Նիկոլի 49%-ի կառուցվածքը՝ կետերով․ բա ո՞ւր են ձայները․ «Կարճ ասած»

3 Հուլիսի, 2026

Երբ քաղաքական ուժը, չստանալով ընտրություններում իր ուզած արդյունքը, այնուամենայնիվ, նկարում է հաղթանակ և փորձում ղեկավարել երկիրը, հաշվեք անցում ենք կատարում էլ ավելի վտանգավոր ժամանակաշրջան։ Որ այս ընտրությունները եղել են ամենախայտառակը ՀՀ պատմության մեջ և ամենախայտառակներից մեկը այսօրվա աշխարհի պատմության մեջ, շատերի համար այլևս կասկած չկա։ Բայց ուշագրավ են ընտրակեղծարարների հոխորտանքները, մունաթները։

Փաշինյանն ասում է՝ «Ժողովուրդը գիտի՝ իր ձայնը կեղծվել է, թե չի կեղծվել, ժողովուրդը երեկ էլ էր վստահ, էսօր էլ է վստահ, որ էս շենքում իր ընտրած մարդն է նստած, և միշտ լինելու է իր ընտրած մարդը»։ Խնդալու բան կասեմ, բայց էլի սուտ է ասում։ Այն մարդը, որը 2026-ի ընտրություններով փորձում է այդ շենքում մնալ, դա անում է հակասահմանադրական, հակաօրինական կերպով։ Նրանք գողացել են, ստիպել, կորզել են ժողովրդի ձայնը, այն էլ այնքան, որ իշխանություն լինեն, դա էլ չեն ստացել։ Երբ Փաշինյանն ասում է՝ ժողովրդի ներկայացուցիչն է, թող ասի՝ ո՛ր ժողովրդի, որովհետև նա հայ ժողովրդի ներկայացուցիչը չէ, անգամ քաղաքացիների մեծամասնության ներկայացուցիչը չէ, անգամ մասնակցածների ներկայացուցիչը կոչվելու իրավունքը չունի։ Կարող է թուրք ժողովրդի ներկայացուցիչն է կամ ադրբեջանի ժողովրդի, կամ ՔՊ-ի, բայց հաստատ՝ ոչ հայ ժողովրդի։

Ալեն Սիմոնյանն ասում է՝ «Մենք 65 տոկոս մաքուր ձեն կստանայինք, եթե 100 հազարներով մարդկանց չտանեին ընտրատեղամաս»։ Այս խմբակն ունեցել է մեծ ախորժակ և ամեն քայլի դիմել է այն բավարարելու համար, բայց կարողացել է խփել ընդամենը 49 տոկոս, անգամ 50 չի ձգել։ Իսկ այդքա՞նը ոնց է խփել։ Շատերը գիտեն՝ ոնց, շատերին բացահայտ կաշառելով, պետբյուջեի հաշվին․․․․ Օրինակներով խոսենք․ եթե ՔՊ-ական կառավարությունը ընտրություններից կարճ ժամանակ առաջ բյուջեի հաշվին չլուծեր տաքսիստների՝ մոտ 4 մլն դոլարի հասնող պարտքը, քա՞նի ձայն պակաս կտաներ, 20 հազա՞ր։ Էն հին Նիկոլի ձևով ասեմ՝ առա՞վ․ առա՛վ, իհարկե։ Արդյո՞ք դա ընտրակաշառք չէր։ Եթե Փաշինյանն ընտրություններից առաջ 300 մլն դոլարից ավելի կաշառք չբաժաներ թոշակառուներին, քա՞նի ձայն պակաս կտաներ, 400 հազա՞ր, դե հա, պայմանական, հո սաղ չգնացին իրեն ձայն տային, պարզ է։ Եթե ընտրություններից առաջ չբարձրացնեին Երևանի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձը, քա՞նի ձայն պակաս կտանեին, 10 հազա՞ր։ Ինչու՞ մեկ տարի առաջ չէին անում, ինչու՞ 2 տարի առաջ չէին անում, պահում էին 26 թվի՞ն, բա դե էդ չէ՞ր նպատակը, կարո՞ղ եմ էդպես մտածել։ Եթե ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը պետբյուջեի հաշվին ընտրակաշառք չբաժանեին ժողովրդին՝ սոցօգնության անվան տակ, քա՞նի ձայն պակաս կտանեին, 50-100 հազա՞ր։ Գուցե շատ էլ, ի՞նչ իմանամ, ընտանիքներ են, մարդիկ են, բոլորն էլ կարիք ունեն, սրանք էլ պահում-պահում են, մեկ էլ հոպ՝ ընտրությունից մեկ-երկու ամիս առաջ ասում են՝ էկեք տենանք ինչի՞ կարիք ունեք՝ լուծենք։ Սրա անունը ի՞նչ ա։

Եթե Նիկոլը «պրավայից» զրկվածներին կաշառք չխոստանար, քա՞նի ձայն պակաս կունենար։ Հլը տեսեք ինչ քանակների մասին ա խոսքը, սրանք ո՛չ ամոթ ունեն, ո՛չ աբուռ։ Եթե ՔՊ-ի «Իմ քայլը» հիմնադրամը չխախտեր բարեգործության արգելքը, քա՞նի ձայն պակաս կտաներ։ Եթե չհայտարարեին աղբահանության, անշարժ գույքի, ավտոմեքենայի գույքահարկի՝ մինչև 2018 թ․ պարտքերը ջրելու մասին, քա՞նի ձայն պակաս կտանեին։ Եթե ընտրություններից երկու ամիս առաջ ագրոպարենային ոլորտում անտոկոս վարկերի որոշում չկայացնեին, քա՞նի ձայն պակաս կտանեին։ Էդ ի՞նչ մի որոշեցին տենց լավություն անեն, մի տարի առաջ անեյիք։ ՀԷՑ-ը խլեցին սեփականատիրոջից ու իրականում հենց սեփականատիրոջ հաշվին, բայց դե իրենց դեմքով, այդ աշխատողների մի մասին եթե չասեին՝ «ձեր հոսանքի վարձը այսուհետ ձրի է», քա՞նի ձայն պակաս կտանեին։ Պատկերացնու՞մ եք, Սամվել Կարապետյանն էդպիսի բան նախաձեռներ, հիմա սաղ ղեկավարությունը կալանավորված էր, բայց քանի որ քպական Ռոմանոսն էր, դա դե նորմալ ա, չգիտես ինչու՝ որոշել էր հարսով փեսուն լավություն անել, բայց դե արդյունքի ակնկալիքով էր, բա էլ ինչի համար ափալ-թափալ Կարապետյանին տարան կալանքի, ՀԵՑ-ը զավթեցին, էլ իմաստը ո՞րն էր, իրենց աչքերով։

Զինծառայության ժամկետը ընտրություններից առաջ կրճատեցին, որ ի՞նչ լինի, կասե՞ք, ինչ-որ ուրիշ նպատակ կա՞ դրա մեջ։ Բա անհուսալի վարկառուների պարտքերը ջրելը, էլեկտրամոբիլների գույքահարկը մի 100 հազարով իջեցնելը, քա՞նի ձայն պակաս կտանեին, եթե դա չանեին հենց այս մեկ տարվա և հատկապես վերջին ամիսներին։ Ալենը 65 տոկոսից էր խոսում, բա էդքան որ վստահ էիք՝ ստանայիք․ իրապես արդար ընտրությունների պարագայում մաքուր ձայները քա՞նի տոկոս կլինեին, Ալե՛ն, իմ կարծիքով, էս էղածից մի 10 անգամ պակաս, գուցե ավելի քիչ։ Այս ամենը, նորմալ երկրներում, նորմալ դատախազության և քննչականների դեպքում հանցագործություն կհամարվեր, իսկի ընտրություններին չպիտի հասնեիք, մի փոքր որ այդ պետական ապարատը ծառայելուց լիներ պետության շահերին, ոչ թե ՔՊ-ին։

Եթե ԱՄՆ, ԵՄ ղեկավարությունները ուղիղ չմիջամտեին, ու բացահայտ աջակցություն չհայտնեին, քա՞նի ձայն պակաս կտաներ Նիկոլը։ Բա ձեր ինքնիշխանությունը ու՞ր մնաց, էդ ի՞նչ դրսից տղերք եք բերում։ Ես պատկերացնում եմ՝ Քոչարյանին 2003 թվականին Բուշը, Շիրակը, էլ չասեմ՝ Պուտինը, նախընտրականի ժամանակ տենց աջակցող տեքստ ասած լինեին, մինչև հիմա խոսալուց կլիներ հենց Նիկոլը․ մինչև հիմա։ Եթե ներքաղաքական պայքարին ՔՊ-ի կողմից (դա ակնհայտ էր), չմիանային հակակոռուպցիոնը, քննչականն ու դատախազությունը և Նիկոլի համար չսկսեին հրապարակել ինչ-որ ձայնագրություններ, ափալ թափալ չհարուցվեին քրեական գործեր ընդդիմախոսների դեմ, համապատասխան վարկաբեկող տեքստերով, ՔՊ քաղաքական հակառակորդներին, թեկնածուներին, վստահված անձանց ինչ-որ շատ նպատակային չկալանավորեին, քա՞նի ձայն պակաս կտանեին, և քանի՞ ձայն ավել կտաներ ընդդիմությունը։ Եթե Սամվել Կարապետյանին կալանքի տակ չպահեին, թողնեին իր քարոզարշավն աներ, որքա՞ն կավելանային իր քվեները։ Դե թող Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսեր և հրապարակեր ՔՊ-ականների, նրանց ղեկավարության, նրանց աջակիցների ամբաղ-զամբաղ խոսակցությունները, դրանց ձայնագրությունները՝ ստիպելով միտինգի տանելու, կաշառք բաժանելու, օգնություն բաժանելու, հակաօրինական գործունեության մասերով, քա՞նի տոկոս պակաս ձայն կունենայիք, Ալեն։ Մեծ-մեծ խոսում եք, բա ո՞ւր ա ձեր այդ աջակցությունը, այդ 65 տոկոսը, բա դե թող գային քվեարկեին, խի՞ էիք սաղ պետապարատը մտցնում հանցագործության տակ։ Ու այդքանից հետո էլ, եթե ԲՀԿ-ի քվեները չորով անվավեր չանեիք, քա՞նի մանդատ պակաս կտաներ ՔՊ-ն։ Եթե այդ աստիճան ատելության խոսք, սպառնալիք, վիրավորանքներ չտարածեր մարդամեկը, ժողովրդին չսպառնար, չվախեցներ, քա՞նի ձայն պակաս կտաներ։ Բա որ էդքան ձեզ սիրում են, էդ ու՞մ էիք էդքան սպառնում, թողեիք՝ գային-քվերկեին։ Լակոտի պես, եքա վարչական ռեսուրսը այդքան չօգտագործեիք, ստիպելով, ցուցակագրելով ձեր հավաքներին չտանեիք, տեղամաս հատուկ չտանեիք, չպարտադրեիք քվեաթերթիկները նկարել։ Եթե այդքան գաղտնի ցուցակներ չլինեին, կեղծ ստորագրություններ չլինեին, քա՞նի հազար ձայն պակաս կտանեիք։ 10՞, 20՞, գուցե 200 հազար ձա՞յն, բա ո՞ւր են ձեր աջակցողները։

Սահմանադրական ամենակարևոր սկզբունքներից է՝ ընտրություններում հավասարության սկզբունքը, որը խախտվել է ընտրական ողջ գործընթացում՝ դեռ 1 տարի առաջվանից։ Ո՛չ մասնակից ուժերն են եղել հավասար պայմաններում, ո՛չ էլ նրանց ընտրողները։ Այ հենց դա է հարցը, ու երբ այս ողջ կեղծիքներով բերված ձայները դուրս ես հանում, տակը Նիկոլին ձայն չի մնում։ Այս ընտրություններում երևաց Նիկոլի իրական աջակցությունը։ Իրոք որ, էդ սաղ հանես, տակը մի խմբակ է մնալու։

Նիկոլ անունը, այլևս չի ընտրվում։ 2018-ին, այո, ձայն ստացավ, 2021-ին, այո, էլի ինքն իրենով կարողացավ էշը ցեխից հանել, էլի խաբելով, վախեցնելով, էլի ուժայինների օգնությամբ, վարչական ռեսուրսով, բայց դե ընտրեցին էլ։ 2026-ին, սակայն, նա, վստահաբար կրել է խայտառակ պարտություն։ Փաշինյանը ձայն չի տարել, ձայն տարել է վարչական ռեսուրսը, ձայն տարել են բռնաճնշումները, ձայն տարել են զանազան ընտրակաշառքները։ Այդ ամենը անգամ Ալենի, Աննա Հակոբյանի, անգամ Արփի Դավոյանի օգտին արվեր, երևի մի 80 տոկոս կհավաքեր, բայց Նիկոլի համար գործադրվել է 100 տոկոսանոց պետական ռեսուրսը, ու նա հազիվ հավաքել է 49 տոկոս․ սա՛ է ճշմարտությունը։ Նրա խնդիրը հենց դրանում է, նրա նյարդայնությունը հենց դրանում է, որ ինքն այլևս չի ընտրվում, ինքը իրենով, առանց պետական ռեսուրսների, այլևս զրո է։ Ժողովուրդ, չեմ չափազանցեցնում, իրոք որ, ու՞ր են իր հալալ ձայները։

Նիկոլն, այլևս ունի լեգիտիմության լուրջ դեֆիցիտ և շուտով հայտնվելու է ճգնաժամի մեջ։ Այդ դեֆիցիտը թույլ չի տալու իրեն ղեկավարել։ Ինչքան էլ ճոռոմ խոսքեր ասի, ինչքան էլ թռնի վերև, իջնի ցած, նա գտնվում է լեգիտիմության ճգնաժամի մեջ, իրեն չեն ընտրում։ Դա ասում են ոչ միայն խորհրդարան անցած ու չանցած ուժերը, ասում է ամբողջ ժողովուրդը, տեսնում է ողջ աշխարհը։ Բոլորն են, չէ՞, տեսել պետական ընտրակաշառքը, ընդդիմադիրների վրա գրոհները, խուզարկությունները, ձայնագողությունը։ Նրա դրսի գործընկերներն են ապացույցները տրցակներով հավաքել ու պահում, որ պետք եկած ժամանակ իր դեմ օգտագործեն ու ստանան։ Արևմտյան ուժերն ու տարբեր դեսպանատներ այդ կեղծիքների տրցակներն օգտագործելու են որպես վզկապ՝ Նիկոլին իրենց ուզած ուղղությամբ քաշելու համար։

Սրան տեսեք հլը, մեր երկիրը թաղել է պրոբլեմների ու կորուստների մեջ, զոռով իշխանություն է պահում, ուզում է տպավորություն ստեղծել, թե մեր երկրում գլխավոր պրոբլեմն այն է, որ Քոչարյանը ազատության մեջ է։ Ասում է՝ «Մարդիկ ինձ կոնկրետ ասում են՝ խի՞ ա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ»: Սուտ է, մարդիկ քեզ հարցնում են՝ ինչո՞ւ 20 թվականի նոյեմբերի 9-ին ինքնասպան չեղար, ինչո՞ւ 5000 զոհերի ու դավաճանության համար դատված չես։ Մարդիկ էդքան հիմար չեն, որ ամբողջ երկիրը վարի տաս ու հիմարացնես, թե՝ մեր երկրի պրոբլեմը Քոչարյանն էր, հիմա էլ նաև Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանն են։ Քոչարյանը 18 տարի իշխանության չէ, մարդուն տարիուկես ապօրինի կալանավորել ես տվել, Սամվել Կարապետյանը մի տարուց ավելի՝ ապօրինի կալանքի մեջ է, ու մեր երկրում բա՞ն է փոխվել դեպի լավը։ Ո՛չ, չի փոխվել ու չի էլ փոխվելու, որովհետև մեր երկրի պրոբլեմն ու փորձանքը Փաշինյանն ինքն է ու իր հետ հավասար՝ մեր երկիրը կուկուռուզի պես կրծող իր պրոթուրքական թիմը։

Կարճ ասած՝ հանեք Նիկոլի տակից պետական բյուջեն, պաշտոն կորցնելու վախով ապրող պետաշխատողին, քննչական, դատախազական, հակակոռուպցիոնին, ոստիկանական մահակը, ու նրանից կմնա միայն իր շլյապը։ Նա այս ընտրություններին մասնակցել է ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես պետական բյուջե։ Ու եթե անգամ այդքանից հետո է նման արդյունք գրանցել, կարող եք համարել, որ Նիկոլ Փաշինյան երևույթը, որպես ժողովրդի ներկայացուցիչ, «ժողովրդի վարչապետ» ժողովրդի ծոցից ելած, այլևս չկա, կա պետական իշխանությունը ուզուրպացրած մեկը։ Նա մարդկանց վախեցնում է, որովհետև մահու չափ սարսափում է իր ապագայից։ Այս ընտրակեղծիքների ու լեգիտիմության դեֆիցիտի գինը Նիկոլը չի վճարելու, վճարելու է Հայաստանը։

Մի բան, այնուամենայնիվ, կուզենամ, որ միշտ հիշի․ այն, ինչ արել է Փաշինյանը մեր պետության ու ժողովրդի հետ, այդ հանցավորության մեծ մասը վաղեմության ժամկետ չունի։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պուտինն այսօր այցելել է զորքերի միացյալ խմբավորման օժանդակ հրամանատարական կետերից մեկը։ Նա նշել է, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունը...

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական...

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արձագանքելով այսօր ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, գրում է. «Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով...

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հաղորդում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել Միացյալ...

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելը, հնարավոր է, փորձել է սպանել իրանցի հիմնական բանակցողներին՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ...