Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը և սա աներկբա պնդում է․ Աննա Գրիգորյան

30 Հոկտեմբերի, 2026

 

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մանրակրկիտ ներկայացրեց պատճառները, թե ինչու «Հայաստան» խմբակցությունը չի կարող և չի պատրաստվում կողմ քվեարկել իշխող ուժի կողմից առաջարկվող նոր Սահմանադրությանը։

Գրիգորյանը, մասնավորապես, նշել է․

1․ Նախ, դա իր օրակարգը չէ, իր առաջարկը չէ։ Եթե հիշում եք, վերջին հարցուպատասխանի ժամանակ Միրզոյանն առանց համաձայնեցնելու այդ առաջարկը փորձեց երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետ։ Էս դեպքում ես պետք է առանձնացնեմ հատկապես մեր դիրքորոշումը, որովհետև պատասխանատու եմ միայն մեր ֆրակցիայի անունից դիրքորոշում հայտնել, որովհետև այստեղ ընդհանուր ընդդիմության մասին էր առաջարկը։ Համենայն դեպս, ես իմ հարցուպատասխանի ժամանակ էլ հստակ արձանագրեցի, որ Սահմանադրության փոփոխության օրակարգը նոր ձևավորված օրակարգ չէ։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը գնացել է ժողովրդին, ասել է․ «Ինձ ընտրե՛ք, մենք կփոխենք Սահմանադրությունը»։ Մենք էլ գնացել ենք, ասել ենք․ «Եթե մեզ ընտրեք, մենք թույլ չենք տալու, որպեսզի փոխվի Սահմանադրությունը»։ Հետևաբար այս փուլում ընդդիմադիր ուժը՝ այս դեպքում «Հայաստան» ֆրակցիան, չի կարող իր մանդատը վերազանցող կամ իր մանդատի մեջ չմտնող որևէ պրոցեսի մեջ մտնել, հետևաբար այդ առաջարկն անընդունելի է լինելու մեզ համար։ Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը։ Ես կարծում եմ՝ սա աներկբա պնդում է, որ մենք հերթական անգամ պետք է անենք։

2․ Ուզում եմ այդ հստակ արձանագրումն անել, հա՞, որ դա ոչ թե մեր կապրիզն է, ոչ թե դա մեր ցանկացածի տիրույթում է, այլ յուրաքանչյուր քաղաքական ուժ հայտնվում է խորհրդարանում որոշակի գործողություններ անելու մանդատով։ Մեր ժողովուրդը մեզ մանդատ է տվել, որպեսզի թույլ չտանք, որպեսզի ընդունվի ալիևյան Սահմանադրությունը, հետևաբար ակնկալել մեզանից, որ մենք կողմ կքվեարկենք, որպեսզի դա դրվի հանրաքվեի, ուղղակի անհնար է։ Իմիջիայլոց, սահմանադրական հանրաքվեն պատահական չէ, որ պետք է հաստատվի սահմանադրական մեծամասնության կողմից։ Դա ինչո՞ւ է այդպես նախատեսվել, որ աննախադեպ կոնսենսուս լինի տվյալ օրակարգի շուրջ։ Հիմա այդ կոնսենսուսը ոչ միայն չկա, այլև կա խիստ հակադրություն ուժերի միջև։ Այս համատեքստում ուղղակի անթույլատրելի է, որ մենք գնանք այդ քայլին։ Մեր դիրքորոշումն աներկբա է, առաջարկն՝ անընդունելի։ Ես տեղում էլ ասացի, որ դա ոչ միայն ձեր առաջարկն է, դա Ալիևի առաջարկն է, որը մենք էն գլխից մերժում ենք։

3․ Կարևոր բան է, որովհետև իրենք փորձում են անընդհատ շահարկել, հա՞․ «Բա առանց տեքստը տեսնելու ի՞նչ եք քննարկում», «Բա առանց տեքստը հրապարակելու ի՞նչ առաջարկներ են ներկայացնում»։ Հիմա խնդիրը տեսե՛ք ինչն է․ իրենք չեն քննարկում (օրինակ՝ կամ վստահաբար ներառված չի լինելու, որովհետև դրա մասին իրենք արդեն խոսել են), օրինակ, սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու մասին։ Իրենք դրա մասին չեն խոսում։ Միակ բանը, որ մեզ հայտնի է այս Սահմանադրությունից, այն է, որ դրա նախաբանում հղում չի լինելու Անկախության հռչակագրին։ Այսինքն՝ դա այն միակ բանն է, որ պահանջել է Ալիևը։ Դրա համար է, որ մենք ասում ենք՝ այս Սահմանադրությունը ալիևյան Սահմանադրությունն է։ Այնտեղ թե ինչքան գեղեցիկ բաներ կգրեն, ինչքան լավ բաներ կգրեն, ինքը ընդամենը փորձելու է գեղեցկացնել, հա՞, այսպես ասենք, Սահմանադրությունը, բայց իր բովանդակության և էության մեջ ինքը ուղղակի նախապայման է, որ պետք է իրականացնի Ադրբեջանի համար։

4․ Դուք գիտեք, որ յուրաքանչյուր պատգամավոր և քաղաքական ուժ առաջնորդվում է Սահմանադրությամբ ամրագրված դրույթներով․ այսինքն՝ մեր խղճով և համոզմունքով ենք մենք առաջնորդվելու: Ես պատահական չեմ ասում․ սա քաղաքագիտական հստակ նորմ է, որը պետք է բոլորի համար ընկալելի լինի: Այն մարդկանց, ովքեր մեզ ձայն են տվել, Նիկոլ Փաշինյանն իրենց չի կարողացել համոզել: Այդ մարդիկ մեզ ձայն չեն տվել, որպեսզի մենք կողմ քվեարկենք այդ նախագծին: Եվ եթե Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ խմբակցությունը, իր ամբողջ քաղաքական թիմը և մարդկանց հավաքի ու փորձի իբր ճնշում գործադրել, դա, միևնույն է, մեր դիրքորոշման վրա չի կարող ազդեցություն ունենալ, որովհետև մեր մանդատը դա չի ենթադրում: Հետո, գիտե՞ք, իրեն թվում է, թե ինքը հլը հեղափոխական «դուխով» կեպկայով Նիկոլն է․ իրավիճակ է փոխվել։ 18-19 թվականները չպետք է համեմատել 26-27 թվականների հետ: 18 թվականի Նիկոլը չկա, որովհետև 18 թվականի Հայաստանը չկա: Հիմա մենք 26 թվականին լրիվ այլ իրողությունների մեջ ենք ապրում, և ընդդիմությունը, այդ թվում, պետք է պատրաստ լինի համարժեք ճնշման մեխանիզմներ մշակելու հարցում:

5․ Ինձ թվում է՝ ես անընդհատ կրկնվում եմ․ կրկնվում եմ ի՞նչ առումով, որ ասում եմ՝ այդ օրակարգը, որ հիմա պետք է դրվի ժողովրդի առջև, արդեն դրվել է հունիսի 7-ին, դա նոր օրակարգ չէ, դա ընտրական պրոցեսի կարևորագույն բան է։ Օրինակ, եթե դուք փորձեք հիշել, Նիկոլ Փաշինյանն ամբողջ քարոզարշավի ժամանակ… մի բան, որ բոլորի մոտ տպավորվել է, այդ նախադասությունն է եղել․ «Եթե ինձ չտաք սահմանադրական մեծամասնություն, կլինի պատերազմ»։ Այսինքն՝ դա եղել է իր քաղաքական քարոզարշավի անկյունաքարային դրույթը, այսինքն՝ դա նոր բան չէ, որ հիմա մենք ասենք․ «Եկե՛ք հաստատենք, թողնենք՝ ժողովուրդը որոշի»։ Ժողովուրդն արդեն որոշել է հունիսի 7-ին, և ինչպես իմ հարցուպատասխանի ժամանակ ասացի, եթե դա իր հիմնական քաղաքական առաքելությունն է, հունիսի 7-ին այդ առաքելությունն ավարտվել է։

6․ Մենք համոզված ենք, որ միայն Սահմանադրության փոփոխությունը՝ ալիևյան Սահմանադրության ընդունումը, չի լինելու վերջին կետը նոր պահանջների համար։ Այսինքն՝ դա չէ, որ դա էլ անենք, վե՛րջ, վերջնական խաղաղությունը հաստատված է․ այդպես չէ։ Մենք խորապես համոզված ենք դրանում, որովհետև անցնող տարիների իրադարձությունները դա են ցույց տվել։ Իմիջիայլոց, իրենք ունեին այդ համոզմունքը, երբ որ 22-ի Պրահայի գործընթացում Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս։ Այդ ժամանակահատվածում իրենց թվում էր, թե եթե ճանաչում են Արցախը, հանձնում են, վերջացա՛վ, իրենք որևէ խնդիր չեն ունենալու, բայց հետագա պահանջները շարունակաբար տեսանք։ Եվ Սահմանադրությունն էլ վերջին կետը չէ վստահաբար։ Այսինքն՝ դա մեր համոզմունքն է, մենք այդտեղ հարցադրում չունենք։

7․ Իհարկե, միայն կարելի է ենթադրել, բայց, մեծ հաշվով, տրամաբանությունը հուշում է, որ ինքը նկատի ունի, որ հնարավոր է Ադրբեջանից բերի ինչ-որ պայմանական թուղթ կամ երաշխիք, որը կասի․ «Հա՛յ ժողովուրդ, եթե դու գնաս, հաստատես այս Սահմանադրությունը, մենք կկնքենք պայմանագիրը»։ Միգուցե դա նկատի ունեն, բայց, ինչպես ասացի, անհնար է, ո՞նց ենք պատկերացնում․ մենք պետք է հավատանք Նիկոլ Փաշինյանի և Ալիևի խոստմանն ու երդմա՞նը։ Մենք չենք հավատում, որովհետև, գիտեք, ասենք՝ Ալիևի հայտարարությունները լսե՛ք․ մի օր խոսում է խաղաղության մասին, մի օր ասում է․ «Դուք պետք է մեզանից ներողություն խնդրեք»։ Մենք Ալիևի՞ն պետք է վստահենք, իր ազնիվ խոսքի՞ն պետք է վստահենք, Նիկոլ Փաշինյանի՞ն պետք է վստահենք, որ օրվա մեջ հինգ հատ սուտ է ասում․ Շուշին հանձնելու ժամանակ գրում է՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Այսինքն՝ այստեղ խոսել նրա մասին, որ նույնիսկ եթե ինքը որևէ թուղթ բերի երաշխիքի տեսքով, որ Սահմանադրության փոփոխությունից հետո ստորագրվելու է պայմանագիր, դա չի կարող ազնիվ, արդար երաշխիք պարունակել, որովհետև հայ ժողովուրդը տեսել է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյան-Ալիև տանդեմը բազմաթիվ ծրագրեր այսպես միասին կազմակերպել՝ ընդդեմ հայ ժողովրդի և պետական շահերի։

8․ Ես ուզում եմ շատ անկեղծ լինել, որովհետև ինձ թվում էր, որ Հայաստանում որևէ մեկի համար նորություն կամ գաղտնիք չէ, որ այդ պայմանը, նախապայմանը դրված է Ադրբեջանի կողմից: Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք այս ամբողջ ընթացքում տարբեր երկրների դեսպանների հետ շփումներ ենք ունեցել: Իրենց մոտ նույնիսկ դա կասկած չէ, որ կա այդ նախապայմանը: Մենք նույնիսկ մեր այդ տարբեր երկրների դեսպանների հետ… ասում էին․ «Լա՛վ, այդ մարդու մոտիվացիան ո՞րը պետք է լինի․ ինքը նորից նոր պայմաննե՞ր է դնելու» և այլն։ Նկատի ունեմ՝ միջազգային հանրության համար առավել քան հստակ է, որ դա նախապայման է, ու, ցավոք սրտի, կան մարդիկ Հայաստանում, որ դեռ մտածում են, թե դա, միգուցե, նախապայման չէ, մեր ներքին օրակարգն է։ Բայց դա, վստահաբար, արտաքինից պարտադրված օրակարգ է, և միակ տեղը, որտեղ ինքը պետք է գնա ինչ-որ մի բան ստանալու, թուղթ ստանալու, բնականաբար, Ադրբեջանն է։

Նմանատիպ նյութեր

Մենք երբեք չենք հավատալու Փաշինյան-Ալիև տանդեմի ձևակերպած «ազնիվ խոսքին»․ Աննա Գրիգորյան

  «Ես ուզում եմ մի բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել։ Ինքը հարց է տալիս, ինքը չի պնդում, ասում է՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք դա է վերջին նախապայմանը, որովհետև կարող է պարզվել՝ անկլավների նախապայման կա, որ վերադարձի պայման կա...

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս․  Հիքմեթ Հաջիև

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս․ Հիքմեթ Հաջիև

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս: Այս մասին ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը: «Մենք սա դիտարկում ենք նաև...

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները՝ միաժամանակ իրականացնելով նաև բացատրական աշխատանքներ։...

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8–9-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Նա կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է...

Արծվիկ Մինասյանը՝ ՄՍՇՊ հանձնաժողովի անդամի թեկնածու

Արծվիկ Մինասյանը՝ ՄՍՇՊ հանձնաժողովի անդամի թեկնածու

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը։ Նրա կենսագրությունը ԱԺ-ում ներկայացրեց «Հայաստան»...