Այսօր խորհրդարանը քննում էր հակակոռուպցիոն կոմիտեի հաշվետվությունը։ Այդ հաշվետվության ժամանակ պարզ դարձավ, որ, օրինակ, 2025թ․ արդյունքներով, 890 վարույթ է հարուցվել, որից 617-ը կարճվել է։ Այսինքն՝ հարուցված քրգործրի 69,5 տոկոսը կարճվել է, մի մասն էլ դատարանում է կարճվում։ Հարուցում են քրգործեր, թե՝ թալան ենք հետ բերչում, այդ մասին աղաղակում են, ռեպորտաժներ են սարքում, ԱԺ-ում ՔՊ-ականները ելույթներ են ունենում, սաղին անվանում թալանչի, հետո քրգործերը կարճվում են գաղտնի։ Հակակոռուպցիոն մարմինն ասում է՝ թալանից պետության է վերադարձվել 1 մլրդ 600 մլն դրամ, այսինքն 4 մլն դոլարից մի քիչ ավելի, բայց 8 մլն դոլար պարգևատրվել են։ Այսինքն թալանի վերադարձի մասին մեծ թվեր չկան, բայց կան մեծ թվեր այսօր բյուջեն լափելու մասին։ Ու ՔՊ-ականները լարվում են։ Սա էսօրվա լարվածության պատճառն էր։
Երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ցույց տվեց, որ հազիվ է մնում ադեկվատության սահմաններում, սակայն Ագնեսայի, Քրիստինեի հարցերից, արդեն, արեց այն, ինչ հաճախ է անում, անիմաստ գոռգոռաց և ապավինեց դերասանության տաղանդին։
Ամեն երրորդ շաբաթը իշխանության թիվ մեկ ճյուղը՝ օրենսդիր մարմինը և ամեն հինգշաբթի իշխանության երկրորդ ճյուղը՝ գործադիրը, վերածվում են թատրոնի, վերածվում են կրկեսի, վերածվում են պոպուլիստական ու մանիպուլյացիոն սցենարներով ներկայացումների։ Ժողովուրդը այդ կառույցներից սպասում է իր կյանքում դրական փոփոխությունների միտված օրենքների ու որոշումների, բայց տեսնում է ամբաղ-զամբաղ ելույթներ։ Վերցնեմ ԱԺ վերջին հարցուպատասխանը։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ձայնագրություն է միացնում 3 տարվա վաղեմության, որտեղ մարդամեկն ասում է՝ եթե խաղաղության պայմանագիրը չունի երաշխավոր, ընդ որում՝ ազդեցիկ գերտերության, ուրեմն կարող է դա կնքեն, 12 ժամ հետո լինի պատերազմ։ Երեք տարի հետ Նիկոլը նախաստորագրում է պայմանագիր՝ առանց երաշխավորի։ Պատգամավորը հարց է տալիս՝ էն ժամանա՞կ էիք ստում, թե՞ հիմա։ Նիկոլը ընկնում է պեչենու բաղերը, թե՝ փոդքաստ է նայել, Էյնշտեյնի մասին բաներ են բացահայտել, տեսել է, որ աշխարհը փոխվում է, իրենք էլ են փոխվում, գաղափարներն էլ են փոխվում, ով դեբիլ չէ փոխվում է և այլն։ Գիտե՞ք, պետությունները կազմում են մինչև անգամ 100 և ավելի տարիների ծրագրեր, ռազմավարություններ ու էսօրվանից անում են այնպես, որ դա իրականանա։ Դուք երեք տարի առաջ ծրագիր եք պատմել, թե ինչ եք անելու, երեք տարի հետո այլ բան եք արել։ Այսինքն ընդամենը 3 տարա ծրագիրը չեք կարողանում անել, ի՞նչ աշխարհի փոփոխություն։
Աշխարհը փոխվում է, աշխարհը բայց փոխվում է ամեն օր ու էդ ամեն օր փոխվելը ձեր հեղափոխությունից չի սկսել, միշտ փոխվել է։ Բա հմուտ ղեկավարը էն ա, որ էդ փոփոխվող աշխարհում իր երկրի համար օգուտ քաղի, իր երկրի համար էդպես դասավորի, ոչ թե օգտվի առիթից, որ աշխարհը փոխվում է ու սաղ հանձնի։ Ո՞նց է լինում, որ էդ աշխարհի փոփոխությունից Թուրքիան օգուտ է քաղում, Ադրբեջանը օգուտ է քաղում՝ տարածքը առաջ տալիս, Չինաստանը օգտվում է ու տնտեսությունը դարձնում թիվ 1-ը, Ռուսաստանը օգտվում է ու տարածքը մեծացնում, ԱՄՆ-ն օգտվում է ու իր զենքերը ծախում, առևտրի վրա բարձր տոկոսներ դնում ու շահում, իսկ էդ փոփոխվող աշխարհից միակ տուժողը մենք ենք։ Այո աշխարհը փոխվել է, դրա համար էլ մենք էլ ուզում ենք քեզ փոխենք․ որովհետև չի կարող սաղ աշխարհը փոխվի, քո երկիրն էլ փոխվի ու ընկնի կես, բայց դու ստատիկ մնաս։ Չի կարող սաղ աշխարհը փոխվի, անկայունություններ լինեն, մենակ կայուն մնա Նիկոլի աթոռը։
Բայց չի կարող աշխարհի փոխվելը լինեն խոստումները չկատարելու հիմք կամ առիթ։ Այսինքն աշխարհը փոխվեց, Ղարաբաղը, որ Հայաստան էր ու վերջ, դարձավ Ադրբեջան է ու վե՞րջ։
Բայց քո խոստումները մենակ Արցախի մասով չեն, հազար հատ խոստում ես տվել, սաղի վերանայել ես աշպխարհի փոփոխմանը զուգընթա՞ց։ էդ ի՞նչ փոխվեց աշխարհում, որ խոստացել էիր նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ ու չկարողացար։ Էդ ի՞նչ փոխվեց աշխարհում, որ խոստացել էիր շաքարի գործարան բացել, բայց չկարողացար։ Աշխարհում ինչ է փոխվել, որի պատճառով չես կարողանում մետրոն բացել։ Քո խոստումներից մեկը եղել է Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումը, մյուս խոստումդ եղել է արագաչափերի հանումը։ Ասում ես աշխարհը փոխվեց՝ Արցախը հանձնեցի․ բա ի՞նչը փոխվեց, որ չկարողացար արագաչափերը հանել։ Այսինքն՝ ոչ մի բան էլ չի փոխվել էնպես, որ սրանք չկատարվեն։ Արցախի հետ էլ աշխարհի փոփոխությունը կապ չունի, ուղղակի դուք անբաշար եք, անկարող եք։ Ու ցանկացած բան կարող ես խոստանալ այսօր, վաղը գաս ու էլի ասես գիշերը քնելուց առաջ փոդքաստ եմ տեսել, հասկացել եմ, որ փոխվել է աշխարհը, չեմ կարող էսօրվա խոստումներս էլ կատարել։
Այո, մեկ օրում աշխարհը փոխվեց, եղավ պատերազմ, ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածեցին Իրանին, Իրանն էլ՝ 10-ի ավելի երկրի, աշխարհը փոխվեց, ու տարբեր երկրների տուրիստները մնացին փոփոխված Մերձավոր Արևելքում։ Էն որ Նիկոլը ասում է հայաստանցին կոֆե խմելու համար ոչ թե Ջերմուկ է գնում, այլ՝ Հռոմ, էս անգամ էլ կոֆե խմելու համար գնացել է Դուբայ, պատերազմ է եղել, մնացել է էնտեղ․ տարբեր երկրներ կարողացան պայմանավորվել, ինքնաթիռներ հատկացնել, իրենց քաղաքացիներին փրկել-բերել։ Իսկ ՔՊ-ական իշխանությունը, որ քաղաքացուն հռչակել է գերագույն արժեք, ի՞նչ արեց․ փող խնայեց էդ գերագույն արժեքի վրա։ Քպ-ական օլիգարխին փոխկապակցված ընկերությունը սամալյոտի տոմսը մի քանի անգամ թանկացրեց, ու պատերազմական իրավիճակից քաղաքացին թանկ տոմսեր առած՝ փախավ։ Արարատ Միրզոյանն ասում է՝ ուրեմն փող ունի, որ գնացել է հանգստանալու, դե ոնց գնացոել է՝ թող նենց հետ գա։ Դա արտգործնախարարի պատասխան է՞։ Էնքան երկիր կա, որի քաղաքացին ձեզնից բարեկեցիկ է, բայց պետությունն ինքն է իր միջոցներով քաղաքացուն բերել, որովհետև իր համար իրոք գերագույն արժեք է իր քաղաքացին։ Արարատ Միրզոյանը հաշվում է՝ 110 հոգի վերադարձել է․ իսկ ո՞ր մեկն է քո շնորհիվ եկել․ ՔՊ-ականի ընտանեկան բիզնեսը հարստացել է՝ պատերազմի գոտում գտնվող, նեղ վիճակում հայտնվածների հաշվին։
Բայց մի հատ էլ հարց տամ՝ իսկ այս պահին Իրանում, Էմիրաթներում, Իսրայելում, Լիբանանում և այլուր գտնվող մեր քաղաքացիները, ինչ եք կարծում, սրանց հետ հույս կապում ե՞ն։ Վստահաբար՝ ոչ։ Իսկ Հայաստանում բնակվողներս սրանց հետ հույս կապում ե՞նք։
Ինչո՞ւ ծաղրածուն չի դառնում երկրի ղեկավար․ որպեսզի այդ պաշտոնը չանլրջանա։ Մեզ մոտ կարծես ծաղրածուներ չեն վերցրել երկիրը, բայց անլրջացել են երկրի ղեկավար պաշտոնները ու երկրի ղեկավարի նշանակած պաշտոնները։
Կարճ ասած՝ ցավալի իրողություն է, որ մեր երկրում կառավարության, վարչապետ աշխատողի խոսքն արդեն բավականի երկար ժամանակ է, ինչ որևէ արժեք չունի։ Իրենք էլ են տեսնում, որ իրենց ելույթները ծաղրվում են, իրենց խոսքից, իրենց տեսանյութերից մեմեր են սարքում։ Իրենք էլ գիտեն, որ հանրությունը իրենցից սպասելիք չունի։ Ինչպես ասում են, ՔՊ-ն սաղ երգը երգել է, մնացել է վերջին տունը։ Ու դա տրամաբանական է։
Մեր քաղաքացին ոչ միայն մեզ հասած ողբերգությունների, այլև աշխարհի խառնակ իրավիճակի ֆոնին, վստահաբար, հիմա լավ հասկանում է, որ մեզ լուրջ, ուժեղ իշխանություն է պետք․ որը աշխարհի ցանկացած փոփոխությունից օգուտ կքաղի երկրի համար․ ոչ թե կօգտվի առիթից ու վարի կտա՝ հանուն իր թիմի, իր փողի, իր կերի։
Սևակ Հակոբյան






