«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանափոխությունից հետո տարբեր միջոցառումները, ըստ այդմ` բյուջեի փողերը բաշխվում են 2 ընկերությունների միջեւ՝ «Դոփինգ սփեյս» եւ «Ֆակտորի Փրոդաքշն»։ «Ֆակտորին» հիմնադրվել է 2017-ին, 2018 -ից սկսել է մասնակցել պետական գնումների գործընթացին, իսկ 2023-ից առաջատարներից է։
Այս ընկերությանն է վստահվել Հայաստանում միջոցառումների մեծ մասի կազմակերպումը։ Օրինակ՝ 2022 թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար ստացել է 750 միլիոն դրամ։ 2020 թ. Ամանորի միջոցառումների համար Երեւանի քաղաքապետարանից` 137 միլիոն դրամ։ 2018 թ. Ֆրանկոֆոնիայի գալա համերգի համար ԱԳՆ-ից` 76 միլիոն դրամ։ 2018 թ. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի համար ԱԳՆ-ից` եւս 54 միլիոն դրամ։
Ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն»-ը 2018-2026 թթ. պետական տարբեր մարմինների հետ կնքել է 50 պայմանագիր` 5.7 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Միայն այս տարի ընկերությունը վարչապետի աշխատակազմի հետ ծառայությունների մատուցման 1.7 մլրդ դրամի պայմանագիր է կնքել։ 2 պայմանագիր էլ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության հետ է կնքվել` 4 մլն դրամ արժեքով։ Իսկ Երեւանի քաղաքապետարանի հետ 2025-ին կնքած 4 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 771 մլն դրամ։ Պայմանագրերի մեծ մասը կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: 2023-2026 թթ. 25 պայմանագրից 17-ն առանց մրցույթի է կնքվել։
Նման պայմանագրերը, որպես կանոն, կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Հավելենք նաեւ, որ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ «Երեւանի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» «Ֆակտորի Փրոդաքշն»-ի տնօրեն Ռուդիկ Տեր-Գալստյանը պարգեւատրվել է Էրեբունի-Երեւան 2800-ամյակի հուշամեդալով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ «Հրապարակ» օրաթերթում։






