Նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է 10 օր։ Անցնող 20 օրերին տեսանք մի կողմից ատելությամբ լեցուն նյարդային ելույթներ Փաշինյանից, նստացնելու, խլելու, զոհելու սպառնալիքներ և իհարկե՝ 2018-ից չդադարող սուտ խոստումներ․ մյուս կողմից տեսնում ենք՝ հիմնական ընդդիմադիր ուժերը ժողովրդին առաջարկում են երկիրը վերականգնելու, պաշտպանելու, ժողովրդի վիճակը փոխելու ռեալ ծրագրեր։ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց Մեղրիում։ Վայրը շատ խորհրդանշական է, որովհետև այս իշխանությունն անընդհատ ասում էր, թե Քոչարյանը Մեղրին հանձնում էր, տո լի՝ հանձնել է․ բայց Մեղրին Քոչարյանի օրոք ոտքի է կանգնել, իսկ այսօր կա Սյունիքը կորցնելու վտանգ․ ու վտանգն ավելի է մեծանում Նիկոլի՝ Սյունիքը մնալու է ՀՀ անբաժան մասը ելույթից հետո։
Անդրադառնամ Ռոբերտ Քոչարյանի՝ հարցազրույցում մի քանի թեմայի։ Մեկը Փաշինյանի այսպես ասած՝ արտերկրյա քարոզարշավն է։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն Ադրբեջանը, Թուրքիան ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրվելու համար։ ԵՄ-ն գագաթնաժողով արեց Հայաստանում, աջակցող ելույթներ ունեցավ, Թուրքիայից ու Ադրբեջանից ուղիղ սատարեցին, ԱՄՆ փոխնախագահը աջակցեց, երեկ էլ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ իր անակնկալ ու կայծակնային այցով։ Ըստ Քոչարյանի՝ այն Հայաստանին ոչինչ չտվող քարոզչական այց է։ Ռուբիոն Հայաստանում մնաց ընդամենը 40 րոպե, օդանավակայանում խոսեց-գնաց։ Ընդամենը, կարելի է ասել, տեխնիկական այց է։ Որ որևէ երկիր ենք թռչում տարանցիկ չվերթով և ինքնաթիռը իջնում է լիցքավորվելու, ավելի երկար է կանգնում, քան Ռուբիոն՝ Հայաստանում։ Երկրորդ նախագահը նշում է՝ ընդամենը իշխանությունն էր խնդրել քարոզարշավի օրերին գալ, գոնե կարճ, աջակցություն ցույց տալ։ Այլապես ընդամենը 15 օրից հեռացող իշխանության հետ ի՞նչ պետք է բանակցեր ԱՄՆ-ն։ Այդ այցի միակ իմաստը մի տողանոց հայտարարությունն էր, թե՝ «Ձեր թիմը ճանապարհ է հարթում դեպի պայծառ ապագա, ու մեր աջակցությունն ենք հայտնում այս խիզախությանը»․ այս մեկ նախադասության համար էր եկել։ Երկրորդ նախագահն ասում է՝ ՀՀ ներքին գործերին, ընտրություններին խառնվող հայտարարություն չենք լսել ՌԴ-ից, բայց ԵՄ-ն գումար է տալիս ընտրությունների համար ու հիմնավորելով Ռուսաստանի ենթադրյալ ազդեցությամբ։ Ուղիղ ազդեցություն է սա Հայաստանի ընտրական գործընթացին։
Ռուբիոյի ստորագրված թուղթը՝ այսպես կոչված Թրամփի ուղու մասին, ըստ Քոչարյանի՝ Հայաստանին ոչինչ չի տալիս, բացի Իրանի հետ լարվածությունից։ Իրանա-ամերիկյան պատերազմը չի ավարտվել, տեսնում ենք՝ Իրանը որքան զգայուն է, ու այս վիճակում իր քթի տակ ամերիկյան ներկայությունը, ԱՄՆ-ին շնորհակալությունները լավ արձագանք չի ստանա։ Իրանը, ինչպես նկատում է Ռոբերտ Քոչարյանը, ցույց տվեց, որ իրեն պաշտպանելու համար չունի կարմիր գծեր, վկան Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա ռումբերն են։ Իսկ ինչո՞ւ դա չի անի TRIPP—ի ուղղությամբ։ Ինչո՞ւ չի խզի Հայաստանի հետ կապերը, մանավանդ որ իր առևտրաշրջանառության ընդամենը 0,2 տոկոսն է։
Երկրորդ նախագահի հարցազրույցի մյուս կարևոր դրվագը վերաբերում էր հայ-ռուսական հարաբերություներին, որն այս իշխանության օրոք այլևս քանդված է։ Նախագահ Քոչարյանն ասում է՝ գերտերության հետ այդպես չեն շփվում, չեմ հիշում նման դեպք, որ ռուս պաշտոնյաները այսպիսի կոշտ ելույթներ ունենան Հայաստանի իշխանության հասցեին։ Ռուսաստանը թշնամական հարաբերություններ ունի ԵՄ հետ, Հայաստանը մերձենում է ԵՄ-ին․ բա ո՞նց արձագանքեն։ Երեկ Պետդումայում քննարկվում էր Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր խզումը․ շատ կոշտ քննարկում էր։ Առաջարկել են արգելել հայկական գյուղմքթերքը, խմիչքը, հացահատիկ չուղարկել ՀՀ, գազը թանկացնել ԵՄ չափանիշներով՝ 600 դոլար։ Ու ասեմ, որ հենց սա է մեզ սպասում։ Նիկոլը դարձյալ որոշել է հիմարացնել ժողովրդին․ ի՞նչ է ասում այսօրվա քարոզարշավում․ դիտենք մի հատված
«ՀՀ ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմո՞ւմ, թե՞ ԵՄ կազմում։ Էդ ես չեմ որոշելու, ժողովուրդ, էդ ես չեմ որոշելու։ Էդ հզորն ա որոշելու։ Հզորն ո՞վ ա․ ՀՀ քաղաքացին ա հզորը։ Էդ դուք եք որոշելու, ես չեմ որոշելու»:
Այո, իհարկե կարող էինք հավատալ, թե ժողովուրդն է որոշողը, բայց ինչպես ասում են՝ տառապանքը փորձ ունի․ 2018-ին մի քիչ ավելի բարձր ու ճղճղան ձայնով գոռում էր, որ էլի ժողովուրդն է որոշողը, թե ոնց լուծվի Ղարաբաղի հարցը «Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է։ Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»:
Սա նույն մարդն է, ու ոնց էն ժամանակ քվե կորզեց ու լուծեց Ղարաբաղի հարցը այնպես, ինչպես ուզում էր Ալիևը, այնպես էլ այսօր քվե ուզում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը լուծի այնպես, ինչպես ուզում են Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը։
Ռուսների վրա մատ է թափ տալիս, թե՝ գազը թանկացնում եք՝ թանկացրեք, մենք էնքան փող կունենանք, որ մեր վրա դա չի երևա։ Գուցե ԵՄ-ն խոստացել է գազի գնի թանկացվող մասը դավոքրե՞լ։ Կասկածում եմ, իհարկե, բայց կասե՞ք՝ այդ դեպքում մինչև երբ կսուբսիդավորի։ Իսկ ելակն է՞լ կսուբսիդավորի, արտագնա աշխատողների աշխատավարձն է՞լ կսուբսիդավորի, ծիրանի գինն է՞լ։ Հացահատիկի տեղն էլ բրի՞նձ կուղարկի։ Երկրորդ նախագահը նշում է, որ սրանք արտահանման դիվերսիֆիկացման մասին ուղղակի դատարկախոսում են՝ առանց ԵՄ հետ պայմանավորվելու. ԵՄ-ում մեր գյուղմթերքը չեն սպասում, իսկ ՌԴ ուղարկում ենք 95 տոկոսը։
Նիկոլը էսօր էլի ստերի շարքն էր սկսել՝ Հայաստան ոչ թե միլիոններ են գալու, այլ միլիարդներ, տրիլիոններ ու դա ասում էր՝ աղքատությունից կուչ եկած գյուղացիների առաջ։ Որտեղի՞ց են գալու այդ փողերը, ո՞ւր են գալու, ո՞ւմ գրպանը։ Ու շատ ուշագրավ էր, որ ասում է՝ մեր պետությունն արդեն ի վիճակի է կառուցել իր բարեկեցությունը, ու դրանից 10 րոպե հետո կառավարությունը 170 մլն դոլար վարկ է վեցնում բյուջեի դեֆիցիտը փակելու համար։
Նախագահ Քոչարյանը բազմիցս զգուշացրել է՝ չի կարող քո արտաքին քաղաքականությունը հակառակ լինել քո տնտեսությանը։ Եվ այժմ, երբ սրանք հակադրել են ու տնտեսությունը հասցնում են կոլափսի, հարց է ուղղում․ իսկ դա արդյո՞ք գործակալի գործեալաոճ չէ։ Փաշինյանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը հաստաստ չի փոխվի։ Բայց լավ է գոնե, որ այս վերաբերմունքը ոչ թե երկրի ու ժողովրդի նկատմամբ է, այլ ՔՊ-ի․ ուրեմն սրանց հեռանալուց հետո բնականոն հուն կգա ամեն ինչ։
Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ Փաշինյանը մեր հողի, երկրի նկատմամբ չունի սեփականատիրոջ զգացում․ դրա համար էլ հանգիստ թալանում է, հանձնում է ու վարի տալիս։ Մեկ է՝ վերջում ճողոպրելու է։ Դրա կենսագրությունն է փախուստների շղթա․ մարտի 1 հրահրեց-թռավ, նյոյեմբերի 9-ից հետո թռավ, ու եթե հիմա պարտվի՝ էլի թռնելու է։ Խասիաթ է։ Բայց վստահեցնում է՝ ուր էլ գնա՝ հետ ենք բերելու․ միակ տեղը, որ կարող է գնալ ու իրեն լավ զգա, Թուրքիան կամ Ադրբեջանն են։ Այնտեղից նաև աջակցություն ունի։ Ի դեպ, իշխանափոխությունից հետո կպարզվի Ադրբեջանի և Փաշինյանի փոխադարձ սիրո կոնկրետ պատճառը։
Սևակ Հակոբյան




