08 04 2020

Դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008թ. ԿԳՄՍՆ

Դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008թ. ԿԳՄՍՆ

Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՍՄ նախարարությունը՝ արձագանքելով երեկ տարածված տեղեկությանը, թե թուրքերն ու ադրբեջանցիներն ուզում են դուդուկը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։

ԿԳՄՍՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, եւ 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Դուդուկ հայկական նվագարանը եւ դրա երաժշտությունը հայկական ժողովրդական երաժշտական մշակույթի բնութագրական դրսեւորումներից է, այն տարածված ու կենսունակ է ոչ միայն նվագարանային կատարողական արվեստում, այլեւ հասարակության մեջ՝ ընտանիքներում, համայնքներում, մշակութային, կրթական տարբեր կազմակերպություններում։

Վերջին տարիներին բազում ծրագրեր են իրականացվում դուդուկի պահպանության, փոխանցման եւ հանրահռչակման ուղղությամբ, կազմակերպվում են տեղական եւ միջազգային փառատոներ, ֆլեշմոբեր եւ այլ միջոցառումներ։

Դրա վկայություններից է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեկնարկած «Արի պարի քոչարի» ֆլեշմոբը, որն այս տարի նվիրվում է Դուդուկ (ծիրանափող) հայկական նվագարանին։ Նպատակը` բացահայտել տաղանդավոր դուդուկահարներին եւ հայկական դուդուկի նվագը ճանաչելի դարձնել համայն աշխարհին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2021 թ. գրանցելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ երկու պետություններ՝ Ադրբեջանը եւ Թուքիան համատեղ հայտ են ներկայացրել «Բալաբանի կատարողական արվեստը եւ արհեստագործությունը» վերնագրով։ Բալաբան անվանմամբ երաժշտական նվագարանի մասին հայտը դեռեւս 2012 թվականից էր Ադրբեջանը ներկայացել ՅՈՒՆԵՍԿՕ գրանցմանը, եւ գործընթացը կասեցվել էր ու գտնվում էր սպասողական հայտերի ցանկում։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի քննարկմանը կներկայացվի միայն 2021 թ., եթե արժանանա կոնվենցիայի գնահատման մարմնի անկախ փորձագետների դրական գնահատականին։

Նշենք նաեւ, որ ըստ կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում որեւէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) համայնքների, խմբերի կամ անհատ կրողների կողմից տվյալ տարրի մշակութային դրսեւորումները, առանձնահատկությունները եւ կենսունակությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ