Հայաստանի ծածուկ միանալը ԱՄՆ ձևավորած Կրոնական ազատության միջազգային ալիանսին, լուրջ խնդիրներ է առաջացրել Հայաստանի դիվանագիտական կորպուսում: Ներքին լարում է սկսվել հատկապես կառավարություն-ԱԳՆ հարաբերություններում, այս օրերին բուռն քննարկումների մեջ են ԱՄՆ-ում, Չինաստանում և Իրանում Հայաստանի լիազորած դեսպանները: Բանն այն է, որ Հայաստանը միացել է Դոնալդ Թրամփի ձևավորած մի ալյանսի՝ որն ունի հազիվ երեք ամսվա պատմություն, ու մերոնք շտապել են՝ քաջ գիտակցելով, որ այն կրում է հակաչինական առաքելություն: Փաստորեն Հայաստանի իշխանությունն իրականում կայացրել է մի որոշում որով շոշափելի են բացառապես ԱՄՆ շահերը, մինդեռ այս որոշումով մեր կառավարությունը վտանգավոր հանգրվան է ստեղծել Իրանի ու Չինաստանի հետ հարաբերություններում և սա այն դեպքում, երբ Չինաստանը հավակնում է գերտերության դիրքերն ամրապնդել՝ հետկորոնավիրուսային աշխարհում:
Եվ հատկանշական է այն, որ Հայաստանի անդամագրման լուրը առաջինը շտապում է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ոչ թե մեր ԱԳՆ-ն: Սա ըստ ԱԳՆ մեր աղբյուրի՝ ֆիքսել են նաև Չինաստանի ժողովրդական հանրապետությունում, անսպասելի հայտարարությունից հետո Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասյանը, պարզվում է, կանչվել է կորպուս՝ պարզաբանումներ ներկայացնելու: Պետության շահերից ելնելով` կխուսափենք հանդիպման որոշ մանրամասներ հրապարակել, ընդգծենք միայն, որ հանդիպման մյուս կողմը գուժել է հետագա փոխգործակցության դաշտում վտանգավոր ռիսկերի մասին:
ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ՝ դեսպան Սերգեյ Մանասյանն անկեղծացել է, որ ինքն անձամբ ներգրավված չի եղել այս որոշմանը նախորդած պրոցեսներին: Բայց արդյո՞ք դրանք տեղի են ունեցել, ծավալվե՞լ են մինչ այդ քննարկումներ՝ կառավարության ներսում և ապա Չինաստանի գերծընկերների հետ, ինչն արվում է սովորաբար նման դեպքերում...
Պարզվում է՝ ոչ….
ԱԳՆ-ում ծավալվող քննարկումներին առնվազն պիտի կողմ կազմեին մեր երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուները՝ այդ թվում Իրանում, ԱՄՆ-ում ու Չինաստանում լիազորած դեսպանները միասին, ինչը չի արվել: Հետևաբար ենթադրվում է հակաչինական ալյանսին միանալու ամերիկահաճո որոշումը կայացվել է միանձնյա՝ շահած կողմի հետ մինչ այդ ունեցած սեպարատ բանակցությունների արդյունքում: Սա իհարկե լրիվ տեղավորվում է մեր հեղափոխական իշխանության ժանրի կանոնների մեջ, բայց մի բան է՝ միանձնյա որոշում ընդունել դատական «բարեփոխումների» ցանկալի կոնտեքստում, մեկ այլ բան է երբ խնդիր ես առաջացնում արտաքին գործընկերային հարաբերությունների մակարդակում ու դրա մասին հետագայում է միայն տեղեկացնում հետևանքները մարսող արտաքին գերատեսչական կառույցին:
Թերևս այդ էր պատճառը, որ հակաչինական ալյանսին միանալու ՀՀ դիրքորոշման մասին մեր ԱԳՆ-ն խուսափեց առաջինը հանդես գալ հայտարարությամբ:
Մասնագատները մտահոգված արձանագրում են՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ կիքսեր տվեց այս անցումային ժամանակաշրջանում` չնկատելով, որ հետկորոնային աշխարհում ուժերի նոր վերադասավորումներ են սպասվում, իսկ մենք հազիվ ամրապնդվող հայ-չինական հարաբերություներում շպրտվում ենք տարիներով հետ:
Ուրեմն ինչու՞ ավելորդ շտապողականություն դրսևորեց ՀՀ իշխանությունը՝ մանավանդ, որ փետրվարին ստեղծված կառույցն առայժմ կայացած չէ ու հետևաբար` նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների ելքը կարող է խիստ որոշիչ դառնալ հակաչինական ալյանսի հեռանկարի համար: Եվ ի վերջո, ի՞նչն էր մեզ ստիպում հակաիրանական բնույթի խնդիրներ առաջացնել պաշտոնական Թեհրանի հետ, այն էլ՝ այս փուլում, չէ՞ որ այս ալյանսի գոնե բացահայտ նպատակը տարբեր երկրներում կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունն է, իսկ կրոնը, ընդունենք, խիստ զգայուն թեմա է հարևան Իրանի համար։ Ուրեմն ի՞նչ հաշվարկներից ելնելով ենք խցկվում մի դաշտում, որտեղ առաջընթացի ոչ մի ակնկալիք չունենք՝ պարտությունից բացի:
Ստացվում է մի իրավիճակ, որ հաջորդիվ ձևավորվող իշխանությունն ունի ոչ միայն տոտալ մի քանի որոշումների մասով հետ քայլ անելու հրամայական, այլև պարտավորություն՝ շտկելու արտաքին հարաբերություններում առաջացրած անհարթությունները, թեկուզ այնքանով, որքանով հնարավոր է Ռուսաստանի, Չինաստանի պես հեգեմոն պետությունների հետ գործընկերային հարաբերությունները բերել գոնե նախկին վիճակին:
Ի դեպ, փետրվարին ԱՄՆ-ի ձևավորած դաշինքի անդամ երկրների թվում են ԱՄՆ-ը, Ավստրիան, Վրաստանը, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Չեխիան և ևս 12 երկիր:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը