Ասում են՝ ուզում ես իմանալ մարդու իրական դեմքն ու տեսակը, նրան իշխանություն տուր: Եթե էությամբ մեծ մարդ է, կշենացնի երկիրը, կստեղծի հարգանքի ու վստահության մթնոլորտ, եթե մանր է ու հիշաչար՝ պետական ապարատը կսարքի իր մանկական բարդույթներն ու անձնական մուռը հանելու գործիք: Նորմալ երկրներում ղեկավարը քնում-արթնանում է մտածմունքով՝ ոնց անի, որ տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր բացվեն, մարդիկ լավ ապրեն, խաղաղ լինի երկրի ներսում ու դրսում։ Բայց ի՞նչ է լինում, երբ երկրի ղեկավարությունը ստանձնում է դասական «աբիժնիկը»։ Այդ երկրում ղեկավարը քնում-արթնանում է մեկ մտքով՝ ո՞վ իմ հասցեին թթու խոսք ասաց երեկ, 5 տարի առաջ, 15 տարի առաջ, համալսարանում, մանկապարտեզում, ով է իմ տեսանյութի մասին վատ կարծիք հայտնել, ով է ինձ խանգարում այսինչ բանն անելուն, նրա հետևից կուղարկեմ Քննչական կոմիտեին, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, դիմակավորված հատուկջոկատայիններին, Հարկայինին և ընդհանրապես՝ բոլորին։ Պետական շահը այս դեպքում խոցված էգոյի գերին է։
Փաշինյանի օրինակը հենց դա է։ Նաև Ծառուկյանի նկատմամբ Նիկոլի գործողությունները հենց քաղաքական աբիժնիկություն են։ 70 տարեկան մարդուն տասնյակ ուժայիններով լակոտ-լուկուտավարի գետնին տապալելը հենց աբիժնիկությունն է։ Լակոտ-լուկուտավարին մեղմ բառ է, որովհետև իրեն հարգող, ուսադիր կրող ոչ մեկը չէր անի։ Դրանք եթե 10-10 հոգով հարձակվեին Ծառուկյանի վրա ուրիշ իրավիճակում, բոլորին կտապալեր, բայց հիմա նրանք օգտվել են էն հանգամանքից, որ չի պաշտպանվում, չի դիմադրում ու տղա են խաղում։ Էսօր բացեցի կադրերը, երբ էն ադրբեջանցին անցել էր սահմանը և հայի էր սպանել, էն որ Նիկոլը արտահանձնեց, տեսա, որ նրան բռնելիս ԱԱԾ-ն նման տեսարան չի բեմադրել։ Բացեցի էն կադրերը, որ երկու հոգի առանձնակի դաժանությամբ սպանել էին երեխաներին և մորը․ դրանց էդպիսի դաժանությամբ չէին բերման ենթարկում։
Ծառուկյանի նկատմամբ այլ է, որովհետև մարդասպանները Նիկոլի համար հակառակորդ չեն, ինքն էլ քիչ թվով մարդկանց չի տարել մահվան բերան։ Հիշո՞ւմ եք, մի քանի տարի առաջ որ սա հրամայել էր մարդկանց փռել ասֆալտին, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը խուզարկում էին, բան չէին հայտնաբերում, բայց խնդրում էին թույլ տալ իրենց փռել ասֆալտին, որ նկարեն՝ Նիկոլը նայի։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը էդ կինոն որ նկարել է, մենակ Նիկոլի դիտելու-բավարարվելու համար է, կարծում եմ։
Չկա, չէ՞, մարդ, որ մտածում է, թե Ծառուկյանի նկատմամբ այս ամենը արվում է օրինականություն հաստատելու համար, չկա չէ՞ մարդ, որ մտածում է, թե Ծառուկյանը հանցագործ է, արդարադատությունը պատասխան է պահանջում։ Անգամ ՔՊ-ում, վստահ եմ, չկա էդպիսի մեկը, որ տենց է մտածում։ Ծառուկյանի հետևից է ընկել, որովհետև մեր երկրում բռնապետություն է։ Անկեղծ ասած՝ որ Նիկոլին ուզում եմ անվանել բռնապետ, խնդալս մի տեղ գալիս է, որովհետև ախր բռնապետներն էլ են, ամեն դեպքում, լուրջ մարդիկ։ Դրա համար էս կարգի ղեկավարման անունը սխալ չեն նրանք, որ դրել են խուժանապետություն կամ լակոտապետություն։
Ծառուկյանի արժանապատվությունը մնաց բարձր անգամ այդ խայտառակ տեսանյութում, բայց մեր ուժայինների պատիվը փռվեց ասֆալտին, էդ դիմակները հենց ամոթը ծածկելու համար էին։ Երեկվա ֆիլմի հեղինակը, ներսում գործող բոլոր անձինք, դրանց ղեկավարները, Քննչականի ու ԱԱԾ-ի այսօրվա ղեկավարներն այն անձինք են, որ իրավունք չունեն պագոն կրելու՝ դա խայտառակելու պատճառով։ Իշխանություն կփոխվի, կմնա, ինչ կլինի, նրանք պղծում են ուսադիրը։
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունենում բացառապես հաշվեհարդար։ Կռահում ենք՝ որ խոսքի համար է․ ըստ երևույթին՝ որ քարոզարշավի ժամանակ լրագրողի հարցին պատասխանում է, թե՝ «Եթե Ծառուկյանը շպիոն է, թող ինձ գնդակահարեն, եթե չապացուցվի՝ պետք է գա, մտնի իմ առյուծի մոտ»։ Էս ա։ Մարդամեկը ասաց, թե՝ «բոմժ եմ սարքելու առյուծի տիրոջը»։ Նրան կալանավորեցին, բիզնեսները կապարակնքեցին, առյուծներին գողացան, մեկին էլ սպանեցին։ Գիտե՞ք, աբիժնիկությունից վատ բան մեկ էլ երախտամոռությունն է։ Համաձայն օդում կախված ու չհերքված տեղեկությունների՝ Ծառուկյանը Փաշինյանին առյուծներից ավելի շատ է կերակրել։
Ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի նկատմամբ, նրան չի սնանկացնի, բայց հայկական բիզնեսի ու տնտեսության հերը անիծող ևս մեկ քայլ է, այն էլ հիմա, երբ արտահանման արգելքը տնտեսությունը կոլապսի է բերում։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի բոլոր ձեռնարկությունները խուզարկել ու կապարակնքել են՝ հյուրանոցներ, ցեմենտի գործարան, կոնյակի գործարան, մարզասրահներ, բենզալցակայան և այլն։ Ընդ որում, դա արել են վնասելով, օրինակ՝ ցեմենտի գործարանին մեծ վնասներ են տվել՝ արտադրական ցիկլը խափանելով։ 70-ից ավելի տեղ են խուզարկել, կապարակնքել։ Կրկնում եմ, Փաշինյանը Ծառուկյանին բոմժ սարքել չի կարող, բայց բոմժ կարող են սարքել էն քաղաքացիներին, որոնք օրվա հացը վաստակում են Ծառուկյանի շնորհիվ, իսկ նրանց թիվը 10 հազարի շրջանակներում է։ Ծառուկյանը քաղաքական հայտարարություն է արել, բայց հիշաչար Նիկոլը․ իհարկե՝ նույն բառն է, բայց այս դեպքում աբիժնիկ բառն ավելի է սազում, պետական տեռորի ողջ մեքենան ուղղեց նրա դեմ և այդպիսով՝ նաև տնտեսության դեմ, ժողովրդի սոցիալական վիճակի դեմ։ Ուղղակի էս խլել-փակելու գործընթացում ինչու են դնում՝ «վերադարձնել ՀՀ-ին», «պետությանը պատճառված վնաս» և այլ արտահայտություններ, չեմ հասկանում։ ՀՀ-ն կապ չունի, դա թշնամական երկրի պատվեր է՝ ՀՀ-ին ու հազարավոր քաղաքացիներին վնասելու համար։
Անգամ առյուծին ոչնչացրին, երևի՝ «վանդակը մտնելու» թեման փակելու համար։ Ժողովուրդ ջան, սա արդյո՞ք հոգեբանական շեղում չէ։ Թող համապատասխան մասնագետները բացատրեն, թե սա ինչ է, երբ մեկ հոգու վրա դու ծախսում ես պետական այդքան ռեսուրս, այն էլ ապօրինի, Սահմանադրությամբ անկախ ինստիտուտներ ես տապալում՝ մասնակից դարձնելով հանցավորության, մարդկանց ես թողնում անգործ՝ քո ցանկությունների բավարարման համար։ Սա ի՞նչ է, եթե ոչ ինչ-որ հիվանդության արդյունք։ 10 հազար քաղաքացի, գուցե 10 հազար ընտանիք հացից զրկվում է, որովհետև երկրի ղեկավար աշխատողը, այն էլ՝ ոչ լեգիտիմ, նաև աբիժնիկ է։ Նիկոլը գիտի, որ ոչ մեկ չի հավատում իր ու իր Քննչականի հորինած տեքստերին, թքած էլ ունի՝ հավատում ենք, թե չէ․ ինքը ասել է վենդետա է լինելու, ու լինում է։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ասում է՝ այո, ես լեգիտիմ ղեկավար չեմ, այս մեթոդներով ընտրվել եմ, և սրանք են նաև իշխանությունը պահելու իմ մեթոդները։
Երբ երկրի ղեկավարը հիշաչար է, երկիրը դատապարտված է։ Այս մարդը պատրաստ է հիմնահատակ քանդել ամեն ինչ, միայն թե բավարարի իր քինախնդրությունը։ Մեր զարգացող, շենացող երկիրը նման՝ 50 տարով հետ շպրտվելու, մեր հայրենիքի մի մասը կորցնելու պատճառը հենց դա է, որ այդ մարդը երկիրը կառավարելը դրեց մի կողմ և սկսեց իր անձնական ամբիցիաները, հիշաչարությունը բավարարել։ Ու արդեն 8 տարուց ավելի է՝ մենք հա կորցնում ու պարտվում ենք այդ պատճառով։ Նա ուղղվող չէ, նա ատելությամբ, թույնով լեցուն պարկ է, ու քանի նա իշխանության է, այդ թույնը տարածելու է ամենուր։
Սևակ Հակոբյան






