«Նոր Հայաստանի» նոր «նորմալությունների»… աննորմալությունը. «Փաստ»

13 Սեպտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բացի Արցախի կորստից, հազարավոր զոհերից, 150 հազար բռնագաղթածներից, անվտանգային լրջագույն անկումից, մի խոսքով՝ խոշոր փորձանքներից ու աղետներից բացի, որ անցած ավելի քան 7 տարին բերել են Փաշինյանն ու իր թիմը, նրանք էլ ի՞նչ են տվել մեր երկրի ու հասարակության կյանքին:

Մի խոսքով, էլ ի՞նչ են անում, էլի, Փաշինյանն ու իր քպական թիմը. ի՞նչ են իրենց հետ բերել ու դեռ բերում, ի՞նչ են քարոզում, ի՞նչ «մշակույթ» են ներմուծել քաղաքական, հասարակական հարաբերությունների տիրույթ, ի՞նչ օրինակ են ծառայում երիտասարդ սերնդին: Վերջապես, վերը նշվածից բացի էլ ի՞նչ են թողնելու իրենցից հետո առավելագույնը մոտ 9-10 ամիս անց:

Չենք հավակնում համընդգրկուն հետազոտության, այն էլ՝ թերթային հրապարակման սահմաններում, բայց մի քանի ընդգծում ու արձանագրում, կարծում ենք, արժե անել:

Առաջիններից մեկը, որ ակնառու է ու հարկ է ընդգծել՝ ագրեսիան է:

Այո, ագրեսիան ընդդիմախոսների, ընդհանրապես՝ այլ կարծիք ունեցողների, ազգային արժեքներով ու մարդկային արժանապատվությամբ առաջնորդվողների, բանիմաց ու մտածող մարդկանց և շրջանակների նկատմամբ: Ագրեսիվ վարքը, ագրեսիվ արտահայտությունները Փաշինյանի ու իր թիմի գործունեության հետևանքով մեր հասարակական, քաղաքական նիստուկացում դարձել են բացարձակապես «նորմալ» երևույթ: Հասկանալի՞ է, չէ՞, դեգրադացիայի կամ անկման աստիճանը: Այսինքն, հիմա լրիվ «նորմալ» է համարվում նման վարքն ու դրսևորումը: Ու դա վերջին տարիներին ներմուծվել է հետևողականորեն, չափաբաժին առ չափաբաժին: Եվ այդ «գործում» անվիճելի առաջատարը Նիկոլ Փաշինյանն է: Սկսած «ասֆալտին փռելուց», «պատերին ծեփելուց», «բորդյուր լիզելուց», «շնաբարո դուրսպրծուկներից», վերջացրած բացահայտորեն մուրճ ճոճելով, «ԱԱԾ պադվալները լցնելով», «վիզդ կկտրեմ»-ի հրապարակային ժեստերով ու «մատի փոխարեն այլ բան թափ տալով» և այդպես շարունակ:

Դրան ուղղակիորեն շաղկապված է ու այդ ագրեսիայից են բխում նաև համատարած քաղաքական հետապնդումները, այլ կարծիք հայտնելու համար հալածանքները, որոնք ևս արդեն «նորմալ» են համարվում: Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներին բանտարկելը… «նորմալ» է: Ինչպես «նորմալ» է ազգային Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների հասցեին զազրախոսելը, անվանարկելը, պիտակելը, վիրավորելը: Փաշինյանի ու նրա թիմի նոր «նորմալությունն» է: Ասենք, ինչո՞ւ միայն հոգևորականներին, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր կասեն, որ Փաշինյանի աչքի վերևը հոնք կա, կարելի է վիրավորել, անվանարկել, ինչ ասես՝ ասել, անգամ կարելի է խոշտանգել ու այնպես անել, որ դատարանի դահլիճում մահանա, և դա… «նորմալ» է:

Նմանապես, «նորմալ» է… պետության՝ անհավասարակշիռ վարք դրսևորող, հիստերիկ շարժումներ անող ու տեղի-անտեղի ձայնը գլուխը գցած խոսող ղեկավար ունենալը:

Ի՜նչ ազգային արժեքներ, ի՜նչ պատմություն, ի՜նչ մշակույթ, ի՜նչ եկեղեցի, ի՜նչ հեղինակություններ: Կարելի է ամեն ինչ տրորել, հավասարեցնել ցեխին ու ցեխակոլոլ անել ու դա… «նորմալ» է: Կարելի է Հայոց ցեղասպանությունն ուրանալու ցրցամ տալ, և դա… «նորմալ» է: Կարելի է հրաժարվել Արարատից, ու դա… «նորմալ» է: Կարելի է ուրանալ Արցախը, հանձնել այն, արցախցիներին տնազուրկ անել, , ու դա… «նորմալ» է:

Ի՞նչ է, կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե նշվածները Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «նվաճումները» չեն:

Հաջորդը. արդեն «նորմալ» է քաղաքական շահերի համար քրեականով «ընտանիք(ներ) մտնելը»: «Նորմալ» է նույնիսկ նախկին կուսակցի հեռախոսի անձնական գրագրությունը քչփորելն ու այն հանրայնացնելը: «Նորմալ» է ընտանիքը քաղաքականություն մտցնելն ու «փիառի» առարկա դարձնելը, այդ թվում՝ երեխաներին:

Հա, ու «նորմալ» է հազարավոր այլ երեխաների, երիտասարդների տանել ու մահվան մատնել, հետո «դերասանություն անելով»՝ ասել, թե՝ խոնարհվում եմ նահատակների շիրիմներին: Բայց, միաժամանակ, «նորմալ» է… զոհվածներին պլ յուս-մինուս 50-ով նշելը: Ու արդեն լրիվ «նորմալ» է հազարավոր ծնողների որդեկորույս դարձնելուց հետո կանգնել թիվ 1 ամբիոնի մոտ ու դեմքի էպիկական արտահայտությամբ հայտարարել, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի…»:

«Նորմալ» է:

Նաև «նորմալ» է, որ կարելի է երկիրը փորձանքի մատնել, ասել, թե՝ առաջնորդվում ես վճռականորեն սխալվելու իրավունքով: Այդպես «վճռականորեն սխալվելով» կորուստներ բերել, հետո կանգնել-ասել, թե՝ «հպարտանում եմ մեր պարտությամբ», ու դա… «նորմալ» է: Ինչպես «նորմալ» է շարունակ սխալվելու իրավունքից խոսել, բայց անվերջանալի «կռուտիտներով» ներկայանալ կամ փորձել երևակվել որպես… անսխալական:

Ի՜նչ բարոյականություն, ի՜նչ էթիկայի նորմեր, ձե՞ռք եք առնում, ի՞նչ է:

«Նորմալ» է նաև քինախնդրությունը, ընդ որում, ոչ միայն նորմալ է, այլև համակիրառելի… Այ, ժամանակին դիպլոմ չէիք տվել, դե՝ հիմա տեսեք, թե ձեր բուհն ինչ կդառնա: Ու, ընդհանրապես, բոլորդ գնացեք «ակադեմիական քաղաք»… Ինձ բան էիք ասե՞լ (կարևոր չէ՝ որ թվականին), դե՝ հեսա կտեսնեք ձեր հալը, «իմ ձևով» կլուծեմ հարցերը: Ա՜, դու իմ sms-ով մանդատը վայր չես դնո՞ւմ, լա՜վ, դե հիմա տես…

Ու տեսնում ենք ու տեսնում:

Փաշինյանն ու իր թիմը ներարկում են հանրային կյանք, որ թերուս կամ ընդհանրապես տգետ լինելը «նորմալ» է: Ոչ միայն «նորմալ» է, այլև ընդհանրապես խնդիր չի: Անձեռնահասությունը «նորմալ» է:

Անպատասխանատվությունը «նորմալ» է: Այն ոչ միայն նորմալ է, այլև արդեն նորմ է:

Ի՞նչ մնաց:

«Նորմալ» է հայրենիքը հանձնել ու ասել, թե պետություն ձեռք բերեցինք:

«Նորմալ» է երկիրը դնել թշնամական թելադրանքի տակ ու ճամարտակել ինքնիշխանությունից:

«Նորմալ» է թշնամի ու գործնականում ցեղասպանության ոճիրը շարունակող երկրի ղեկավարի հետ նկարվել՝ նրա ծավալապաշտական գիրքը հուզաթաթավ կրծքիդ սեղմած ու դա անվանել «հարաբերությունների նոմալացում»:

«Նորմալ» է…

Բայց՝ ստո՛պ:

Մեծ հաշվով, այդ կարծեցյալ «նորմալությունը» կամ փաշինյանական «նոր նորմալությունն» իրականում տոտալ աննորմալ է: Ավելին, կա տպավորություն, որ դեպքերի ընթացքը մոտենում է աննորմալության ծայրահեղ կետին, որը հանդուրժողականության վերջին կանգառն է:

…Գիտեք, երևի Նեպալի արդեն նախկին կառավարիչներն էլ էին համարում, որ սոցցանցերը արգելափակելն ու կոռումպացվածությունը նորմալ են: Հայաստանը, այնուամենայնիվ, Նեպալ չէ, բայց… գնացեք կայարանամերձ հրապարակ և ուշադիր զննեք Երվանդ Քոչարի գլուխգործոցը: Ուշադիր նայեք…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...