթարկվել եմ շանտաժի, սպառնալիքների, ինձ ասել են, որ կնոջդ եւ երեխայիդ դու այլեւս չես տեսնելու, մեքենան տակը կգցի, ձեր տունը պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ բան կպատահի ընտանիքիդ, որովհետեւ ձեզ ընտանիքով ենք վերացնելու: Ասողը եղել  է ոչ ավել, ոչ պակաս, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նա այդ օրը ինձ հետ հանդիպել է երկու անգամ: Երկու հանդիպումների ժամանակ էլ ես խոշտանքվել եմ: Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ջուրը լցրել են վրաս եւ էլեկտրաշոկով մարմնի տարբեր հատվածներում սկսել են վառել: Այնպիսի հարվածներ չեն հասցրել, որ կապտուկ առաջացնեն, բայց  էլեկտրաշոկով կտտանքների են ենթարկել»:

Թե ինչի համար է ձերբակալված և ինչում է մեղադրվում Տիգրան Առաքելյանը, վերջինիս կինը չի նշում: Իրավապահ մարմիններից լրատվամիջոցներին հայտնում են, որ Տիգրան Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, քրեական գործ է հարուցվել միանգամից մի քանի հոդվածներով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։

Նշենք, որ Տիգրան Առաքլյանը տարիներ առաջ ակտիվ մասնակցել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակցիաներին։ Մի քանի անգամ հայտնցվել է անազատության մեջ, իսկ 2013-ին Առաքելյանը մեղադրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի ենթարկելու համար։ Շորթման հոդվածով շուրջ 10 ամիս կալանավայրում մնալուց հետո համաներմամբ ազատ արձակված ակտիվիստն այդպես էլ չէր ընդունել մեղադրանքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ