Այսօր՝ նոյեմբերի 23-ին, մեկնարկեցին նախորդ 30 տարվա երկու կարևորագույն ու ամենախոշոր նախագծերը Ադրբեջանի համար։ Մեկը «ԹՐԻՓՓ» կոչվածն է՝ Զանգեզուրի միջանցքը, որը թուրքական աշխարհի տասնամյակների, գուցե հարյուրամյակների իղձն է։ Մյուսը Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծն է։ Ու պատահական չեմ համարում, որ երկուսն էլ հրապարակվում են մեկ օրում։
«ԹՐԻՓՓ»-ին շատ ենք անդրադարձել, ներկայացրել Ադրբեջանի ու Թուրքիայի օգուտները, մեր վնասներն ու ռիսկերը։ Այժմ կանդրադառնանք Սահմանադրության նախագծին, որի հիմնական՝ թիվ 1 շահառուն Ադրբեջանն է։ Փորձագետները, քաղաքական ու իրավական գործիչները, քաղաքական ուժերը բազմաթիվ դրույթներ են մեջբերում և քննադատում, ներկայացնում հետընթացը։ Իշխանականները մեկ բան են անընդհատ կրկնում՝ «եթե ուզում եք Փաշինյանը գնա, կողմ քվեարկեք Սահմանադրությանը»։
Սահմանադրության նոր տեքստին բովանդակային չեմ անդրադառնա։ Լիքը տեղեր գրել են «ժողովուրդ» և «ժողովրդավարություն» բառերը, բայց չենք մոռացել, որ այդ իշխանության աղբյուրի 60 հազար ձայնը կեղծել են։ Սրանք ժողովրդի անունը տալով էլ չասեմ ինչե են արել։ Խոսում են ժողովրդի իշխանության մասին, բայց չեն պատասխանում՝ ինչպե՞ս է այդ ժողովուրդը վերահսկելու իշխանությանը։ Միայն ընտրությունների միջոցով, որը կեղծում են ուզածի պես։
Սահմանադրության տեքստը քննարկել, կարծում եմ, անգամ չարժե, որովհետև այս Սահմանադրությունը, ինչպես արդեն բազմիցս ասել ենք, պարտադրված է մեր թշնամի պետության կողմից, նաև թուրքական շահերից բխող փաստաթուղթ է։ Մասնավորապես, հանվում է Անկախության հռչակագրին հղումը, որտեղ խոսվում է Արցախի մասին, Հայոց ցեղասպանության մասին։ Պետական զինանշանի նկարագրությունը բացակայում է, իսկ գործող Սահմանադրության մեջ կար՝ Արարատ լեռը՝ Նոյյան տապանով։ Ադրբեջանից արդեն հղել են ողջույնի խոսքեր, Բայրամովն արդեն գովել է հանձնարարության կատարումը։ Նիկոլն ասում է՝ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխելն է։ Ու այդ շատերից ամեն մեկը մի բան սրանց պարտադրել է։ Սա դրսից մեծ ճնշումների տակ գտնվող իշխանություն է․ բայց հարցն այն է, որ մեկ է՝ փոխվելու են, գնալու են․ ու պատկերացրեք՝ եկավ նոր իշխանություն, որը սրանց հակապատկերն է, թրքասեր չէ, ադրբեջանական պարտադրանքի տակ չէ, ներդրված տրոյական ձի չէ․ ի՞նչ պետք է անի, պետք է հետ պտտեցնի ու փոխի այս նոր Սահմանադրությունը։ Այսինքն՝ ստացվում է, որ մայր Փաստաթուղթը անընդհատ փոխվելու է։
Հիմա սրանց Ալիևը պարտադրում է Սահմանադրություն, սրանք ասում են՝ փոփոխենք, որ պատերազմ չլինի, հետո ավելացնում են՝ սա անում ենք ոչ թե ուրիշների համար, այլ մեր պետության հարատևության համար։ Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջն է ու նախապայմանը։ Ալիևի ինչի՞ն է պետք մեր պետության հարատևությունը կամ ինքնիշխանությունը։ Այսինքն՝ ուրիշ բանի համար է, չէ՞, արվում։
Սկզբում ասում էր՝ այնպիսի բան կասեմ, որ ընդդիմությունը չի հրաժարվի։ Ու տպավորություն էր, որ պետք է շատ լուրջ, կշռադատված նախագիծ բերեն, որն ունի լիքը բարեփոխումներ և անհնար է դեմ քվեարկել։ 2015-ից ի վեր խոսում ենք գործող Սահմանադրության բացասական կողմերի, վարչապետին սուլթանական լիազորություններով օժտելու մասին։ Չպետք է որևէ վարչապետ այսքան լիազորություն ունենա։ Կարո՞ղ եք ասել մի բան, որով քչացրել են Նիկոլի լիազորությունները։ Կայուն մեծամասնության զավեշտալի դրույթը պահպանվում է։ Դատավորներին դարձնում են ԺՊ-ներ, մինչև բոլոր դատավորները հենց Նիկոլի ճաշակով կազմվեն։ Եթե հիմա ԲԴԽ անդամների կեսը ընտրվում էր դատավորների կողմից, հիմա պետք է բոլոր 10-ին էլ կընտրի ԱԺ-ն, այսինքն՝ ՔՊ-ն։ Չկա մի դրույթ, որտեղ օրենքով անկախ մարմինների վրա իրոք անկախությունը պահելու պարտավորություն դրվի, որ հասկանաս՝ ՄԻՊ-ը, դատախազը, ԿԸՀ նախագահը և այլք չեն լինելու ՔՊ-ականներ։ Ու այսքանից հետո ուզում են համոզել, թե սա ուզում է գնա՞լ։ Լիազորությունները ավելացնում է հաջորդ վարչապետի համար, ու ինքը գնա՞։ Սահմանադրությունը պետք է պաշտպանի Հայաստանը ցանկացած իշխանությունից, ոչ թե ապահովի որևէ իշխանության անսահմանափակ հնարավորությունները։ Սահմանադրությունը չի գրվում մեկ վարչապետի, մեկ կուսակցության կամ մեկ քաղաքական իրավիճակի համար։ Սահմանադրությունը գրվում է նաև այն օրվա համար, երբ այդ վարչապետը, այդ կուսակցությունը և այդ իշխանությունը այլևս չեն լինելու։ Սրանց տեքստից հասկացվում է, որ իրենց համար են գրել ու Ադրբեջանի։ ՀՀ շահը չկա այդտեղ։
Գործող Սահմանադրությունը, նախորդ անգամ էլ ասացի, 200 տոկոսով ծառայել է Նիկոլ Փաշինյանին, և նոր Սահմանադրությունն էլ 200 տոկոսով ծառայելու է իրեն։ Եվ ուրեմն, եթե լիազորությունները չի քչացնում, նորմալ, ընդունելի բան չի առաջարկում, ինչո՞ւ է փոխում Սահմանադրությունը։ Եթե որևէ խելքը գլխին բան ավելացված չէ, մերժելի որևէ բան հանված չէ, ուրեմն գալիս ենք նույն համոզմանը՝ նոր Սահմանադրության իմաստը Ալիևի պահանջի կատարումն է։ Սա Փաշինյանի շահերով կազմված թուղթ է՝ Ալիևի ճաշակով։ Ընդ որում, Սահմանադրության մեջ բազմաթիվ ձևակերպումներ կան Նիկոլի ոճին համահունչ, հատկապես՝ սկզբի մասում․ հասկանալի է, որ կա՛մ նա է գրել, կա՛մ խմբագրել է։
Հիմա գալիս է մյուս հարցը՝ ընդունումը։
Փաշինյանն ասում է՝ թող ընդդիմությունը համաձայնություն տա՝ գնանք հանրաքվեի, ժողովուրդը որոշի։ Եթե ոչ՝ ստիպված կլինենք գնալ արտահերթ ընտրությունների։ Բայց մոռանում է նշել, որ երկուսն էլ՝ թե՛ հանրաքվեն, թե՛ արտահերթ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանի, նրա օգնական գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, նրա կուսակցական ընկեր և նախկին աշխատող Վահագն Հովակիմյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ոստիկանության, ԱԱԾ-ի կազմակերպմամբ անիմաստ գործընթացներ են դարձել։ Սրանից 5,5 ամիս առաջ մեր երկրում ընտրություններ էին․ ո՞նց անցան, վստահելի էի՞ն, բան հասկացա՞ք։ Բռնաճնշումներ, պետական ընտրակաշառք, համայնքային սոցիալական կոռուպցիա, հակաքարոզչական իրար կտրած-կպած ձայնագրություններ, վարչական ռեսուրս, ֆեյքեր, կեղծիքներ, ընտրախախտումներ, ձայների հաշվարկի դադարեցում, առանց հաշվարկի վերջի հաղթող է հայտարարվում, մի բան հաշվում են, ֆոկուս են անում, մեկը դուրս է մնում։ Հիմա եկել, էլի ասում է՝ ժողովուրդը թող որոշի։ Ինչի հունիսի 7-ի ընտրության արդյունքները ժողովուրդն է որոշե՞լ։ Բա այդ դեպքում ո՞ւր է խորհրդարանի երրորդ ընդդիմադիր ֆրակցիան։ Կամ եթե ժողովուրդը որոշեր, դու այդտեղ ի՞նչ գործ էիր ունենալու։ Հավասար պայմաններ պետք ա ապահովեր պետությունը, իշխանությունը, ապահովելե՞ս։ Ինչի հիմա նույնը չի՞ լինելու։
Ընդդիմադիր լիդերներին կալանավորել է, ասում է՝ եկեք գնանք հանրաքվեի։ Ու էդ հանրաքվեն էլ անելու է նույն կազմը, ովքեր կազմակերպել-անցկացրել են 5,5 ամիս առաջվա ընտրությունները։ Իմ կարծիքով չարժե այդ ձևականությունների վրա այդքան ջանք թափել, Սահմանադրությունը փոխեք կառավարության նիստին, կամ ՔՊ նիստին, տարբերություն չկա։ Ո՞նց եք ամեն նիստի ժամանակ չզեկուցվող հարցով պետական պարտքը շատացնում, գույքեր նվիրում-վերցնում, Սահմանադրությունն էլ նույն կերպ անցկացրեք թող գնա։
Ինչ վերաբերում է Փաշինյանի գնալուն, թե՝ «եթե Սահմանադրությունը մերժեք՝ կգնամ, եթե ընդունեք՝ հաջորդ ընտրություններին չեմ առաջադրվի», պարզունակ մտավարժանք է։ Այն լիազորությունները, որ նրան տվել է այս գործող Սահմանադրությունը, նույն կերպ տալու է նոր գրված այդ Սահմանադրությունը, որը մոտավորապես Բրեժնևի մասին է։ Գնացող էիր՝ 5,5 ամիս առաջ չկեղծեիր ընտրությունները․ հաստատ կգնայիր։
Կարճ ասած՝ այս Սահմանադրության տեքստը ընդամենը գործարք է՝ արտաքին պարտադրանքի և սեփական իշխանությունը վերարտադրելու միջև։ Ժողովուրդն այնտեղ չկա։ Սահմանադրությունը չի կարող գրվել Ալիևի պահանջով, չի կարող խմբագրվել Փաշինյանի քաղաքական շահերով և չի կարող ընդունվել մի գործընթացով, որի նկատմամբ քաղաքացին վստահություն չունի։ Կեղծիքներով ու ճնշումներով իշխանությունը պահողը, չի կարող երկրին տալ լեգիտիմ Մայր օրենք։
Սևակ Հակոբյան






