Ովքե՞ր են իրոք բարերարներն ու չարագործները․ «Կարճ ասած»

20 Նոյեմբերի, 2026

Բարերարներին անվանարկելուց, նրանց արածը ուրանալուց, անուններ կպցնելուց, բանտարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը մի թեզ է դրել շրջանառության մեջ՝ «ՀՀ թիվ 1 բարերարը կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն են»։ Այսինքն՝ ՔՊ-ն է, ըստ Փաշինյանի։ Դե ասում է՝ 9,1 միլիարդ ԱՄՆ դոլարի լրացուցիչ մուտք է ապահովվել բյուջե։ Չգիտեմ՝ էն 7 մլրդ դոլար պարտքն էլ է մեջը, թե չէ։

Բարերարները լրացնում են այն բացը, որը թողնում է կառավարությունը, չի կարողանում կատարել կամ չի ուզում, նայած որ կառավարության դեպքում՝ ոնց։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանը կառուցել է մեկից ավելի բժշկական կենտրոններ․ Ստեփանակերտում, Վանաձորում և այլուր․ կար, չէ՞, կարիքը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամենաշատ նվիրատուներից մեկը հենց Սամվել Կարապետյանն է։ Ընդ որում, այդ բարեգործությունը խնդրում է հենց պետությունը։ Սամվել Կարապետյանը փոխանցել է, որ զինվորին գուցե զենք առնեն պատերազմի ժամանակ, սրանք մտցրել են բյուջե ու ինչ ուզեցել՝ դա են արել։ Սամվել Կարապետյանը կառուցել ու վերակառուցել է դպրոցներ։ Ո՞ւմ փողերով է արել, իր, իր անձնական, իր գրպանի փողերով։ Անում, հանձնում է համայնքին, ժողովրդին, պետությանը։ Դու, Նիկոլ, դա անում ես վարկերով, երկիրը պարտքերի տակ գցելով, կամ մեր, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի վճարած հարկերով, անում ես անորակ, երեսով ես տալիս, հենց մի բան անում ես, մոռանում ես, որ դու դա պարտավոր ես անել, անելուց էլ լավ պետք է անես ու հաշվետու լինես, ոչ թե մունաթ գաս, թե չգիտեմ ոնց՝ ամենամեծ բարերարն ես։

Պատկերացրեք՝ բարերարների նկատմամբ Ռոբերտ Քոչարյանը ունենար էն թշնամական վերաբերմունքը, ինչը որ ունի Փաշինյանը, Քրքորյանը, Էռնեկյանը, Ալեք և Լուիզ Սիմոն Մանուկյանները, Հովնանյանները, Գաֆեսճյանը և լիքը այլ մեծահարուստներ Հայաստանում բարերարություն կանեի՞ն։ Քրքորյանը էդքան փող կտա՞ր աղետի գոտում հազարավոր տներ կառուցելու համար։ Նիկոլը քա՞նի հոգու է տուն տվել աղետի գոտում, թեկուզ բարերարի փողով սարքած։ Քոչարյանը տվել է տասնյակ հազարներին՝ պետբյուջեի միջոցներով, բարերարների միջոցներով։ Սամվել Կարապետյանը տասնյակ տներ է տվել Աղետի գոտում, Նիկոլը ի՞նչ է արել։ Ուրեմն կրկնում եմ, եթե Հայաստանի կառավարությունները մինչ Փաշինյանի գալը բարերարների նկատմամբ վարվեին այնպես, ինչպես հիմա Նիկոլը, մեր երկրում լիքը բաներ չէին կառուցվի, լիքը աշխատատեղեր չէին բացվի, լիքը ներդրումներ չէին արվի։ Կարապետյանին ասում է՝ թալանչի է․ մեռա խնդալուց․․․ Հասավ դրսում փող աշխատածի․․․ Ով իր ապազգային ծրագրերին դեմ ա, միանգամից՝ թալանչի։ Թե ո՞նց, խի՞, չի էլ կարողանում բացատրել, ընդամենը հղում է անում էլի իր ցուցումով թիվ գրածների հրապարակմանը, իբր փաստ ա ասում։

Էդ մարդը ու իր պես մարդիկ դրսում փող են աշխատել, այստեղ ներդրում արել, աշխատատեղ են ստեղծել, հարկեր տվել, որ դուք, այդ թվում էդ հարկերով ձեզ բարձր աշխատավարձ ու պարգևավճար բաժանեք, իսկ իր շահույթը տնօրինել է ոնց ուզել է, իր գործն է։ Չէ, ասում են՝ ինչ իրավունք ուներ իր շահույթը տնօրիներ, պետք ա նստի, մինչև հասկանանք՝ ճիշտ են գրել քննիչները, թե չէ։ Նույն չափանիշն է Քոչարյանի դեպքում՝ ասում են՝ էն որ նախագահ էր, բա չիմացած՝ կառավարության որոշումները վավերացրել է, պետք ա նստի, հասկանանք՝ խի, ոնց։ Լավ, էսքան աբսո՞ւրդ։ Տասնամյակներ Քոչարյանի անունը տալիս ինչ-որ մեծ թվերից էիր խոսում, բա ի՞նչ եղավ, պարզվում ա՝ մարդը իր պարտականությունն ա կատարել, է՞դ էր, կառավարության որոշում վավերացնե՞լն էր թալանը, թե՞ ինչ, չեմ կարողանում հասկանալ։ Ասում է՝ էդ ո՞նց ա, որ նախագահ ես եղել, ընտանիքդ բիզնես է արել․․․ հետո․․․ պաշտոնավարումից հետո էլ հաջողություն ունեցել։ Բայց մի րոպե, բա ասում էիր թալան։

Արի ասեմ թալանը ոնց ա լինում։ Երբ երկիրը ամեն տարի 1 միլիարդով պարտք է վերցնում և ոչ մեկս մինչ օրս դա չենք հասկանում, թե ինչ եք արել, այ այդտեղ թալանի հոտ է գալիս, երբ ԱՆԻՖ եք հիմնում, իբր զարգացման ծրագրեր անեք, հետո 60 մլն դոլար փոշիանում է, հիմնադրամն էլ փակում եք, այ դրանից թալանի իսկական հոտ է գալիս, իսկ Քոչարյանի վերցրած պարտքն էլ ենք զգացել, բերած բարերարների փողն էլ մինչ հիմա տեսնում են, վրայով քայլում, տներում ապրում, թատրոն ու պատկերասրահներում տեսնում։ Ի դեպ, այսօր հանեցինք՝ Քոչարյանի վերցրած 10 տարվա պարտքը դուք, իբր ազնիվներդ, ընդամենը մեկ տարում եք այդքան վերցնում, մի հատ օֆ էլ չեք անում։

Բայց էս կառավարությունը, որ իրեն չգիտես խի հռչակում է բարերար, գործարարների, բարերարների ստեղծածը, կառուցածը, պատրաստի բիզնեսը, որի վրա միլիոնավոր դոլարներ է ծախսել, դրել-զարգացրել է, ձեռքներից վերցնում է ու տնօրինում, եկամուտները դնում իր ՔՊ-աականների ջեբը։ Հենա, ՀԵՑ տնօրեն են ուղարկել, որը ստանում է 5,2 մլն դրամ աշխատավարձ։ Այդ տնօրենը ՔՊ կուսակցությունից է։ Բա։ Բայց մեկ է, Փաշինյանն ասում է՝ «ՀՀ թիվ 1 բարերարը կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն են»։

Լավ, եկեք փորձենք հասկանալ՝ ում համար է կառավարությունը բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ։ Օրինակ՝ երեկ՝ նոյեմբերի 19-ին, դադարեցրին «Սոցիալական փաթեթ» ծրագիրը, որը գործում էր 14 տարի, ուներ 130 հազարի չափ շահառու՝ պետծառայողներ, ուսուցիչներ, մշակույթի, գիտության, զինվորական և այլ ոլորտի աշխատողներ։ Հիմա կառավարությունը, որ դա կտրեց, էդ շահառուների համար ինչո՞վ է բարերար։ Հաջորդ տարվա բյուջեով թոշակ չի բարձրանում (իհարկե՝ եթե հանրաքվե կամ արտահերթ ընտրություն չանի)։ Սկզբում ասում էին՝ 1000 դրամ կբարձրացնենք, հետո ասին՝ չէ։ Հիմա կառավարությունը 46 հազար դրամ ամսական թոշակ ստացող կիսաքաղց թոշակառուի համար բարերա՞ր է, թե չարագործ։ Հայաստանում պաշտոնապես աղքատ է 680 հազար մարդ, ոչ պաշտոնապես՝ դրա կրկնակին։ 2018-ից ի վեր բան չի փոխվել այդ մարդկանց կյանքում․ նրանց համար բարերա՞ր է ՔՊ կառավարությունը։ 100 հազարից ավելի մարդիկ անտուն են, վարձով են ապրում, որովհետև ՔՊ կառավարության ղեկավարի պատճառով զրկվել են տնից․ հարյուր հազարավորներն էլ տուն չունեն, որովհետև չունեն հնարավորություն գնելու․ նրանց համար է՞լ է ՔՊ-ն բարերար, ըստ Նիկոլի։ Հայաստանում կառավարության որոշումների պատճառով կյանքը թանկացել է՝ գույքահարկի կտրուկ աճ, բիզնեսի վրա անտանելի պարտավորություններ, գնաճ և այլն․ դրա ի՞նչն է բարեգործություն։ Ո՞ւմ է բարեգործություն արել քաղաքական մեծամասնությունը։

Բայց եկեք հասկանանք, թե ում համար է Նիկոլի կառավարությունը իրականում բարեգործ։ Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանը 2018 թվականի պաշտոնի ստանձնման հայտարարագրում նշում է բնակարան, դրամական միջոցները՝ 480 000 ՀՀ դրամ, եկամուտների հանրագումարը՝ 1,8 մլն դրամ։ 7 տարի անց՝ 2025-ի հայտարարագրում, նշում է 3 անշարժ գույք, որից երկուսը գնել է մեկ տարում՝ Իջևանում և Երևանում։ Ձեզանից քա՞նիսն է երկու անշարժ գույք գնել մեկ տարում՝ սրանց օրոք։ ՔՊ-ական Արայիկի 2024թ․ աշխատավարձը կազմել է մոտ 24 մլն դրամ։ Ժողովուրդ ջան, ձեզանից քա՞նիսն է տարեկան ստանում 24 մլն դրամ աշխատավարձ, 67 հազար դոլար։ Իսկ Արայիկ Հարությունյանը ստացել է պետական բյուջեից, որը տնօրինում է ՔՊ կառավարությունը։ Եվ ուրեմն, ո՞ւմ համար է կառավարությունը և իշխող մեծամասնությունը բարեգործ։ Այո, Արայիկ Հարությունյանի։

Սուրեն Պապիկյան, ՀՀ պաշտպանության նախարար։ 2018 թվականի հունիսի 8-ի հայտարարագրով ունեցել է մեկ հողամաս, մինչև պաշտոնի նշանակվելը՝ 2018թ․ առաջին 5 ամսվա եկամուտը կազմել է, ուշադրություն՝ 1 մլն 800 հազար դրամ։ Դա մինչ իշխանության հասնելն էր։ Ընդամենը 7 տարի անց, արդեն 2026թ․, մեր Սուրեն Պապիկյանը՝ 6 անշարժ գույք ունի, 16 մլն դրամ, 50 հազար դոլար, 30 հազար եվրո գումար և մոտ 30 մլն դրամ տարեկան աշխատավարձ։ Հիմա ո՞ւմ համար է կառավարությունը մեծագույն բարերար։ Բոլորինը չթվարկեմ, նույն կամ նման պատկեր է։ Հրաչյա Հակոբյան՝ Նիկոլի աներձագը՝ 8 անշարժ գույք, Արարատ Միրզոյանը՝ դղյակ, Գևորգ Պապոյան, Ալեն Սիմոնյան, մի ալարեք, բացեք նայեք։

Արդարադատության նախարարն ասում է՝ 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ 10 տարի հետո չունենամ․ հիմա արդեն 5 անշարժ գույք ունի։ Ժողովուրդ, թե իրենց իշխանությունը իրենց որքան իրական եկամուտ է բերել, դա դեռ կպարզվի իշխանափոխությունից հետո, ոչ մեկ միամիտ չէ, որ հավատա միայն իրենց հայտարարագրածներին, բայց կարծում եմ սա էլ է հերիք հասկանալու համար, թե ում ու ինչի համար է ծառայում Փաշինյանի կառավարության բարերարությունները։

Ժողովուրդ ջան, օրնիբուն աշխատում եք, ձեզ ո՞վ է պարգևատրում ու ինչքան։ Նախարարները 2025-ի Ամանորին ստացել են 7-9 միլիոն դրամի չափով պարգևավճարներ ամեն մեկը։ Փաշինյանը, կարդացի, նույն 2025-ին ստացել է 12 միլիոն դրամ պարգևավճար։ Մի ամսից էլի նոր տարի է։ Թե բա՝ կառավարությունը բարեգործ է։ Կառավարության կեցավայրի ծախսերը սրընթաց աճել են՝ 2018-ին 380 մլն էր, 2027-ին՝ 710 մլն դրամ։ Կառավարության կեցավայրում ովքե՞ր են ապրում, ժողովո՞ւրդը։ Հիմա ո՞ւմ համար է բարերար կառավարությունը։

Բա որ տեսնեք, թե ինչքան բիզնեսներ են բացել ՔՊ-ականները, նրանց ընտանիքի անդամները, բարեկամ-հարազատները ու պետության փողերով ինչ տենդերներ են շահում։ Մեր կառավարությունը սաղի համար է բարերար, բացի հայ ժողովրդից ու Հայաստանի ոչ ՔՊ-ական քաղաքացուց։ Անգամ Ադրբեջանի համար է մեծագույն բարերար, երկիր է նվիրում։

Հաջորդ տարի պետք է 1,2 մլրդ դոլար վարկի տոկոս մարեն, վերցրած պարտքերի տոկոսն է։ Ո՞ւմ են բարերարություն անում․ միջազգային ֆինանսական կազմակերպություններին։ Չեն կարողանում թոշակ բարձրացնել, աշխատավարձ, որովհետև 1 մլրդ դոլարից ավելի տոկոս են փակում։ Վարկերի տակ եք համարյա բոլորդ էլ, գիտեք ինչքան դժվար է։ Բայց սա, որ ձեր հաշվին պարտքեր է կուտակել, փոխանակ պատասխան տա, թե ինչու է վերցրել էդքան գումար, ինչ է արել, մեղադրում է էլի նախկիններին։ Բայց ասեմ, որ դարձյալ խնդալու է։ Ասում է՝ ինձ մեղադրում են, որ Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է, բայց Ռոբերտ Քոչարյանի օրոք պարտքն աճել է 6․6 անգամ, Սերժ Սարգսյանի օրոք՝ 5․8 անգամ։ Սուտ է ասում։

Սովորաբար ասում են՝ չի կարելի ասել սուտ ես ասում, շատ կոպիտ է, պետք է ասել՝ ճիշտ չես ասում։ Բայց ախր նա սուտ է ասում։ Նա գիտի իրականությունը, բայց գիտակցաբար ասում է դրա հակառակը՝ մոլորեցնելու համար։ Իրականությունն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման վերջում պետական պարտքը եղել է 768 միլիոն դոլար, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջում՝ 1 միլիարդ 697 միլիոն դոլար, Սերժ Սարգսյանի վերջում՝ արդեն 6 մլրդ 775 միլիոն դոլար, Փաշինյանի օրոք ու դեռ շարունակվում է՝ մինչև այս տարվա սեպտեմբեր, ուշադրություն՝ 14 մլրդ 330 մլն դոլար։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք պետական պարտքն ավելացել է ոչ թե 6,6 անգամ, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համեմատած՝ մոտ 2,2 անգամ, Սերժ Սարգսյանի օրոք ոչ թե 5,8 անգամ, այլ՝ մոտ 4 անգամ։ Բայց եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք 2,2 անգամ աճելով պարտքը դարձել է ընդամենը 1,7 մլրդ դոլար, Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 14 մլրդ 330 մլն դոլար։

Բայց հարցն անգամ այստեղ չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի օրոք էդ գումարը ասես օդ ցնդած լինի, չգիտես ինչ է եղել, մեր երկիր 7 մլրդ դոլար պարտք է կուտակվել, էդ փողը չկա, արդյունքը չկա։ Իհարկե՝ Փաշինյանը շատ պետք է ուզենար, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք պետական պարտքը ոչ թե լիներ 1,7 մլրդ դոլար ընդամենը, այլ 15 մլրդ դոլար, որ կարողանար համեմատել։ Կուզենար, որ Քոչարյանի օրոք ոչ թե ունենայինք պատերազմում հաղթանակ, այլ իր նման՝ 3 հատ պատերազմ բերեր ու պարտվեր, որ սա խոսելու տեղ ունենար, կուզենար բնականաբար, որ Քոչարյանի օրոք աղետի գոտում գոնե մի հատ փայտե տնակ չսարքվեր, որ հավասարվելու բան ունենար, կուզենար Սամվել Կարապետյանը ոչ թե իր փողերը ծախսած լիներ, այլ օրինակ ոչ իր, որ խոսելու տեղ լիներ։ Բայց դե էդպես չէ, ուրեմն պետք է ստել։

Կարճ ասած՝ ՀՀ պետական բյուջեն, իհարկե, բարերար չէ, բայց որ իրապես իր ձեռամբ դարձել է բարերար ՔՊ-ական պաշտոնյաների համար ու նրանց համար, ում ուզում են ՔՊ-ական պաշտոնյաները, դա փաստ է։ Էն ամենախեղճերը տեսնեք ինչեր են դարձել, երազանքներում անգամ չէին կարողանա պատկերացնել էն, ինչին հասել են։ Պետությունը ձեզ համար բարերար չէ, Սանտա Կլաուս է, ՔՊ-ի ամենաուժեղ բարերարն է, ստնտուն է, կերակրող մայրն է։ Իսկ կառավարության փողերը ո՞ւմ փողերն են․ ձեր, ժողովուրդ ջան։ Ուրեմն ՔՊ-ի բարեգործը դուք եք։ Բա ինչո՞ւ են եղունգներով պահում իշխանությունը, որովհետև էսպիսի բարերարի գրպանից ո՞վ կուզի դուրս գալ։ Միայն թե, իմ բարերար ժողովուրդ, մի քիչ կարելի է մտածել՝ դու, որ սրանց զրոյից դարձրիր ինչ որ արդեն կան, դո՞ւ ինչի ես հասել։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալը բարձր երաժշտությամբ և հայհոյանքներով իրարանցում է հրահրել

Նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Դեպքի մասին հայտնում է Aravot.am-ը։ Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177...

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

Փաշինյանը ստում է․ որքա՞ն է եղել պետական պարտքը ՀՀ 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա

  Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։ Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։...

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահին

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին: Արամ Ա կաթողիկոսը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, Լիբանանի և սփյուռքի հայությունը զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային...

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Տափերականի առաջին դասարանի ուսուցչուհին կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել է աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին դասարանի ծնողները։ «Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում...

Տեր-Պետրոսյան-Փաշինյան հեռակա բանավեճը թեժանում է

Տեր-Պետրոսյան-Փաշինյան հեռակա բանավեճը թեժանում է

Լևոն Տեր-Պետրոսյանը իր երբեմնի դաշնակից Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն է անդրադարձել․ «Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել...