Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում արձանագրվել են կարևոր ֆինանսական հանձնառություններ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանն աջակցելուն։
Այս արդյունքները Հայաստանի արդյունավետ նախագահության, հետևողական աշխատանքի և միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության կարևոր ձեռքբերումներից են։ Հայաստանի նախագահության ներքո հնարավոր է եղել առաջ մղել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման օրակարգը, համախմբել գործընկերներին և հասնել կոնկրետ ֆինանսական պայմանավորվածությունների։
Ֆինանսական միջոցների մոբիլիզացման ուղղությամբ արձանագրվել են երկու կարևոր նախաձեռնություններ։
- Շուրջ 4.4 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) 2026-2030 թվականների համալրման շրջանակում նախատեսվում է շուրջ 4.4 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսական հատկացում՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրերին աջակցելու համար։
- Շուրջ 60 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսական հանձնառություններ։ COP17-ի ընթացքում հայտարարվել են նոր ֆինանսական պարտավորություններ՝ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամին (GBFF) աջակցելու նպատակով։
Միևնույն ժամանակ, COP17-ի շրջանակում ձեռք են բերվել նաև Հայաստանի համար կարևոր ֆինանսական պայմանավորվածություններ, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն երկրում կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական նախաձեռնությունների և համապատասխան ծրագրերի իրականացման համար։
Այս նախաձեռնությունները կարևոր քայլ են ֆինանսավորման հասանելիության բարելավման, զարգացող երկրների կարողությունների ամրապնդման, ինչպես նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցության ընդլայնման ուղղությամբ։
Ֆինանսական ռեսուրսների ներգրավումն ու դրանց արդարացի և հասանելի բաշխումն առանցքային նշանակություն ունեն կենսաբազմազանության գլոբալ նպատակների արդյունավետ իրականացման և դրանց երկարաժամկետ արդյունքների ապահովման համար։
COP17-ի շրջանակում արձանագրված արդյունքները ոչ միայն միջազգային համագործակցության կարևոր ձեռքբերում են, այլև Հայաստանի արդյունավետ նախագահության շոշափելի արդյունք՝ վերահաստատելով երկրի դերը կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման գործում։






