Ամբողջ ձմռան ընթացքում ընդամենը մեկ օր տեղացած առատ ձյունը հերթական՝ հազարերորդ անգամ ապացուցեց մեր երկրում կառավարման ճգնաժամը, որի պատճառը իշխանության դիլետանտությունն է։ Ձյունն անսպասելի՞ էր։ Ոչ։ Օդերևութաբանները 5 օր առաջ ասել էին, որ հինգշաբթի՝ փետրվարի 20-ից, ուժեղ ձյուն է գալու և տևելու է երեք օր։ Ձյունը առավոտից գալիս-նստում էր ու տարամաբանակն է՝ երբ աշխատանքն ավարտող մարդիկ հասարակական տրանսպորտով, տաքսիներով, իրենց ավտոմեքենաներով տուն գնալիս լինեին, խցանումներ կլինեն։ Բայց հնարավոր էր դա այնպես կառավարել, որ չդառնա կոլափս։ Երևան-Գյումրի, Երևան-Սևան և այլ մայրուղիներում ու հատկապես Երևանում՝ սառույց, չմաքրած փողոցներ, աղ ու ավազ չտեսած փողոցներ։
Եկեք հասկանանք իրավիճակի պատճառը։ Տիգրան Ավինյանը, տեղակալները, վարչության պետերը, թաղապետերը, տարածքային կառվարման նախարարը, մարզպետները, սաղ ՔՊ-ական են ու սաղ ջահել։ Եթե տարիքով ու փորձառու մարդ կա էս թվարկածներիս մեջ՝ ասեք, կարող է ես չգիտեմ։ Բոլորը ՔՊ-ական, կյանքի ու աշխատանքային փորձ չտեսած մարդիկ են, էլ չեմ ասում, որ Երևանի ղեկավարությունը միլիոնուկեսանոց քաղաքի կառավարման փորձ չունի։
Սրանք կաբինետներ են վայելում, մեքենաներ, 20 հազար դոլարանոց տոմսեր են առնում, լուրջ դեմքով գնում են գործուղումների, թե՝ փորձի փոխանակում ենք անում, ավտոբուսներ են պատվիրում ու մեր փոխարեն որոշում են, որ դա մեզ հարմար է ու մենք էլ կվճարենք, հարկ ու տուրքեր են թանկացնում։ Ու էս ամենը՝ երբ հանգիստ վիճակ է, իրադարձություն չի կատարվում։ Բայց երբ հանկարծ ինչ-որ տեղից անսպասելի մի բան է ծլում, երևում է՝ կառավարման անկարողությունը, ու դառնում է ճգնաժամ, անկառավարելի վիճակ, երևում է նրանց ամբողջ թշվառությունը։
Երևանը երկար տարիներ կառավարածները իրենց փորձով, իրենց տեղակալների, վարչության պետերի երկարամյա փորձով գիտեին, որ եթե կանխատեսվում է Երևանում ձյուն, ուրեմն պետք է պատրաստ լինել ու չասել՝ դե էսքանը ունեմ, էսքանն եմ աշխատացնում, էսքանն եմ հասցնում։ Էն ժամանակներում էս կարգի չէր, որ ձմեռը քիչ ձյուն գա, ճքճքան ձմեռներ էին, գլոբալ տաքացումը հլը էսքան չէր խորացել։ Արտակարգ իրավիճակներում պետությունը լիքը տարբերակներ ունի, կարող է փրկարարներից բացի դիմել բանակին, ոստիկանության ուժերին․ կարող էր կոչ անել՝ հնարավորինս շուտ մարդիկ ավարտեն աշխատանքը և գնան տուն, ովքեր կարող են՝ աշխատեն հեռավար։ Կարելի էր պարտադրել հանրային տրանսպորտի անվադողերը լինեն ձմեռային, որ երեկվա նման խցանումների կեսը չստեղծեին «քյաչալ պագրիշկեքով» ավտոբուսները։ Եթե հաջորդ տարի Ավինյանը մնա քաղաքապետ, գուցե ավելի մեծ փորձ ունենա, որ նման իրավիճակում քաղաքը չհայտնվի, եթե, իհարկե, գործ չունենք մարտնչող տգիտության հետ։ Ամեն դեպքում, արդեն մի քանի տարի տեսնում ենք, որ իրենք են Երևանում իշխանությունը, բայց անձրևը ջրհեղեղ է դառնում, ձյունը մայրաքաղաքը դարձնում է Անտարկտիդա։
Ստացվում է՝ էս ջահելները եկել են գլխից դուրս խոստումներով, մեծ-մեծ խոսելով, ընդդիմադիրների վրա իրենց ախռանիկներին ու բերետավորներին քշելով, մի ձև տիրացել են իշխանությանը ու փորձարկում են անում մեկուկես միլիոնանոց քաղաքի վրա։ ժամանակին 10 հոգանոց կոլեկտիվ չղեկավարածները ղեկավարում են երկրի բնակչության կեսը կազմող քաղաքից տնտեսութուն։ Իրոք, էլի, սրանցից ո՞վ է 2018 թվից առաջ կոլեկտիվ ղեկավարել։ Նիկո՞լը։ Ոչ իր կոլեկտիվը եղել է փոքր։ Ավինյա՞նը։ Էդ ո՞ր մի հայտնի, մեծ կազմակերպությունն է ղեկավարել։ Արարատ Միրզոյա՞նը; Արայիկ Հարությունյա՞նը, որը կառավարւթյան աշխաակազմի ղեկավարն է, ո՞վ է 10 հոգանոց կոլեկտիվ ղեկավարել։
Ասում են՝ դե բա շատ ա ձյուն եկել, 15 օրվա չափ․ ժողովուրդ ջան, շատ ձնից կարելի է զարմանալ, եթե այն գա օգոստոս ամսին։ Դեկտեբերին, հունվարին, փետրվարի առաջին 20 օրը համարյա ձյուն չեք տեսել․ ձմռանը ձյուն է եկել, ասում եք՝ պատրաստ չենք, որովհետև անսպասելի էր, շատ էր։ Մեղավորը ձյունը չէ, մեղավորը դու ես, որովհետև եթե փորձ չունես, պետք է առնվազն ունենաս տեղակալներ, պաշտոնյաներ, որոնք ունեն տասնամյակի փորձ ու պատկերացնում են, որ եթե ձյուն է կանխատեսվում ինչ պետք է անել։ Պետք է էդ փորձառուն եթե լինի, բացատրի, որ այ ՔՊ, եթե ուզում ես փող աշխատել կամ քաղաքի համար լավություն անել ու բերում ես նոր ծառեր, պետք է դա անես էնպես, որ քաղաքացուն ամառվա շոգը չսպանի։ Ու պետական համակարգից ռադ անես էն պաշտոնյային, որը որպես լուծում ասում է՝ զոնտիկով քայլեք։ Դու իրավունք չունես որևէ փոփոխություն անել բնակչի վրա մունաթ գալով։ Բայց դուք անել չգիտեք ու մի հատ կակաչի սոխուկ եք տնկում, սկսում եք մունաթ գալ․ դպրոցական ոտանավոր կար՝ «Այսօր ուրիշ է կարգը, ես եմ մաքրել հատակը»։
Դուք իրականում մեծ պրոբլեմի մեջ եք։ Գույքահարկը թանկացնում եք, բայց չեք կարողանում կառավարել, թանկացնում եք տրանսպորտը, ժողովուրդը մնում ա կանգառներում կանգնած, քաղաքի ամբողջ ժողովուրդը երեկ երանի էր տալիս գազելներին, եկամտի հայտարարագրում եք մտցնում, ժողովրդին զրկում եք եկամտից, որ հայտարարագրի։ Ասում են սաղ նորմալ է․ տրանսպորտը բարեփոխել ենք, մեկ էլ գալիս է ձմեռը, լինում ենք խայտառակ։ Բանակը զինում եք․ գալիս է պատերազմ, լինում եք խայտառակ։ Մի փողոց ասֆալտ անելու համար միջազգային բանկի եք դիմում ու էնպես եք ասֆալտում, որ լինում եք խայտառակ։ Ասում ենք դուք չեք կարողանում ճգնաժամաին կառավարում անել, բայց դուք իսկական ճգնաժամ ստեղծող եք։ Մի հատ ձյուն է եկել ու երկրում կյանքը կանգնել է։ Դպրոցները փակվել են, համալսարանն անցել է հեռավար, բանակի տեղաշարժը արգելվել է, մեկ էլ քովիդի սկզբում էր էդպես։ Ժողովուրդ, մեր երկրում առաջին անգամ չէ, որ ձյուն է գալիս։ Խնդիրը կարգավորելու ձեր տրամաբանությունը սա է՝ արև կլինի, ձյունը կհալի, թշնամին կսովածանա՝ սահմանից կգնա։
Կրկնում եմ՝ կարելի էր չէ՞ խորհուրդ հարցնել, պահել մի քանի նորմալ մասնագետի, որ ոչինչ, թող ՔՊ-ական ջահել չլինեին, բայց մասնագետ լինեին, գոնե մի երկու ձեռքբերում ունենայիք․ լավ ձեռքբերումը հեչ, չքանդեիք եղածը։ Վստահ եմ, եթե մի փոքր հնարավոր լիներ էս ձյունը կապել նախկինների կամ ռուսների հետ, հաստատ կանեին։ Կոնկրետ Ավինյանը ինչ վստահել են՝ պրավալ է տվել՝ քովիդի դեմ պայքարը, ԱՆԻՖ հիմնադրամը, տրանսպորտային բարեփոխումները, ձյանը պատրաստվելը։ Բայց նույնն էլ Նիկոլն է անում․ կարո՞ղ եք ասել մի բան, որը Նիկոլը արել է՝ հետևելով խելացի, փորձառու գործիչների փորձին, սկսած ամենապարզ կառավարումից մինչև ամենաբարդ բանակցությունները։ Որևէ մեկի հետ այդ մարդը խոսել-քննարկել է՞։ Մինչև իր զրոյական կետից սկսելը ի՞նչ է արել։ Հիշում ե՞ք, հանդիպեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու ասաց՝ նորություն չասեց, որը ես չգիտեի։ Այ էդպես մեծամիտ, բայց բոբիկ գնաց բանակցեց, պրավալ տվեց, ու արդյունքը մեր մաշկի վրա զգում ենք։ Ես ընդդիադիր եմ, ուրեմն ինչ նախկիններն են արել, հակառակը կանեմ ու տենց էլ հակառակը բանակցեց ու տեսանք։ Մարդիկ տասնյակ տարիներ բնակցել են, խորացել են, մտածել են, գիրք ու թուղթ են կարդացել, եզրակացություն արել ու մի հատ չորրորդ սորտի թերթի խմբագիր ասում է՝ էդ է՞ր ձեր դիվանագիտությունը, զրոյականից եմ սկսում։ Այո, հենց դա էր դիվանագիտությունը, որը մեզ 30 տարի խաղաղության մեջ պահեց։ Ու էքո մեծամտությունը, գլուխգովանությունը մեզ բերեց էս աղետին։
Նույնն էլ Ավինյանինն է։ Դուք տեսել ե՞ք մի անգամ Ավինյանը, որին վստահվել է ամեն օր մեծացող քաղաք, մի հատ պրոբլեմի շուրջ խորհրդակցի նխկին քաղաքապետերի հետ ու խնդրի ասել ինչը կարելի անել, ինչը չի կարելի՝ նրանց լավ ու վատ փորձերի հիման վրա։ Ինչո՞ւ չի հանդիպել․ որովհետև նախ մտքով չի անցել, որ դիմի, բացի էդ՝ դիմելու երեսատեղ չունի, ՔՊ-ական իշխանությունն էնքան վատություն է արել, որ երես չունի դիմելու։ Եվ վերջապես՝ մեծամիտ են, թվում է իրենց՝ ամեն ինչ գիտեն, ինչպես Նիկոլը։ Ոնց նա զրոյական կետից սկսեց, էդպես էլ Ավինյանը։ Հենց սա զրոյական կետն է, Ավինյանը ձյան դեմ պայքարում է նենց, ոնցոր նախամարդը առաջին անգամ ձյուն տեսնելիս։ Վերջ ի վերջո, թարգեք կապիկությունը, բահը վերցրել, վիդեո ես նկարել, թե ինչպես ես մաքրում, ինչ է թե քեզ հիշեցնում են Տարոն Մարգարյանին 10 տարի առաջ տվածդ խորհուրդը։ Քաղաքապետը չպետք է բահը ձեռքին մաքրի, այլ պետք է համակարգեր ձևավորի, որը օպերատիվ կառավարման մեջ դնի, էդ է գործը։ Ոչ թե մի հատ ոտքի իզ բացի մի քանի կամերայով, ձյան մաքրող մեքեաների ֆոնին խոսի ու տեանյութեր տարածի։ Վերջ ի վերջո հասկացեք ինչի մասին են ձեր պաշտոնները։
Քանի իրենք իրենց տաք կաբինետներում նստած են, օգնական-բան ասում են շեֆ ջան սաղ ճիշտ ես անում, իրենց թվում է, թե իրոք ճիշտ են անում։ Ոչ մի բանը ճիշտ չեք անում, որովհետև չեք էլ կարող։ Դա գիտելիքների, փորձի, տարիների տքնաջան աշխատանքի, ինստիտուցիոնալության արդյունքն է։ Դուք դրանցից չունեք։
Կարճ ասած՝ մեկ օրվա ձյուն չեք կարողանում հաղթահարել ու խոսում եք՝ գաղափարախոսությո՜ւն, ռազմավարությո՜ւն, իրական Հայաստա՜ն, խաղաղության խաչմերո՜ւկ։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն ես կարդում, իդեալական ներկայացնում, հաջորդ օրը ձյունը կաթվածահար է անում քո գաղափարախոսությունը։ Դու շատ-շատ՝ մեկ աշխատանքային օրվա ռազմավարություն կարող ես գրել, էն էլ՝ օրվա վերջում, հաջորդ օրը դա արդեն չի աշխատելու։ Խաղաղության խաչմերուկը ենթադրենք ու բացվեց, այ սենց առաջին ձյան նման էդ խաչմերուկում էլ լինելու են վթարներ, ոնց ձյունն եք մաքրում, էնպես էլ էդ խաչմերուկն եք կառավարելու։
Իրական Հայաստանը էս ա ժողովուրդ․ ո՞ւմ եք վստահել մեր երիրը։ Դրա համար էլ մի կողմից ձյանն են տակ տալիս, մի կողմից անձրևին, մի կողմից Ալիև-Էրդողանին։ Ամեն մեը մի կողմից չեն թողնում խեղճ հարիֆներն աշխատեն։ Խեղճ հարիֆներն էլ առանց այդ էլ աշխատել չեն կարողանում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը