Ի՞նչ են արժենում Փաշինյանի փորձարկումները․ «Կարճ ասած»

12 Նոյեմբերի, 2026

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում քվեարկելու և պատասխանատու պաշտոններում ներկայացուցիչների նշանակելու իրավունքից։ Որոշումը կայացրել են մասնակից պետությունների ղեկավարները։ Հայաստանում այս լուրն ընդունվեց անտարբերությամբ։ Նրանք, որ պարտավոր էին չհասցնել բանը այստեղ, ասում է՝ դե ՀԱՊԿ-ը մեզ պետք չէր, ոչ մի օգուտ չէր տալիս և այլն։ Ու այդ մասին ասում են շատ ինքնավստահ։ Ի դեպ, նույն ինքնավստահությամբ էլ առաջ ասում էր ու ծրագրում գրել էր՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից ոչ միայն դուրս գալու միտք չունի, այլև խորացնելու է հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ այդ մարդը բազմաթիվ բաների մասին է այ էդքան վստահ հայտարարել, վերջում կանգնեցրել է փաստի առաջ, հաճախ՝ ողբերգական։ Ինչպես ասում են՝ խոսենք փաստերով։

2020թ․․ երբ ամբողջ աշխարհը եռում էր կորոնավիրուսով, սահմանափակումներ ու կարանտին էր, սա միտինգներ ու քարոզարշավ էր անում ու շատ վստահորեն հայտարարում էր․  «Կորոնավիրուսին հատիկ-հատիկ հանելու ենք տնական արաղով դեզինֆեկցիա անենք»։ «Կորոնավիրուսն ում շունն է»։

Ո՞վ տուժեց։ Ժողովուրդը։ Նիկոլի դեզինֆեկցիայի արդյունքում Հայաստանը կորոնավիրուսից մահերի թվով աշխարհում զբաղեցրեց առաջատար հորիզոնականներ․ մոտ 9 հազար մահ միայն կորոնավիրուսից, տասնյակ հազար՝ ուղեկցող հիվանդություններից։ Բայց սա արդյո՞ք միակ ինքնավստահ ելույթն էր, որին հաջորդեցին հազարավոր զոհեր։

Ինչքա՞ն ինքնավստահություն կար «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության մեջ, թվում էր՝ արդեն լուծել է Ղարաբաղի հարցը։ Ո՞վ տուժեց։ Ժողովուրդը։ 5 հազար զոհ պատերազմում, 224 զոհ՝ Ջերմուկում, 238 զոհ՝ Ստեփանակերտի վառելիքի պայթյունից, 235 զոհ՝ Արցախի վրա վերջին հարձակման ժամանակ։ Բռնագաղթ ու բազում-բազում կորուստներ։ Ու ի՞նչ ասաց հետո․ ասաց՝ դե էդ ժամանակ, որ տենց եմ հայտարարել, եղել եմ հայրենասեր, սխալվել եմ, հիմա լրիվ ուրիշ ուղղությամբ ենք գնալու։ Ու ծայրահեղ-ոչմիթիզականից դարձավ ծայրահեղ թրքասեր, հիմա էլ հակառակն է ասում նույն ինքնավստահությամբ․ «Արցախը Ադրբեջան է և վերջ»։ Ասում է՝ հիմա էլ գնանք էս մյուս ճանապարհով, տեսնենք ուր կտանի, բայց վստահ եմ՝ ճիշտ ենք գնում։ Էսօր թուրք բլոգերի հետ սրտիկ էր անում, ասում էր՝ մենք եղբայրներ ենք․ Էդ բլոգերի տարիքի հազարավոր տղերքի տարավ թուրքական բայրաքթարերի զոհ, ու լայաղ չարեց անգամ Եռաբլուր գնալ՝ ներողություն խնդրելու, հիմա թուրքերին ասում է՝ մենք եղբայրներ ենք։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը որքան մեծ վստահությամբ էր ունենում այս ելույթը՝ 44-օրյա պատերազմից ընդամենը երկու օր առաջ՝ 25․09․2020թ․. «Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի դեմ քարոզչական արշավում նոր բաղադրիչ է ավելացրել` «կոնֆիդենցիալ տեղեկությունների բացահայտումը»։ Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ»։

Ասում էր, որ որևէ մեկը պետք է սրան չկասկածի։ Երկու օր հետո Ադրբեջանը կասկածեց, ու արդյունքում այնպես ապակայունացավ մեր երկրում վիճակը, 6 տարի չի կարգավորվում։ Բայց էս սաղ ասել է նույն ինքնավստահությամբ։ Ո՞վ տուժեց։ Ժողովուրդը։

Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերություններն այսօր։ Իմ գնահատմամբ՝ թշնամականին շատ մոտ։ Բայց Փաշինյանը որքա՜ն մեծ վստահությամբ էր Հանրապետության հրապարակում կոկորդ պատռում, թե՝ հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն վատանալու՝ ի հեճուկս բոլոր չուզողների. «Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են»։

Հիմա ասում է՝ սխալվել եմ։ Ո՞վ տուժեց։ Ժողովուրդը։ Էդ սխալի արդյունքում տուժել են հարյուր հազարավոր գյուղացիներ, արտադրողներ, վերաամշակողներ, տուժել են տասնյակ հազարավոր արտագնա աշխատանքի մեկնողներ։ Բազմաթիվ գործարարներ են տուժում, տնտեսությունը կոլափսի եզրին է հայտնվում․ որովհետև նա սխալվել է։ Մի քանի օր առաջ մեծ ինքնավստահությամբ ասում է՝ 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմենք Եվրամիության լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով։ Իսկ 8 տարի առաջ մեծ ինքնավստահությամբ ասում էր հակառակը․ «Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերսներ չեն լինելու»։

Էն ժամանակ դա էր համարում ճիշտ ճանապարհ, հիմա՝ հակառակ ուղղությամբ գնալը։ Ժողովուրդ ջան, էս սաղ նույն մարդու ասածներն ու արածներն են։ Ասում է մի բան, հետո անում մի այլ բան, պրավալ է տալիս, հետո ասում է՝ հիմա էլ այլ բան փորձենք, սա չստացվեց։ Էն ո՞նց էր ասում՝ կորոնավիրուսն ում շունն է, հիմա էլ երկիրը բերել է մեծ պրոբլեմների մեջ ու ասում է՝ գազի թանկացումն ում շունն է, ՀԱՊԿ-ն ում շունն է, մյուս-մեկելը ո՞ւմ շունն են։ Ինքն այդպես է անում, որովհետև մտածելու բան չունի, իրենից ոչինչ չի գնում, մեզնից է գնում։

Էս բոլոր հայտարարություններն էլ արել է շաատ ինքնավստահ, ու ամեն մեկի տակ կա պրավալ ու կորուստներ, մե՛ր կորուստները, իրենը չէ։ Ընտրությունների ժամանակ որքա՞ն ինքնավստահ էր ասում, իբր 2029թ․ կունենանք վիզաների ազատականացում։ Բրյուսելից ձայն չհանեցին, մինչև ընտրվեց, ու նոր ասացին՝ էդ ի՞նչ ես խոսում, անիրական ժամկետ է։

Վստահ եմ, որ բոլորդ բողոքում եք ահռելի գնաճից։ Հայաստանում ոչ մի բանի գինը երբևէ այնքան թանկ չի եղել, որքան էսօր։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ էր ասում մարդամեկը գնաճի մասին, ինչ խոստում էր տալիս։ Հիշեցնեմ․ «Այսօր ժողովուրդը կառավարության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա 5 տարին ռիսկեր չեն լինելու, իսկ դա օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակում։ Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլև 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չկա»։

Էդ մարդը ձեզ խոստացել է, որ 5 տարի ոչինչ չի թանկանալու, ասել է մեծ վստահությամբ։ Ամեն ինչ դարձավ կրակի գին, ասում է՝ դե սխալվել եմ։ Ո՞վ տուժեց։ Իհարկե՝ ժողովուրդը։ Իրենք իրենց աշխատավարձը էնքան են բարձրացնում, որ ոչնչի գնաճից չտուժեն։ Ու նույն մարդը էսօր ասում է՝ էլի նույն վստահությամբ, թե՝ գազի գինը չի բարձրանա, որովհետև պայմանագիր կա, բայց եթե բարձրանա էլ՝ չնչին կազդի։ Ասում է նույն էն համոզվածությամբ, որով ասում էր, որ գնաճ չի լինի 5 տարի։ Մակրոնը ոչ մի տեղ չի հայտարարել, որ գնաճ չի լինելու 5 տարի, ու տեսնում եք, թե ինչ է անում Ֆրանսիայի ժողովուրդը գնաճի պատճառով։ Սրանք ասում են՝ գազի թանկացումը հեչ, ԵԱՏՄ-ից դուրս գալը հեչ, թող տնտեսական աճը 6 տոկոս չլինի՝ 5 տոկոս լինի, աթար կվառենք։

Բա ժողովուրդ ջան, այ էսպես հարյուրավոր ելույթներ ու խոստումներ է ունեցել, պրավալ է տվել ու ասել է՝ հիմա էլ լրիվ հակառակն ենք անում։ Առաջ ասում էր՝ խաղաղության երաշխավորը բանակն է, հիմա ասում է՝ ՀԴՄ կտրոնն է։ Ասում է՝ ես ձեզ 2018-ից տարել եմ սխալ ճանապարհով, հիմա տանում եմ ճիշտ ճանապարհով, բայց երկու դեպքում էլ նույն ինքնավստահ տոնայնությամբ՝ 180 աստիճան հակառակ բաները։ Մեր երկիրն ու ժողովուրդը սրանց համար փորձադաշտ են, ու թե ինչ կլինի էդ փորձի ժամանակ մեզ հետ՝ կարևոր չէ, կարևորը՝ իրենք վստահ են իրենց փորձի մեջ։ Բայց իրենք էլ չունեն երաշխիք, որ չեն սխալվելու, ուղղակի դա էլ են փորձում։ Ու զավեշտը այն է, որ ոչ մի սխալի համար պատասխան չեն տվել։ Երբեմն ասել են կներեք ու անցել են հաջորդ սխալին։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ սխալ որոշումներ կյանքեր են արժեցել, լուրջ կորուստներ։ Հիմա կայացվող սխալ որոշումների արդյո՞ւնքն ի՞նչ է լինելու, ում կյանքի, ում երեխաների կյանքի հաշվին է։ Լավ, ո՞րն է սրանց հույսը, ինչու են այսքան վստահորեն անընդհատ սխալվում։ Նիկոլի էկոնոմիկայի նախարարն ասում է՝ մեր ժողովուրդը շատ դիմացկուն է։ Այ է՛ս ա սրանց հաշվարկը։ Մեկ ա՝ դուք ամեն ինչի կդիմանաք, ամեն ինչ կհանդուրժեք։ Նրանք 8 տարի ստուգում են ձեր դիմացկունությունը։ Ասեմ ձեզ, որ իրոք փայլուն դիմանում ենք, ուրիշ ոչ մի ժողովուրդ չէր դիմանա։ Շարունակեք դիմանալ, որովհետև սրանք դեռ լիքը փորձ ոու փորձանք են բերելու։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի...

Երկրի ղեկավարի մակարդակով 3 այց Հայաստանից Թուրքիա և 0 այց՝ Թուրքիայից Հայաստան

Երկրի ղեկավարի մակարդակով 3 այց Հայաստանից Թուրքիա և 0 այց՝ Թուրքիայից Հայաստան

Օրերս Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում։ Նոյեմբերի 11-ին նա մեկնել էր Անթալիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին։ Սա Փաշինյանի երրորդ այցն էր Թուրքիա՝ պաշտոնավարման...

Սրանք ազդակներ են, որ սարերի հետևից երևում են ընտրությունների «ականջներ». Հակոբ Բադալյան

Սրանք ազդակներ են, որ սարերի հետևից երևում են ընտրությունների «ականջներ». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը հետաձգվում է, այսինքն դրա մասին օրինագիծը հետաձգվում է երկու ամսով։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ նաեւ կառավարությունը հրաժարվեց թաղման համար հատկացվող նպաստի չեղարկման մտադրությունից։...