05 11 2022

«Արշալույսի լուսաբացը». Հայաստանի պաշտոնական հայտը «Օսկար»-ի 95րդ մրցանակաբաշխությանը

«Արշալույսի լուսաբացը». Հայաստանի պաշտոնական հայտը «Օսկար»-ի 95րդ մրցանակաբաշխությանը

«Արշալույսի լուսաբացը» վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝Ավրորա Մարտիկանյան) պատմությունը։ 14 ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։

Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ-ին, Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան

«Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել՝ հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի, որ աշխարհը իմանա հայերի կոտորածների մասին, իսկ ֆիլմի եկամուտների մեծ մասը կուղղվի հայ որբերի փրկության գործին։ «Հոգիների աճուրդ»-ը իր ժամանակի ամենամեծածավալ և հայտնի կինոստեղծագործություններից մեկն է դառնում․ առաջին ցուցադրությունների տոմսերը վաճառվում են 10 դոլլար, այն ցուցադրվում է ոչ միայն Ամերիկայի բոլոր նահանգներում, այլ նաև Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում և հասնում անգամ Ավստրալիա։

Ֆիլմ դառնում է «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի բարեգործական արշավի հիմնաքարը, որը ընդհանուր առմամբ հավաքում է ավելի քան 116 մլն դոլլար, ինչի արդյունքում ավելի քան 132 հազար հայ որբեր են խնամք ստանում։

Ցավոք, ժամանակի և գերպետությունների քաղաքական հետաքրքրությունների փոփոխության արդյունքում թե՛ «Հոգիների աճուրդ» ֆիլմը, և թե՛ Արշալույսը ինքը մոռացության են մատնվում։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը պատմում է Արշալույս Մաևտիկյանի հերոսական պատմությունը նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ:

«ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» Ֆիլմի առանձնահատկությունները

“Արշալույսի լուսաբացը» ֆիլմի հիմնական նպատակն է խոսել Հայոց Ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, միևնույն ժամանակ ներկայացնել մեր ազգի պատմության ամենածանր ու ցավոտ թեման հաղթական տեսակետից:

Գաղափարից մինչև վերջնական տարբերակի ստեղծում, ֆիլմի աշխատանքները տևել են ավելի քան 7 տարի։ Միջազգային անիմացիոն ֆիլմերի բյուջեից մի քանի անգամ ցածր ֆինանսավորմամբ, ֆիլմի ստեղծագործական թիմը կարողացել է ստեղծել միջազգային բարձր մակարդակի ֆիլմ, որը արդեն իսկ ճանաչվել է մի շարք հեղինակավոր փառատոնների կողմից։

Ֆիլմը հիմնված է իրական մարդու իրական պատմության վրա, բայց միևնույն ժամանակ փոխանցում է ժամանակի ընդհանուր իրավիճակը: Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս հանդիսատեսին տեսնել դաժան իրադարձությունների միջով անցած մարդու էությունը, այլև զգալ նրա ցավը, հիանալ նրա կամքի ուժով, տոկունությամբ, հավատով, դաժանության մեջ գեղեցիկը տեսնելու ու հիշելու նրա կարողությամբ:

Ժամանակակից հայ կինոյի պատմության մեջ առաջին ֆիլմն է, որը հիմնված է դեռատի կնոջ հերոսական պատմության վավերագրության վրա և կարող է իր գեղագիտական արժեքով միջազգային հանրության ուշադրությունը գրավել պատմական իրադարձություններին, ինչպես օրինակ Աննա Ֆրանկի, Մալալա Յուսուֆզայի մասին պատմող ֆիլմերն են։

Ֆիլմում վերականգնվել և օգտագործվել են գլխավոր հերոսուհու դերակատարմամբ 1919թ-ին Հոլիվուդում նկարահանված «Հոգիների Աճուրդ» համր ֆիլմի պահպանված հատվածները: Հայ կինոյի պատմության մեջ առաջին հայկական լիամետրաժ վավերագրական ֆիլմն է, որի պատմողական կառուցվածքը անիմացիան է: Այն պատկերում է նկարագրվող իրադարձությունը, հաղորդում տրամադրությունը և շաղկապում դեպքերի հաջորդականությունը: Պաշտոնական համատեղ արտադրություն Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի միջև։ Ֆիլմի անիմացիոն մասը համատեղ իրականցրել են հայ և լիտվացի նկարիչ- անիմատորները։ Ֆիլմում օգտագործված է գերմանացի կոմպոզիտորի կողմից հենց ֆիլմի համար գրված երաժշտություն, որը կատարել են Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը և Պրագայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Ընտրվել է եվրոպական ամենամեծ հեռուստաալիքներից մեկի, ԱՐՏԵ-ի (Ֆրանսիա, Գերմանիա) կողմից «Գրանդ Ֆորմատ» եզակի 90 րոպե տևողությամբ գեղագիտական վավերագրական ֆիլմերի ծրագրում ընդգրկվելու համար։ Ծրագիրը առավելագույնը 9 ֆիլմ է ցուցադրում յուրաքանչյուր տարի։

Ֆիլմում օգտագործված են եզակի պատմական արխիվային կադրեր

ՖԻԼՄԻ ԳՐԱՆՑԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է ներկայացվելու համար «Օսկար»-ի 95րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

Հոկտեմբերի 13-ին հայտարարվել են Asia Pasific Screen Award (Ասիա- Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակ) մրցանակաբաշխության նոմինանտների անունները։ Կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը նոմինացվել է լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում,   որտեղ   մրցելու   են   5   անիմացիոն   ֆիլմեր։

Asia Pasific Screen Award-ը Ասիա-Խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունն է, մասնակցում են ավալի քան 70 երկրներ։ Այն հաստատված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և FIAPF-ի կողմից և համարվում է տարածաշրջանի կինոոլորտի բարձրագույն մրցանակներից մեկը, այսպես կոչված տարածարջանի «Օսկարը»։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Նոյեմբերի 9-11ը Ավստալիայի Բրիսբան քաղաքում։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անիմացիայի աշխարհի ամենամեծ փառատոնի ԱՆՍԻ-ի մրցույթային ծրագրում, որի ժամանակ բոլոր 4 ցուցադրությունները անցել են լեփ լեցուն դահլիճներում։ ԱՆՍԻ-ի փառատոնը աշխարհի ամենամեծ անիմացիոն փառատոնն է, որը ոչ պաշտոնապես համարվում է անիմացիայի Կաննը։ Փառատոնի պատմության մեջ առաջին անգամ էր, որ լիամետրաժ մրցույթում հայկական ֆիլմ էր ընդգրկվել։

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե Ծիրան» փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ արժանացել է «Արծաթե Ծիրան» մրցանակին: Հոկտեմբերի սկզբին ֆիլմը ընդգրկված է եղել FilmFest Hamburg կինոփառատոնի «Կալեյդասկոպ» մրցութային ծրագրում և DocLisboa փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում։

Ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա «ANIMATION IS FILM» փառատոնի մրցութային ծրագրում՝ Հոլիվուդյան պատմական Չինական թատրոնում՝ Հոկտեմբերի    23-ին։

Նոյեմբեր ամսից ֆիլմը Հայաստանում կբարձրանա կինոէկրան։

«ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» Ֆիլմի մասին տեղեկատվություն

ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ և ֆիլմի հիմքում ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվն է։

Տևողություն՝ 96 րոպե

Արտադրող ընկերություն՝ Բարս Մեդիա, համարտադրողներ՝Gebrueder Beetz Filmproduktion (Գերմանիա), Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա)

Ռեժիսոր՝ Իննա Սահակյան

Սցենարի հեղինակ՝ Իննա Սահակյան, Կերստին Մեյեր-Բից, Պիտեր Լյախով

Մոնտաժի և խաղարկային կտորների ռեժիսոր՝ Ռուբեն Ղազարյան

Բեմադրող նկարիչ՝ Տիգրան Առաքելյան

Իլյուստրատոր՝ Գեդիմինաս Սկիրիուս

Գլխավոր պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան

Պրոդյուսերներ՝          Քրիստիան     Բից,     Յուստե           Միխայլինայտե,         Կեստուտիս Դռազգաուստաս, Էրիկ Իսրաելյան, Իննա Սահակյան

Կոմպոզիտոր՝ Քրիստինե Աֆդերհար, Անդրանիկ Բերբերյան, Գարեգին Առաքելյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ