Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնահատման տվյալներն ու ընտրություններին ցանկալի թեկնածուների ցանկը։ Կազմակերպությունը նաև գործարկել է ընտրական հարթակ՝ ներկայացնելու ամերիկահայ համայնքի համար կարևոր ընտրապայքարները և տեղեկացնելու ընտրողներին թեկնածուների դիրքորոշումների մասին։
Հանձնախումբը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին գնահատել է ավելի քան 70 չափանիշով՝ կապված Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության, Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության ապահովման և ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ օրենսդիրների դիրքորոշումների հետ։ Այս ընտրական փուլում Հայ դատի հանձնախումբն աջակցում է ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի 63 թեկնածուի։
Ասվածի համատեքստում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն են՝
- Արցախի հայաթափման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև արցախահայերի անվտանգ վերադարձի իրավունքի պաշտպանությունը։
- Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակումը։
- Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությունը, ինչպես նաև հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդումը։
- Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության սահմանափակումը և «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի լիարժեք կիրառումը։
- Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակում։
- Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա մասին հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքների խթանումը։
Գնահատման համակարգում հաշվի են առնվում օրենսդրական նախաձեռնություններին աջակցությունը, Կոնգրեսի համապատասխան նամակներին միանալը, Հայկական հարցերով հանձնախմբին անդամակցությունը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները և ամերիկահայ համայնքի հետ աշխատանքը։
Հայ դատի հանձնախումբը ընտրություններին աջակցվող թեկնածուների թվում ընդգրկել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների՝ ընդգծելով, որ իր մոտեցման հիմքում ոչ թե կուսակցական պատկանելությունն է, այլ Հայաստանի և Արցախի վերաբերյալ նրանց դիրքորոշումներն ու գործունեությունը։
Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում մի շարք մրցակցային ընտրապայքարների, այդ թվում՝ Նյու Հեմփշիրում և Միչիգանում Սենատի ընտրություններին, ինչպես նաև Տեխասի 28-րդ ընտրատարածքում Ներկայացուցիչների պալատի ընտրություններին։ Վերջինում Հայ դատի հանձնախումբը դեմ է հանդես գալիս կոնգրեսական Հենրի Կուելյարին՝ վկայակոչելով Ադրբեջանի հետ կապված կաշառքի գործով նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքները և նրա՝ Ադրբեջանին նպաստող արտաքին քաղաքականությանն առնչվող գործողությունները։ Կուելյարը 2025 թ. դեկտեմբերին նախագահական ներում է ստացել՝ նախքան գործի դատական քննությունը։
Հայ դատի հանձնախմբի գնահատման ցանկը հասանելի է հետևյալ՝ հղումով։




