«Ես ուզում եմ մի բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել։ Ինքը հարց է տալիս, ինքը չի պնդում, ասում է՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք դա է վերջին նախապայմանը, որովհետև կարող է պարզվել՝ անկլավների նախապայման կա, որ վերադարձի պայման կա ադրբեջանցիների․ ինքը նույնիսկ վստահ չէ, հասկանո՞ւմ եք։ Դա այն է, ինչ մենք տարիներ շարունակ ասում ենք։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի մի հայտարարություն ևս տարիներ առաջ, որ ասում էր․ «Մենք չգիտենք՝ Ալիևի կարմիր գծերը որտեղ են»․ մենք հիմա զիջում ենք, զիջում ենք, բայց չգիտենք վերջին կարմիր գիծը որտեղ է։ Տարիներ են անցել, մենք դեռ նույն կետում ենք, որ Նիկոլ Փաշինյանը զիջում է այն հույսով, որ էլ նախապայման չի լինի, բայց շարունակվում են այդ նախապայմանները։ Եվ այդ համոզմունքը ոչ միայն ուղղակի իմ մտորումների հետևանք է, այլ փաստերի հիման վրա ձևավորված եզրահանգում, որ որևէ զիջում չի բերելու վերջնական կետին։ Ինքը բառացիորեն դա ասում է, այսինքն՝ այդտեղ աներկբա հարցադրում է, որ ինքը նույնիսկ չգիտի՝ դա վերջի՞նն է, թե՞ այլ բաներ են առաջ գալու։ Հետևաբար, ինքը, վերցնելով ընդդիմության ներկայացուցչի հարցը, պետք է գնա Ադրբեջան, խոսի դրա մասին և, եթե կարողանա, համոզի իր «կիրթ և կառուցողական» գործընկերոջը, որ մի թուղթ տա գոնե ձևական, որով ինքը կգա Հայաստան ու կասի․ «Տեսե՛ք, թուղթը բերել եմ, վստահեցնում եմ, քվեարկե՛ք»։ Դե, իսկ քվեարկությունից հետո պատկերացնո՞ւմ եք՝ ընտրություններն ինչ մակարդակի պետք է անցկացվեն, այդ Սահմանադրությունն ընդունվի, նոր կստորագրվի։ Համենայն դեպս, ինքը ևս վստահ չէ․ պետք է գնա բանակցի Ալիևի հետ, որպեսզի այդ թուղթը ստանա։
Մեր հարցադրումը չէ, դրա համար ես մինչև վերջ չեմ մտնում այդտեղ, բայց եթե վերլուծում ենք իրավիճակը․․․ Մեր գործընկերներից մեկի կողմից հարց է հնչում, ասում է․ «Արդյո՞ք սա է վերջին նախապայմանը», համենայն դեպս հարցի էությունն այդպիսին էր։ Ինքը դա բռնելով՝ ասում է․ «Ես կգնամ, Ալիևի հետ կբանակցեմ, իհարկե վստահ չեմ, որ դա վերջին նախապայմանն է, բայց կխոսեմ իր հետ, եթե կարողանամ իրեն համոզել, որ դա ֆիքսի, որ վերջին նախապայմանն է ստորագրելուց առաջ, կգամ և ձեզ կներկայացնեմ»։ Ես էլ ասում եմ՝ որպես ֆրակցիայի ղեկավար, նախ՝ մենք երբեք չենք հավատալու Նիկոլ Փաշինյան-Ալիև տանդեմի ձևակերպած «ազնիվ խոսքին», որովհետև մեկը ցեղասպանություն իրականացրածն է, մեկն էլ՝ մեզ առավոտից իրիկուն տարբեր ստեր հնչեցնողը։ Եվ երկրորդը՝ մեր մանդատը չի ենթադրում կողմ քվեարկել այդ Սահմանադրությանը։
Ինքը ընտրությունների արդյունքով, որի մասին գիտեք՝ մենք ինչ կարծիք ունենք, բայց ընտրությունների արդյունքով ֆիքսված՝ կարողացել է ձևավորել կառավարություն, բայց չի ստացել մանդատ Սահմանադրության փոփոխության։ Եվ եթե իր լեգիտիմության, վստահության հարցն այդ կոնտեքստում է դիտարկում, միայն Սահմանադրության փոփոխության մասով իր լեգիտիմությունը, ուրեմն, ու իր գործառույթն ավարտված է հունիսի 7-ով։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չկան Ադրբեջանի նկատմամբ, այ Ադրբեջանի Սահմանադրության մեջ, վստահաբար, պահանջներ կան ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ։ Հիմա նույնիսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն է ֆիքսել, որ Հայաստանի Սահմանադրության մեջ որևէ պահանջ չկա։ Բայց դուք, ի՞նչ է, պատկերացնում եք մարդ, ով գերիների հարցը չի կարողանում լուծել, գնալու է Ադրբեջանին ասի․ «Դուք ձեր Սահմանադրությունը փոխե՞ք»․ բնականաբար՝ ո՛չ։
Եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողացել մեր հայ ժողովրդին համոզել, ես իրեն առաջարկում եմ գնալ և Ալիևին համոզել։ Եթե տարբերակն այդպիսին է՝ կամ նրան պետք է համոզես, կամ ժողովրդին, ժողովրդին չի կարողացել համոզել․ փաստ է, որ չի կարողացել։ Առաջարկում եմ՝ փորձի, գնա, մի հատ էլ Ալիևին համոզի։
Մենք Սահմանադրության հարց տեսականորեն կարող էինք քննարկել, եթե չլիներ Ալիևի պարտադրանքով ձևավորված օրակարգը։ Օրինակ, եթե նախաբանի տեքստը մնացած լիներ, այսինքն՝ այդ պարտադրանքի հատվածը չլիներ, մնացածը, օրինակ, քննարկվեր սուպերվարչապետական համակարգի փոփոխությունը, դատական համակարգում իրականացվող փոփոխությունը, բնականաբար, մենք կքննարկեինք այդ օրակարգը։ Բայց քանի որ որևէ բան էականորեն չի փոխվելու Սահմանադրությունում, ու միակ բանը, որ վստահաբար փոխվում է, Անկախության հռչակագրին հղումը հանելն է, մենք չենք մտնելու այդ օրակարգի մեջ վստահաբար։
Այս օրակարգի հետ, բնականաբար, փակուղում են, որովհետև ունեն ստանձնած պարտավորություններ Ադրբեջանի առջև: Իմիջիայլոց, սա շատ կարևոր է, ուզում եմ արձանագրել: Հավանաբար վերջին տարիներին մենք մշտապես ասում էինք, որ այդ պահանջն Ադրբեջանի կողմից է ձևակերպված: Իրենք ասում էին․ «Սա միայն ներքին օրակարգ է, մենք ենք որոշում»: Հիմա իրենք իրենց իսկ հայտարարություններով ու նույնիսկ երբեմն հարցադրումներով արձանագրում են, որ սա ամենևին ներքին օրակարգ չէ: Եթե ինքը պետք է գնա, Ալիևից թուղթ բերի, որ ասվի, թե եթե սա փոխեք, կնքվելու է պայմանագիրը, նշանակում է՝ սա ընդհանրապես կապ չունի ներքին օրակարգի հետ։ Բայց, ձեր հարցին՝ փակուղո՞ւմ են՝ փակուղում են։ Եթե փակուղում չլինեին, իրենք չէին խոսի արտահերթ ընտրությունների մասին, իրենք չէին խոսի, ինչպես 19 թվականին, «ժողովրդով եկանք, ճնշեցինք» և այլն, այդ սցենարների մասին։ Բայց կրկնում եմ՝ այդ բոլորն արդեն խիստ ժամանակավրեպ է, այդ տարիներն անցել են, ճնշում գործադրելու հնարավորությունները էականորեն սահմանափակվել են Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ եթե 18 թվականին մարդիկ իսկապես ուզում էին իր կողքը կանգնել, հիմա վարչական ռեսուրս է և այլն, և այլն․ իսկ վարչական ռեսուրսին, միգուցե, հնարավոր է ստիպել գնալ ընտրության, բայց փողոց հանել ալիևյան Սահմանադրության փոփոխության պահանջով մի փոքր դժվար կլինի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։






