Թուրքական գիծը էլի ակտիվացավ․ «Կարճ ասած»

25 Մայիսի, 2026

 

Մի քանի օր առաջ Թալինում, դրանից առաջ՝ Վեդիում և այլ վայրերում քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մոտենում էին մարդիկ և բողոքում, որ ՌԴ-ից արտագնա աշխատող իրենց զավակներին, հարազատներին դեպորտ են արել՝ Փաշինյանի հակառուսական գործողությունների պատճառով։ Բազմիցս ենք ահազանգել, թե այս քաղաքականության վերջը ինչ է լինելու և որ՝ տուժելու է հայ ժողովուրդը։ Մոտ 2,5 մլն հայ ապրում է Հայաստանում, մոտ 3 մլն հայ ապրում է Ռուսաստանում, և Նիկոլ Փաշինյանի իշխանության քայլերը հետևողականորեն վնասում են այդ 5,5 մլն հայ մարդուն։

Սա ինչ անում է, ասում է՝ մեր շահերից է բխում։ Բայց եթե այդ քայլերի արդյունքում տուժում է ՀՀ բնակչության 80 տոկոսից ավելին, իսկ հայ ժողովրդի՝ կեսը, ուրեմն չեմ հասկանում, թե ոնց է բխում մեր շահերից։ Փաստացի՝ ՀՀ իշխանությունը հայ ժողովրդի շահերի դեմ է աշխատում։ Ու եթե ինչը որ զգուշացնում էինք՝ առաջ վերլուծություն էր, հիմա վերլուծելու բան չկա, իրական է։

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում իմացանք, որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Հայաստանից ծաղիկների 99 տոկոսն արտահանվում է ՌԴ։ Ջերմոցատերերն ասում են՝ Նիկոլի փռած ասֆալտի վրա հարյուր հազարավոր դոլարի ծաղիկ ենք թափել։ Եթե սրանից 8 տարի առաջ ծաղիկների 90 տոկոսն էր արտահանվում ՌԴ, հիմա՝ 99 տոկոսը։ Հարյուրավոր ջերմոցատերեր կան, աշխատողներ ունեն, վարկեր ունեն․ բոլորը քաշվել են։ Ծաղիկներին հաջորդեց «Ջերմուկը»․ արգելվել է 37 մլն շշի վաճառք։ Դրանից հետո իմացանք, որ արգելվել է կոնյակի մի մասի վաճառքը։ Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 20 մլն լիտր կոնյակ, և 80 տոկոսից ավելին արտահանվում է ՌԴ։ Երևան–Մոսկվա ուղղությունը ամենածանրաբեռնվածներից է։ Ամեն օր միջինը 35 չվերթ է Երևան-Մոսկվա գնում-գալիս, ռուսական մյուս քաղաքները չեմ ասում․ այդ բոլորը վտանգի տակ է․ դա և՛ արտագնա աշխատանք է, և՛ բիզնես գործունեություն, տուրիզմ, տնտեսական աճ։

Մենք իրականում տնտեսական, սոցիալական աղետի մեջ ենք, դեռ չենք զգում, դեռևս զգում են միայն նրանք, ովքեր հայտնվեցին այսպես ասած՝ սև ցուցակում․ վաղը կզգա մեր երկրի յուրաքանչյուր բնակիչ։ Դուք տեսե՞լ եք ՔՊ-ն խոսի այս մասին։ Ժողովուրդը անհանգիստ է՝ ինչ է լինելու մեր արտադրանքը, մեր գյուղմթերքը, մեր ծաղիկը, մեր եկամտի աղբյուրը, մեր անվտանգությունը, սա գնում-հայտարարում է՝ Ծառուկյանի տները խլելու եմ, Սամվել Կարապետյանը նստելու է, Քոչարյանը նստելու է, «Արարատ ցեմենտը» խլելու եմ, վենդետաներ եմ անելու․ անիմաստ լայլայներ, մարդկանց ընդհանրապես չհուզող թեմաներ և անդադար խժռոց։ Բայց էդ տեղեկատվական աղբը չի կարող չեզոքացնել մեր գլխին գալիքը։

Էն օրը Պապոյանն էր ասում, հիմա Ալենն է ասում, թե` ընդդիմադիրներն են Ռուսաստանին հրահրում ու կոչ անում Հայաստանի դեմ սանկցիա կիրառել։ Ըստ Ալենի՝ ընդդիմադիրները բացատրում են Պուտինին, թե ՌԴ շահերը որոնք են ու ցույց են տալիս, որ Նիկոլը… Այսինքն՝ սա հիմարություն է, ժողովուրդ ջան։ Այսինքն, ըստ ՔՊ-ի, ընդդիմությունը թարգմանում է Ալենի ու Նիկոլի հակառուսական հիստերիան, հեռարձակում է Երևանում Զելենսկու հակառուսական ելույթը ու խնդրում ՌԴ-ին ինքն իրեն պաշտպանի՞։ Լավ, դուք ադեկվա՞տ եք։ Ընդդիմությունը մեռավ զգուշացնելով, թե ձեր քայլերը ինչի են բերելու։ Բա եթե Հայաստանի ընդդիմությունն այդքան ուժեղ է, որ կարողանում է գերտերության վրա ազդել, բա գնացեք, թող ընդդիմությունը գա, մալադեց, որ էդքան հզոր ընդդիմություն ունենք․ բա որ իշխանություն լինի՞՝ ինչ կանի։

Ռուսական արգելքներից հետո իբր օգնության է հասնում Թուրքիան, ու Նիկոլը հայտարարում է, թե՝ Ախալքալաք-Կարս երկաթուղով կարող ենք արտահանել-ներմուծել։ Նիկոլի էկոնոմիկայի նախարարն էլ հայտարարում է, թե կարող ենք այսուհետև արտահանել ապրանքներ Եվրոպական Միություն։ Ծաղկաբույծները, որ ամեն օր մի քանի հարյուր հազար դոլարի ծաղիկ են թափում, խի՞ էսօր հերթ չեն կանգնել Ախալքալաք-Կարս վագոնների մոտ։ Ձեռք եք առնում՝ հասկացանք, բայց ո՞ւմ։ Պապոյանը շուկաներ է ստեղծե՞լ, թե՞ որ երկաթուղին բաց է, ավտոմատ Եվրամիությունում հոլանդական վարդերը փոխարինելու են Զվարթնոց գյուղում աճեցրած կակաչներով։ Էկոնոմիկայի նախարարը, որ Հայաստանի կռծած քարտեզը դոշին կախած ման է գալիս, գնացե՞լ է մի ջերմոցատերի այցի։ Ջերմուկ արտահանողն էլ, կոնյակի խոշոր արտահանողն էլ Նիկոլական են, բա գնա ձերոնց գոնե հարցրու՝ ինչ օրի եք։

Եվրոպա արտահանվող հայկական արտադրանքների մեջ հիմնական տեղը զբաղեցնում են հանքահումքային և մետաղական արտադրանքը, թանկարժեք մետաղներ, քիչ քանակությամբ կոնյակ, գինի, պահածո, չրեր, շատ քիչ՝ թեթև արդյունաբերական և տեխնոլոգիական ապրանքներ։ Քիչ է արտահանվում, ու պատճառը Եվրոպական շուկայի բարձր ստանդարտներն են՝ որակ, սերտիֆիկացում, սննդային անվտանգություն, էկոլոգիական նորմեր, փաթեթավորում։ Դա չի նշանակում՝ հայկականը վատն է, ուղղակի կան ստանդարտներ, որոնց հայկական արտադրանքից քչերին են համապատասխան։ Էլ չեմ ասում, որ փոխադրումները բարձրացնում են ինքնարժեքը՝ դարձնելով ապրանքը ոչ մրցունակ։ Լեզվական խնդիրներն էլ չեմ ասում, որոնք չափազանց կարևոր են։ Այս իշխանությունը 8 տարի հայ-ռուսական հարաբերությունները փչացնելով հանդերձ՝ մեկ քայլ չի կատարել դեպի Եվրոպա առևտրի քանակական ու որակական փոփոխությունների վրա։ Գիտեր՝ ինչ օրի է հասցնելու, բայց բան չի արել։

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Ասուլիս կտա, փաստաթուղթ կստորագրի։ Սա, իհարկե՝ միջամտություն է ՀՀ ներքին գործերին, նախընտրական աջակցություն է Նիկոլին։ Բայց հետաքրքիր է՝ Ռուբիոն հետը հայ ջերմոցատերերի ծաղիկնե՞րն է տանելու Վաշինգտոնի շուկաները լցնի, Ջերմուկ ու կոնյա՞կ է տանելու վաճառի ԱՄՆ-ում, թե՞ արտագնա աշխատանքի մեկնողներին է տանելու։ ԱՄՆ-ն պետքարտուղարը հունիսի 10-ից ինքնաթիռներ է ուղարկելու հայկական ծիրանի հետևի՞ց։ Ռուբիոն թուղթ է ստորագրելու, որ ադրբեջանցիները չե՞ն գա Հայաստանում ապրեն։ Ոչ, ոչ մեկն էլ չի լինելու։ Մնացածը սուտ է։

Ժողովուրդ ջան, ես հենց սա եմ համարում թուրքական գիծ, երբ սրանք Ռուսաստանից տնտեսական կախվածությունը հասցրել են մաքսիմալի և փչացնում են կապերը։

Կարճ ասած՝ բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանը մեզանից լավ գիտի, թե ինչ է սպասվում իր ընտրվելու դեպքում մեր երկրին ու մեր ժողովրդին․ գիտի, որ ՌԴ սակնցիաները աղետաբեր են լինելու, գիտի, որ ԵՄ չենք մտնելու, գիտի, որ ադրբեջանցիներ են գալու Հայաստանում ապրեն, գիտի, որ հողեր է տալու։ Նա ամիս-ամսաթվով գիտի՝ երբ ինչ է լինելու, եթե ինքը մնաց։ Մենք ընդամենը գիտենք, որ 37 մլն շիշ «Ջերմուկ» է արգելվել ՌԴ-ում, այսքան կոնյակ և ծաղիկ, բայց նա հո գիտի, նոր արգելվողների ցանկը։ Նիկոլը լավ գիտի, որ իր օրոք Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի և ավելին՝ սրանք նախազգուշական քայլերն են, և հունիսին սկսելու է սև շրջանը հայկական բիզնեսի համար։ Սա գիտի՝ իր մնալու գինը, բայց ամեն ինչ անում է, որ մնա՝ ի հեճուկս հայ ժողովրդի։ Մնում է պարզել՝ հայ ժողովրդի նկատմամբ նրա թշնամանքի բուն պատճառը։ Գենետի՞կ է։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցում, բայց այժմ բացահայտ սկսել է Ռուսաստանին վերջնագրեր...

Ի՞նչ մեղք են գործել հազարավոր երեխաները, որ Օլիմպավանի դռները կապարակնքեցիք․ Խաչատրյան

Ի՞նչ մեղք են գործել հազարավոր երեխաները, որ Օլիմպավանի դռները կապարակնքեցիք․ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ «Անսահման ու ճղճիմ վրեժխնդրություն․․․․ 70 տարեկան մարդուն ուժով պառկեցնել, առյուծին սպանել, հազարավոր մարդկանց թողնել առանց օրվա հացի՝ կատարյալ անորոշության մեջ։ Լավ, բա Օլիմպավան այցելող հազարավոր...

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով...

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ...

ՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին

ՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը խոր մտահոգությամբ և լիակատար աջակցությամբ իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։ «Այս դժվարին օրերին մաղթում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին...