Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի բացառապես հայ ժողովուրդը, իսկ դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությանը։
«Նման որոշումները հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն կայացնի։ Այս հարցում դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ, առավել ևս՝ դա Գերմանիային չի վերաբերում»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Վադեֆուլի՝ Բաքու և Երևան կատարելիք այցից առաջ արած հայտարարություններին, թե Մոսկվան չպետք է խոչընդոտի Երևանի և Բաքվի՝ Եվրամիության հետ մերձեցմանը։
Զախարովայի խոսքով՝ Եվրամիությունը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից և տարածաշրջանում լարվածության նոր օջախներ ստեղծել։




