30 03 2021

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել․ ՄԻՊ

Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել․ ՄԻՊ

Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1) Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի:

Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել:

2) Խորհրդային միությունում տեղի ունեցածը եղել է ոչ թե երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների որոշում, այլ մեկ ինքնիշխան պետության՝ ԽՍՀՄ-ի ներսում երկու սուբյեկտների միջև սահմանների վարչական բնույթի բաժանում: Խորհրդային քարտեզները միայն այդ մասին են:

Ի դեպ, ինչու՞ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում:

3) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացը վարչատարածքային բաժանման հետ կապել չի կարելի: Այդ երևույթները միանգամայն տարբեր են:

4) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող: Սա պահանջում ՀՀ քաղաքացիների, ՀՀ բնակչության իրավունքների իրական երաշխավորման հրամայականը:

5) Ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի և ուժի իրական սպառնալիքի ներքո և ադրբեջանական բացահայտ ցեղասպան քաղաքականության պայմաններում:

6) Պետական սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը կամ առաջացնել պետության քաղաքացու իրավունքների և օրինական շահերի, այդ թվում՝ կյանքի ու ֆիզիկական անվտանգության, երեխաների անվտանգ ապրելու, սեփական հողը մշակելու, ջրային պաշարներից, արոտավայրերից ու խոտհարքներից լիարժեք օգտվելու և այլ իրավունքներ:

Այս կետերը ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորող հիմնական գործոններից են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ