Սննկացում, ռեկետ, աղքատացում․ Ինքնիշխանությունը՝ ըստ Նիկոլի․ «Կարճ ասած»

9 Հուլիսի, 2026

Բողոքի ակցիա էին անում «Արարատ ցեմենտի» աշխատողները՝ գործարանը բացելու պահանջով․ վարկեր ունեն, պարտքեր ունեն, ընտանիք են պահում։ Զուտ Փաշինյանի կապրիզների պատճառով փակել են բիզնեսներ, տասնյակ հազարավոր անձինք մնացղել անգործ։ Նիկոլն ուզում է վատություն անել Ծառուկյանին՝ բիզնեսներից որը փակելով, որը խլելով։ Բայց դրանով վատություն են անում հազարավոր ընտանիքների՝ զրկելով ապրուստի միջոցից, անհարմարություններ պատճառելով։ Ասենք՝ փակել են սպորտային ակումբը, որն ունի բազմաթիվ աշխատողներ, բայց նաև ունի հազարավոր այցելուներ։ Ու հետաքրքիր է՝ եթե բողոքի ակցիա չանեին աշխատողները, ցեմենտի գործարանը կհամաձայնեի՞ն բացել։ Առաջ բողոքում էին, թե՝ սահմանափակեք Իրանից ցեմենտի ներկրումը, որ հայկական արտադրանքը չտուժի, բայց կառավարությունը, ընդհակառակը, հայկական արտադրանքն է փակում։

Այսօր ասում է՝ «Մեր տնտեսվարողները պետք է հարմարվեն. սա ՀՀ ինքնիշխանության ամրապնդման ճանապարհն է»։ Երևի նկատի ունի գյուղարտադրանքը կամ ողջ արտադրանքը։ Իսկ ինչի՞ն պետք է հարմարվեն, վնասով աշխատելո՞ւն, անհիմն խուզարկումների՞ն, բիզնես խլելուն կամ փակելո՞ւն։ Ինչո՞ւ պետք է հարմարվեն, տնտեսության քանդումը ե՞րբ դարձավ ինքնիշխանության ամրապնդում։ Գյուղմթերքի արտահանման հերն անիծել են, հիմա ասում են՝ այլ շուկաներ ման եկեք, հարմարվեք։ Ինչի՞ հարմարվեն։

Թե բա՝ Մարտա Կոսը ծիրանը Եվրոպա է հասցնում, եկեք ազգովի ուրախանանք, որ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, բայց առանց մաքսի արտահանելու ենք ԵՄ։ Բայց պաշտոնական թվերն ես նայում՝ հայկական գյուղմթերք Եվրոպա ամբողջ հունիս ամսին չի գնացել։ Ընդամենը 45 կգ ելակ, մեկ էլ բիբար ու կեռաս՝ երկու երկիր։ Այդքանը։ Սրա վրա, ասում է, եկեք ուրախանանք։

Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ ենք էդ գինը տալիս՝ արտադրողը, արտահանողը, գյուղացին։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանում ապրող հայերը հայկական ծիրանը չառնեն որպես հայկական, առնեն որպես ադրբեջանական կամ պարսկական, գնան՝ փնտրեն հայկական ծիրան։ Ինչո՞ւ պետք է հայկական ծիրանը անցնի երկար ճանապարհ և, ըստ մամուլի, որպես ադրբեջանական կամ ուզբեկական հայտնվի Ռուսաստանում։ Սա քո արտաքին քաղաքականության ձախողումն է։ Ինքնիշխանություն-բան՝ լոլոներ են, գնա պատմիր քո կուսակիցներին ձեր ժողովներում, գնա իրենց համոզիր, ձեզ համոզիր։ Ակնհայտ է, որ մենք մեր բարեկամ երկրին սարքել ենք թշնամի, ու ակնհայտ է, որ դա եղել է քո ձեռամբ, քո գործողություններով, քո որոշումներով, ձեր թշնամական վերաբերմունքի արդյունքում։ Վա՞տ էր, որ ապրանք էլ էր գնում, գազն էլ էժան է, հոսանքն էլ․ ինչո՞ւ պետք է ազգովի վճարենք քո ձախողակության և արկածախնդրության համար։ Քեզ ժողովուրդը դա է ասում, ոչ թե հավատում է կամ չի հավատում՝ Եվրոպա կհասնի ապրանքը թե չէ, երբ կհասնի կամ չի հասնի, ֆիտոսանիտարական նորմերին կհամապատասխանի, թե ոչ։ Տարիներ ի վեր հայկական ծիրանը գնացել է ՌԴ, և որևէ նորմի խնդիր չի եղել, բողոք չի եղել, առել-տարել են, բիզնես են արել, փող է մտել բյուջե ու գյուղացու գրպանը։

Հիմա սրանք քանդել են համակարգը ու սկսում են մսխել հարկատուների փողերը․ ասում են՝ եթե որևէ մեկը կարողացավ արտահանել ծիրան, պետբյուջեից նրան կվճարենք փոխհատուցում մեկ կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղձի համար՝ 250 դրամ, կեռասի համար՝ 400 դրամ, կոնյակի մեկ լիտրի համար՝ 830 դրամ, հանքային ջրի համար՝ 150 դրամ, ծաղկի համար՝ 37 դրամ, իսկ եթե ԵՄ է արտահանվում՝ 50 դրամ հատի համար։ Հունիս ամսվա փոխհատուցումը 3 միլիարդ 140 միլիոն դրամ է։ Արտահանման գլխավոր ուղղությունը քանդել են, հարկատուներիս փողերից փոխհատուցում են միլիոնավոր դոլարներ․ հունիսի համար՝ 8 միլիոն դոլարից ավելի։

Այն գումարները, որ հարկատուն վճարում է երկրի զարգացման, երկիրը երկիր դառնալու համար, սրանք դա տալիս են որպես իրենց բերած աղետների փոխհատուցում։ Փողը, որ պետք է դառնար թոշակ, աշխատավարձ, դպրոց, ճանապարհ, անվճար ուսուցում, գնում է Նիկոլի բերած աղետի թեթևացմանը, այն էլ՝ ոչ բոլորին։ Հազարավոր մարդիկ լոլիկը, ծաղիկը, թութը թափել են, նրանց փոխհատուցում չկա, փոխհատուցումը միայն արտահանողներին է։ Իսկ նրանք ինչո՞ւ են թափել․ որովհետև Նիկոլը քանդել է արտահանման հիմնական ուղղությունը, նոր շուկա չի ստեղծել։

Հիմա էլ ասում են՝ գազն էլ կարող է թանկանալ։ Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ պետք է թանկանա, ինչո՞ւ այս ամենը եղավ մեզ հետ․ որովհետև դու գնում-ընկնում ես եվրոպացիների ու չգիտեմ ում խելքի՞ն։ Ռուսն ասում է՝ իմ երկրի շահերն եմ պաշտպանում, ասում է՝ ինձ հետ մի՛ թշնամացիր, բայց որ թշնամանում ես, պատրաստ եղիր քո ժողովրդին դրա պատասխանը տալ։ Հիմա մեր ժողովուրդը քեզ, որպես հայ ժողովրդին ներկայացնող, ճիշտ է՝ չընտրված, բայց պետությունը ղեկավարող անձ, էդ հարցն է տալիս, էդ պատասխանն է պահանջում՝ ինչի՞ պետք է ես այ էս գինը տամ, ինչի՞ պետք է ես չկարողանամ ծիրանը հանգիստ արտահանել, դու էլ ուրախ լինես, որ բերքը շատ քիչ էր։ Իսկ եթե շատ լիներ, ի՞նչ էիր ասելու։ Ռո՞ւսն է մեղավոր։

Իսկ ինչի՞ է ռուսը կամ որևէ այլ մեկը մեղավոր, ոչ թե դու, կասե՞ս։ Չէ՞ որ դու էս 8 տարում բացի աղետից ուրիշ բան չես բերել։ Առյուծին քնացնում-սպանում եք, ասում եք՝ ծեր էր։ Դրա համար չարթնացավ քնեցումից, այլ ձեր ապօրինի գործողությունների։ Տարիքը մեղավոր չէր։ Ոչ էլ մեր գյուղմթերքի չարտահանման համար մեղավորը որակն է կամ Ռուսաստանը, ոչ էլ Արցախի հանձնման մեղավորը Ալմա-Աթայի հռչակագիրն է, ոչ էլ գաղափարախոսությունն է սխալ, ինչպես դու ես ներկայացնում։ Շատ էլ ճիշտ, ազգային գաղափարախոսություն էր, մեր հայրենիքն էր՝ 41 հազարից ավելի քառակուսի կիլոմետր, ոչ թե հիմա քո դոշին կախած 29 հազար 743 քառակուսի կիլոմետրի նման, որի մի մասն էլ չես տիրապետում։ Հայրենիքը 40 հազար քառակուսի կիլոմետրից ավելի էր, մենք էլ երջանիկ էինք, որ գնում էինք Արցախ, մեր եկեղեցիները, մեր հողը, ժինգյալով հաց էինք ուտում, չէինք ուզում, որ մեր երկրում ամեն օր պղծեն մեր դարավոր կոթողները, քանդեն գերեզմանները և հայկական սիմվոլները։ Էս ստորացումներին պետք է չենթարկվեինք, բայց եկավ-մեր գլխին կպավ, որովհետև պատճառը դուք եք։ Ամեն ինչն եք վարի տալիս ու արդարանում։ Մեղավորը դուք եք, միայն դուք։

Կարճ ասած՝ մարդամեկն ասում է՝ «Մեր տնտեսվարողները պետք է հարմարվեն. սա ՀՀ ինքնիշխանության ամրապնդման ճանապարհն է»։ Ես չգիտեմ ձեր հասկացած ինքնիշխանությունը որն է, բայց հերիք չէ՞, ինչքա՞ն մենք պետք է զիջենք, նվաստանանք, հանձնենք, տառապենք էդ ձեր պատկերացրած ինքնիշխանության համար։ Ո՞ւր, մինչև ո՞ւր պետք է զիջենք։ Հերիք չէ՞ քո արկածախնդրության պատճառով վարի գնանք։ Սրանք ինքնիշխանություն բառի տակ թաքցնում են իրենց տապալումները։ Քանի դեռ նա այնտեղ նստած է, ազգովի շարունակելու ենք վճարել նրա ձախողումների գինը։

Սևակ Հակոբյան

 

Նմանատիպ նյութեր

Եվս մի ՔՊ-ական է հրաժարվել մանդատից

Եվս մի ՔՊ-ական է հրաժարվել մանդատից

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի ղեկավար։ Այս մասին գրել է Տավրոս Սափեյանը։ «Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների...

Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ

Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 9–ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16.50–ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում 4–րդ ոլորանից գլորվելով ու բախվելով ծառերին, հայտնվել է 5–րդ...

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց. «Փաստինֆո»

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց. «Փաստինֆո»

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակեցին։ Նա կալանքը կկրի տանը։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանն հայտնել է, որ Վերքննիչ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության առաջաին...

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցում, բայց այժմ բացահայտ սկսել է Ռուսաստանին վերջնագրեր...

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով...