Հերոսի մասին ֆիլմն ու սկանդալները․ «Կարճ ասած»

26 Նոյեմբերի, 2026

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ է նկարվել, որի պրեմիերան էր։ Ֆիլմը չեմ դիտել, բայց հանդիսատեսը տպավորված է աշխատանքով։ Ես էլ ֆիլմի շուրջ զարգացումներով եմ բավականին տպավորված՝ բացասական իմաստով։ Արդարացի աղմուկ ու դժգոհություն բարձրացավ, որ Ռուսաստանի մի շարք քաղաքներում չեղարկվել են «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունները։ Մինչ այդ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ Ռուսաստանին կոչ էին արել արգելել։ Արգելքը մտահոգիչ է, բայց եկեք միասին հասկանանք վիճակի ծանրությունը։

Մասնավոր ընկերությունը նկարում է ֆիլմ Հայաստանի ազգային հերոսի մասին ու տանում է ցուցադրելու մի երկրում, որտեղ Հայաստանի չափ ու գուցե ավելի հայեր կան, հետաքրքրություն կա։ Ադրբեջանը կարողացել է հասնել արգելքի, գուցե պետական մակարդակով է աշխատել, գուցե՝ համայնքային կամ մասնավոր, չեմ կարող ասել․ իսկ ի՞նչ է արել Հայաստանը, որ չհասնի արգելքին։ Որևէ կերպ Հայաստանը միջամտե՞լ է, որ դժվարություն չունենան։ Վստահ եմ, որ ոչ։

Ռուսական կինոթատրոններ հրաժարվել են ցուցադրել, իսկ մեր պետության մեջ իշխանության դիրքորոշումը ո՞րն էր։ Դեռ օգոստոս ամսին, երբ ֆիլմը նկարում էին, հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել պատերազմական տեսարանների նկարահանման և ռեկվիզիտների հարցում։ Մեր կառավարությունը հրաժարվել է աջակցել ազգային հերոսի մասին ֆիլմի նկարահանմանը, մենք մեղադրում ենք, որ ռուսական մասնավոր կինոթատրոնները, որոնց մի մասը գուցե կապ ունի ադրբեջանցիների հետ կամ՝ չունի, էական չէ, մերժել են ցուցադրե՞լ։ Իսկ մեզ մոտ չե՞ն մերժել։ Նիկոլ Փաշինյանին որ մնա, չի՞ արգելի ցուցադրությունը։ Պրեմիերային հատված են բեմադրել, դերասանների զենքով պարը, որը մեր հաղթանակն էր խորհրդանշում Արցախյան առաջին պատերազմում, ու Նիկոլի արձագանքը ո՞րն էր․ «Ովքե՞ր էին էդ մարդիկ, իրենց ո՞վ էր թույլ տվել։ Թող գնային ԱԺ-ում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»։ Ցինիզմը․․․։ Նա կուզենա՞ր էդ ֆիլմը ցուցադրվեր Հայաստանում կամ ընդհանրապես՝ նկարվեր։ Պաշտպանության նախարարությունը կուզենա՞ ՊՆ զորամասերում ցուցադրեն։ Կասկածում եմ։

Ասում են՝ Ռուսաստանում Ադրբեջանը կարողացել է հասնել նրան, որ արգելվի հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրությունը։ Ժողովուրդ ջան, ո՞վ է մեղավոր, որ Ռուսաստանում, որտեղ 3 մլն հայ կա, ադրբեջանական համայնքը հարց լուծող է դարձել, իսկ մերը, որ շատ հզոր համայնք էր, դիրքերը զիջել է։ Իսկ կարող է՞ պատճառների թվում այն է, որ հարց լուծողներից մեկին Հայաստանում են պահում կալանքի տակ, մեկին՝ Բաքվում։

Տարբեր երկրներում հայկական Սփյուռքը միշտ հարց լուծող է եղել, պետական մակարդակի․ ո՞վ է մեղավոր, որ մեր ազգային հարցերում թուլացել է հիմա։ Աշխատանքի բերումով մշտապես շփվում եմ տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայրենակիցների հետ, բաներ են պատմում, թե ոնց է խեղճացել Նիկոլի գալուց հետո, պատերազմում պարտվելուց հետո, որ մազերդ բիզ-բիզ է կանգնում։ Որովհետև մինչ այդ ունեցել ենք պետություն ու ազգային հարցերում պետությունն ու ժողովուրդը եղել են մեկ գծի մեջ։ Նախագահ Քոչարյանն է ասում՝ Հայաստանն առանց Սփյուռքի մի քաշային կատեգորիա է, Սփյուռքով՝ բոլորովին այլ։ Հիմա սրանց պատճառով ոչ մի քաշային կատեգորիայում չկանք, իրենց նման անկշիռ, անսկզբունք, անուժ են դարձնում։ Ու դրսի ընկալումը մեր նկատմամբ, որից այսօր դժգոհում ենք, սրանք դեռ ձնծաղիկներն են։

Քա՞նի դեպք է եղել, որ որևէ երկկրում պետք է տեղի ունենային ադրբեջանական մշակույթի օրեր, փառատոններ, ֆիլմերի դիտումներ, շնորհանդեսներ, որ վերջին պահին չեղարկվել են հայկական սփյուռքի ազդեցության պատճառով, նրանց աշխատանքի շնորհիվ։ Այդ թվում բազմաթիվ դեպքերն են եղել Ռուսաստանում։ Իսկ ո՞վ է մեղավոր էսօրվա էս վիճակի համար։

Ասում են՝ հնարավոր է ֆիլմի ցուցադրությունը ՌԴ-ում կառավարությունն է արգելել։ Իսկ կարող է՞ այնտեղ պետությունը նայել է Հայաստանում հերոսների նկատմամբ քաղաքականությունը։ Մեր պետության վերաբերմունքը իր հերոսներին ինչպիսի՞ն է։ Մի կառավարություն, որ անգամ չի կարողանում այնպես անել, որ Մոնթեի նկարը գրելիս Ֆեյսբուքը չբլոկի, էլ ի՞նչ ենք խոսում։

Մի ամիս առաջ Թալինի Արտենի գյուղի դպրոցի պատից հեռացրին Զորավար Անդրանիկի՝ քարերով կերտված նկարը։ Անդրանիկը մեր ազգի հզոր ներկայացուցիչներից մեկն է։ Ու ի՞նչ արեց հայ ժողովուրդը։ Մենք, որ բողոքում ենք, որ Ռուսաստանում արգելել են Մոնթե ֆիլմի ցուցադրությունը, Անդրանիկի նկարը Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը հեռացրեց դպրոցի պատից, մենք ի՞նչ արեցինք։ Ոչինչ։ Այն, որ հերթով բոլոր դպրոցներից փառքի սրահները հեռացրեցին, զորամասերից ազգային հերոսների նկարները հանեցին, մի շարք բնակավայրերի մուտքից Արցախյան առաջին պատերազմի հերոսների նկարներ հանեցին, մենք ի՞նչ ենք արել։ Ֆեյսբուքում աղաղակել ենք։ Ընդամենը։

Մեր դպրոցներում, որ պետք է հայրենասիրություն դաստիարակեն ու պետք է դասասենյակից դուրս գալով՝ տեսնեն միջանցքում փառքի սրահները, պատերին՝ հերոսների նկարները դատարկություն չէ՞։ Նիկոլը վերջերս էր ասում, թե ով պետք է հերոս լիներ, ով ոչ։ Երևի հերոս պետք է լինեն միայն ինքը, Ալեքսանյանը, Կոնջորյանը, Գալյանն ու Վարդապետյանը։ Սրանք մեր հերոսներին վաղուց են արգելել։

Մոնթեի մասին ադրբեջանցիները թե ինչ կարծիք ունեն գիտենք․ Անդրանիկին ևս համարում են Ադրբեջանի թշնամի։ Իսկ բացատրությունը ունե՞ք, թե այդ ոնց է լինում, որ բոլոր նրանք, այն նշանավոր անձանց, հերոսներին, Հայաստանի արժանավոր զավակներին, ում Ադրբեջանը համարում է թշնամի, ողջերին հետախուզում է հայտարարում, Հայաստանի իշխանության կողմից նույն վերաբերմունքին են արժանանում։ Քանի անգամ ենք տեսել, որ Հայաստանում կալանավորված են նրանք, ում հետախուզում է Ադրբեջանը։

Ամբողջ աշխարհը տեսնում է, որ սրանք սահմանադրության միջից Արարատ անունն են հանում, անկախության հռչակագիրն են հանում, Ցեղասպանության դրույթն են հանում, քաղաքացիությունից զրկելու կետ են բերում, ընտրական իրավունքից զրկում են, Սփյուռքին պիտակավորում են, բա ո՞նց պետք է լինի դրսի վերաբերմունքը մեր նկատմամբ։ Այնպես որ Ռուսաստանում Մոնթե ֆիլմի ցուցադրության արգելքը և ընդհանրապես մեր նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը ես համարում եմ Հայաստանի ներսում մեր, մեր ինքնության նկատմամբ տեղի ունեցող գործընթացների արտացոլում։

Կարճ ասած՝ ՀՀ երկրորդ նախագահն ասում է․ «Մոնթեն այն կերպարն է, որի օրինակով կարելի էր սերունդներ դաստիարակել։ Բայց այսօրվա իշխանություններին հերոսներ պետք չեն։ Հայտնի ասացվածք կա՝ եթե ժողովուրդը հերոսներին չի գնահատում, այդ ժողովուրդը հերոսներ չի ունենում»։ Ժողովուրդ ջան, սրանց հերոսներ պետք չեն, իսկ մեզ պե՞տք են։ Սրանց համար պատմական հայրենիքը վտանգավոր է, ազգային սիմվոլ Արարատը վտանգավոր է, մեր հերոսները՝ վտանգավոր են, Արցախը վտանգավոր է։ Սրանք այս գաղափարներն են կրում, իսկ մե՞նք։ Մենք պատկերացում ունե՞նք, թե վաղը ինչ երկիր ենք ունենալու, եթե այսօր ազգային հերոսի մասին ֆիլմի ցուցադրությունը սրանք ու իրենց Ադրբեջանի գործընկերները համարում են վտանգ այսպես կոչված խաղաղությանը։ Իսկ մեր գոյությունը խաղաղությանը վտանգ չե՞ն համարում։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Սահմանադրության փոփոխության հարցում հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշում կայացնի․ Զախարովա

Սահմանադրության փոփոխության հարցում հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշում կայացնի․ Զախարովա

  Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի բացառապես հայ ժողովուրդը, իսկ դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով...

Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝  Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ...

«Ի դեպ»․ Ո՞վ է առաջինը զրկվելու քաղաքացիությունից

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է վերացնել քաղաքացիությունից զրկելու բացարձակ արգելքը։ Այսինքն՝ անձը կարող է զրկվել ՀՀ քաղաքացիությունից, եթե կատարել է սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում նոյեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +7+9 աստիճան։ Օդի...

Ադրբեջանը 23,7 մլն դոլարի արտադրանք է արտահանել Հայաստան

Ադրբեջանը 23,7 մլն դոլարի արտադրանք է արտահանել Հայաստան

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար–հոկտեմբերին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 23 մլն 699,21 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 43 մլրդ...