Օրերս խոսում էի այն մասին, թե ինչպես է Փաշինյանի կառավարությունը Հայաստանը գցել բազմաթիվ փորձությունների, փորձանքների մեջ՝ նախապես, սակայն, վստահորեն հայտարարելով, թե ճիշտ ուղու վրա ենք։ Հիմա նրան հարցնում են Հայաստանի ապագայի մասին, ասում է, թե 20 տարի անց Հայաստանը տեսնում է Եվրոպական միության կազմում։ Եվ դա համարում է «հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն»։ Չգիտեմ, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը ովքեր են մշակում ու վարում․ եթե հավատանք, թե դա անում է ՀՀ կառավարությունը, ուրեմն դրանից բան չի հասկանում․ եթե շարժվենք այն կանխավարկածով, որ դրսից է կառավարվում, ապա ընկալելի է, մանավանդ որ միայն մեր թշնամիները կուզենային այսպիսի քաղաքականություն։
Եվ այսպես, նոյեմբերի 19-ին տեղի է ունենալու այդքան քննարկված և սպասված եռակողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Հանդիպումը տեղի կունենա Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Կքննարկվեն, ինչպես արդեն հայտարարվել է, աշխարհում միջուկային զենքի կրճատման և ապամիջուկայնացման հարցը, գլոբալ խաղաղության, համաշխարհային մարտահրավերներին համատեղ դիմակայելու, առաջատար տերությունների հարաբերություններում ռազմավարական կայունության, Իրանի, Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի հակամարտությունները։
Իսկ ո՞ւր է այս հանդիպմանը Եվրոպան․ աշխարհի համար կարևորագույն, անվտանգային հարցեր են, ԵՄ-ն բացակա է։ Եվրոպայի հարցը կա այդ օրակարգում, բայց՝ սեղանի վրա։ Ինչո՞ւ ԵՄ-ն չկա․ գուցե նրա համար, որ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի հետ պարզ է, թե ինչ դեր են ունենալու նոր աշխարհում, իսկ Եվրոպան չի՞ լինելու։ Մարդամեկը, որ 20 տարի հետո իրեն տեսնում է ԵՄ-ում, 20տարի հետո, 10 տարի հետո, թեկուզ՝ 1 տարի հետո ԵՄ-ն լինելո՞ւ է։ Այն Եվրամիությանը, որը Ուկրաինային հասցրեց աղետի, Հայաստանին մղում է առյուծի երախը, նրա գոյությունը հարցականի տակ է։ ԵՄ-ն ինքը այլևս իր ճակատագիրը չի որոշում, սա ասում է՝ գնամ, թող իմ ճակատագիրը որոշեն։
Սրանից դեռ 1 տարի և 9 ամիս առաջ՝ 2025 թ․ փետրվարին, մամուլի ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում էր․ Եվրամիությունը գտնվում է խորը՝ առաջնորդության, ինքնության և իմաստային ճգնաժամի մեջ․ չի փլուզվի, բայց ստիպված կլինի ենթարկվել լուրջ ներքին բարեփոխումների և հասկանալ իր սեփական ինքնությունն ու հետագա ուղղությունը։ Ասում էր, որ այդ ճգնաժամը ԵՄ-ին ստիպելու է սառեցնել ընդլայնման քաղաքականությունը, ուստի Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ձգտումներն իրատեսական չեն: Անցել է ասուլիսից 1 տարի 9 ամիս, և այդ ճգնաժամը բոլորին է տեսանելի։ Նայեք՝ ինչ է կատարվում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում և ԵՄ այլ անկյուններում։ Սա հենց այդ՝ առաջնորդության ճգնաժամի մասին է։ Ուկրաինական պատերազմում սխալ որոշումները, պատժամիջոցները բերել են կյանքի որակի անկման, աննախադեպ դժվարությունների, ու մարդկանց հանել են փողոց։ Այդ ճգնաժամը տեսանելի է բոլորին, այդ թվում՝ ՀՀ իշխանությանը։ Ուրեմն եկեք ժողովրդին մի՛ խաբեք։
Բավական քննարկվեց Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը՝ «ԵՄ անդամակցության պատրանքի» մասին։ Ծանոթ եք, չխորանամ․ ԵՄ անդամակցելը Հայաստանի համար համարում է անիրատեսական նպատակ, այդ քայլերն ավելի են խորացնում Ռուսաստանից կախվածությունը, ասում է, որ Հայաստանը շփոթում է ցանկալին հնարավորի հետ։ Արևմուտքը չի կարող տալ անվտանգային երաշխիքներ․ խոսում է էժան էներգակիրների կորստի, գազային խնդիրների, հարևանների հետ հարաբերությունների սրման և այլնի մասին։ Խնդրում եմ ցույց տալ գեթ մեկ այսպես կոչված արևմտամետ վերլուծաբանի, ցույց տալ ընդդիմադիրի, փորձագետի, որ այս մասին չի ասել։ Արմեն Գրիգորյանն ասում է այսօր, ե՞րբվանից ենք մենք ասում․ նա ուղղակի իշխանության ներսից է ասում՝ սա է հարցը։ Այս առումով Արմեն Գրիգորյանի արևելումը համարում եմ շատ անազնիվ քայլ։
Ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին, ու թեման ինչ-որ առումով հենց հանրաքվե էր՝ ԵՄ, թե՞ ոչ։ ՔՊ-ն ընտրությանը գնում էր ԵՄ օրակարգով, իսկ քարոզարշավին մասնակցում էր ո՞վ․ այո՛, Արմեն Գրիգորյանը։ Նիկոլն ասում էր՝ ես կլուծեմ ձեր բիբարի, ծիրանի հարցը, դուք մանդատ տվեք՝ Սահմանադրություն փոխեմ և գնամ ԵՄ։ Արմեն Գրիգորյանը մասնակցում էր քարոզարշավին։ Բա որ գիտեր՝ ինչ վիճակ է, ի՞նչ գործ ուներ այդտեղ։ Այն ժամանակ ինչո՞ւ ձայն չէր հանում, ընդհակառակը՝ ասում էր՝ ռուսական ցորենից հրաժարվենք, բրինձ ուտենք։ Բոլորս ասում էինք՝ ժողովուրդ, ձեզ խաբում են, ո՛չ ԵՄ-ն է ընդունելու, ո՛չ վիզաներն է ազատականացնելու, կուտ են տալիս։ Ընտրությունները եղել են, զավթել են իշխանությունը, հիմա էլ Նիկոլի նախկին ԱԽՔ-ն է ասում՝ Նիկոլը ձեզ խաբում է, ժողովուրդ, ԵՄ-ն պատրանք է։
Ասում է՝ իբր իշխանության ներսում քննարկումների ժամանակ ասել է։ Լո՞ւրջ։ Արմեն Գրիգորյանը զբաղեցրել է շատ կարևոր պաշտոն, և ԵԱՏՄ-ԵՄ հարցը հենց այն հարցն է, որը խիստ կապ ունի անվտանգության հետ։ ԱԽ քարտուղարը լուրջ խնդիր է տեսել անվտանգության վերաբերյալ, տեսել է, որ սխալ ուղղությամբ են գնում ու մնացել է պոստին․ ի՞նչ կարևոր է, թե ինչ է զգուշացրել թաքուն։ Նորմալ երկրում իրեն հարգող պաշտոնյան վայրկյան առաջ հրաժարական կտար, եթե նրա նպատակը երկիրն է, ոչ թե աշխատավարձ-պարգևավճարը։ Քանի՞ օրինակ բերեմ․ Ռոբին Քուքը 2003թ․ հրաժարական տվեց Մեծ Բրիտանիաայի Համայնքների պալատի առաջնորդի պաշտոնից Իրաք ԱՄՆ-ի գլխավորած ներխուժմանը Մեծ Բրիտանիայի մասնակցության պատճառով․ ասաց՝ չի կարող աջակցել մի պատերազմի, որը չունի միջազգային համաձայնություն կամ ներքին աջակցություն։ Հրաժարական տվեց նաև Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարը։ 2018 թ․ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հրաժարական տվեց Սիրիայից և Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու՝ Թրամփի որոշումից անմիջապես հետո։ 2024 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական տվեցին՝ անհամաձայնություն հայտնելով Գազայի հակամարտության հարցում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը։ 2026 թ․ ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ խղճի մտոք չի կարող աջակցել Իրանի դեմ ռազմական հարվածներին։ Սկզբունքայինը էս ա։ Եթե Արմեն Գրիգորյանը գիտեր, որ ԵՄ անդամակցության խոստումները վտանգավոր ու անիրատեսական են, ինչո՞ւ էր մասնակցում այդ օրակարգի քարոզչությանը։ Արմեն Գրիգորյանը, քննադատելով Փաշինյանի եվրոպական օրակարգը, նաև իր պատասխանատվության հարցն է բարձրացնում։ Բայց մի՛ մոռացեք, որ մենք խոսում ենք մարդու մասին, որը մասնակից է իր ծննդավայր Արցախի հանձնմանը։
Լավ, իսկ ինչո՞ւ է Գրիգորյանը որոշել խոսել հիմա․ այլևս անհնա՞ր էր լռելը, տեսնում էր, որ Հայաստանն անդունդի՞ն են հասցրել ու սիրտը չի՞ դիմանում։ Ժողովուրդ ջան, Արմեն Գրիգորյանը խոսել է սովորել, իմ վստահ համոզմամբ, մեկ պատճառով՝ պոչը տրորել են։ Ինքն իր համար աշխատում էր ԱԽ քարտուղար, հույս ուներ, որ հաջորդ 5 տարին էլ կաշխատի նույն պաշտոնում․ բայց անգործ մնացած Ալեն Սիմոնյանը մատը դրեց ԱԽ քարտուղարի աթոռի վրա, Նիկոլը սրան հանեց, նրան դրեց տեղը, Արմեն Գրիգորյանը նեղացավ։ Ու ասաց՝ դե ես էլ կսկսեմ քեզ կտցել։
Կարճ ասած՝ ԱԽ նախկին քարտուղարի այս խոստովանությունն ապացուցում է՝ իշխանության վերնախավում շատ լավ գիտակցել են և գիտակցում են, որ երկիրը տանում են կործանարար պատրանքի հետևից։ Այս պատմության ամենավտանգավորը հենց դա է, որ հասկանում են՝ ուր են տանում Հայաստանը, բայց շարունակում են նույն ճանապարհը։ Սա սխալմունք չէ, ոչ էլ միամտություն, գիտակցված արկածախնդրություն է, որը պատասխան է ստանալու իշխանափոխությունից հետո։ Արմեն Գրիգորյանը ցուցմունք է տալիս։ Իսկ այդ ցուցմունքը հաստատապես կցվելու է այն գործին, որը բացվելու է իշխանափոխությունից անմիջապես հետո։ Իսկ այն, որ իշխանության ներսի մարդիկ միայն աթոռը կորցնելուց հետո են սկսում խոսել, նրանց ուշացած խոստովանությունները չեն ազատում իրենց պատասխանատվությունից։
Սևակ Հակոբյան



