«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը շարունակում է «Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը» խորագրով հոդվածների շարքը:
Հերթական հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.
«Իշխանության ներքին չվերթ՝ «ինչորԲասին» և այլոք
Հաջորդ իշխանության հնարավոր երեք տարբերակներից (մոսկովյան, արևմտյան, թուրքական), ոչ մեկն էլ չի բխում Հայաստանի խորքային շահերից։
Հայաստանի հետպատերազմյան վերականգնում հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերելքի ռեսուրսը, այն է` հաջորդ իշխանության կորիզը, ձևավորվի Հայաստանում։ Միայն այդ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ ունենալ խորքային ստրատեգիական հարաբերություններ, Արևմուտքի հետ` կոնցեպտուալ նոր, առողջ աշխատանքային հարաբերություններ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գտնել արժանապատիվ հարևանության մոդելը։ Առանց այս ամենի՝ Հայաստանի հեռանկարը մշուշոտ է։
Ինչո՞ւ առայժմ չի ստացվում Հայաստանում նոր, սոլիդ իշխանության ձևավորումը։ Թվում է, թե բոլոր նախապայմանները կան։
Այսօր Հայաստանի գրագետ խավերի 95 տոկոսը (առանց չափազանցության) համակարծիք է, որ այս իշխանությունը պետք է փոխվի։ Դա չի նշանակում, թե այդ 95 տոկոսը այս կամ այն ուժի կամ գործչի կողմն է, բայց շատ հստակ է մերժում գործող իշխանությանը։
Որոշ հարցումներով՝ Նիկոլն ունի 25 տոկոս, այլ տարբերակներով՝ 20 ու նույնիսկ 17։ Բայց նույնիսկ սա չէ էականը։
Ղազախստանում իրադարձություններից 1-2 օր առաջ Նազարբաևին անվանում էին Յելբասի՝ ժողովրդի հայր, ուներ նորմալ վարկանիշ։ Սպասել, որ Նիկոլի վարկանիշը է´լ ավելի իջնի, սխալ մոտեցում է։ Կարող է իջնել, կարող է չիջնել. այս պահին հանրային հեղինակության առումով Նիկոլը ինչ-որ փոքր խմբի «չգիտեմ ինչ բասի» է. կոպիտ սխալ է նրան «ժեխբասի» կամ նույնիսկ «մարգինալբասի» համարելը։ Նա արդեն չունի կայուն սոցիալական հենարան։ Նիկոլն ունի և միշտ ունենալու է հասարակության մի փոքր մասի աջակցությունը։Նրա ուժը դա չէ։ Նրա ուժն իրավապահներն են, զգալի զանգվածների կոնֆորմիզմը և հակառակ պրոցեսի թուլությունը։ Այս առումով նա ուղղակիորեն ուժայինների «Բասին» է, իսկ անուղղակիորեն՝ կոնֆորմիստների։
Գոնե նրանք, ովքեր եղել են պետական կառավարման համակարգի բարձունքներում, սա լավ պետք է հասկանան։ Եվ սա վարկանիշի հետ որևէ կապ չունի։
Ինչպե՞ս սկսել հայաստանակենտրոն նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Ինչպե՞ս սկսել հանրային լայն պրոցեսը, ինչպե՞ս մարդկանց հնարավորություն տալ՝ մասնակիցը դառնալու մեծ փոփոխությունների, և ինչպե՞ս կոնֆորմիստներին ցույց տալ այլընտրանք։
Մի կողմից՝ անիմաստ է սպասել, թե ե´րբ Նիկոլի ցածր վարկանիշն ավելի կիջնի կամ կզրոյանա, մյուս կողմից՝ անլուրջ է առանց անելիքի իմացության օրումեջ հայտարարել տարբեր շարժումների կամ պրոցեսների մասին։
Եթե երկրի գրագետ բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկրում պետք են փոփոխություններ,դրանք անպայման տեղի են ունենում։ Իսկ եթե պրոցեսը ձգձգվում է, ուրեմն երկու կարևոր տապալում կա, ու խնդիրը պետք է փնտրել այդտեղ.
Բովանդակություն
Կազմակերպչական-կառուցվածքային աշխատանք
Նիկոլի՝ իշխանության մնալու գաղտնիքն այն է, որ հասարակությանը չի առաջարկվում հասկանալի կոնսոլիդացիոն բովանդակություն, որը թույլ կտա ունենալ լայն ներկայացվածությամբ պրոցես։ Մարդիկ, տարբեր սոցիալական խավերը չեն հասկանում, թե իրենց ի´նչ է առաջարկվում։ Ավելին, այդ մարդկանց հուզող խնդիրների մեծ մասի մասին չի էլ խոսվում։ Չկա այն բովանդակությունը, որը կհամախմբի բժշկին, տաքսիստին, գործարարին, դասախոսին, կրպակավաճառին, տնային տնտեսուհուն, գյուղացուն, ուսուցչին և այլոց։ Նոր բովանդակությունը պետք է ցույց տա հասարակությանը իր վաղվա օրը, պետք է խոսի անվտանգությունից մինչև սոցիալական հարցեր, խաղաղությունից մինչև արժանապատվություն, Թուրքիայի հետ բանակցություններից մինչև Ադրբեջանի հետ դեէսկալացիա, Քովիդից մինչև գնաճ և այլն։
Ի դեպ, երբ դա չի անում ընդդիմությունը, այդ բացը փորձում է լրացնել իշխանությունը։ Բայց սա պարտված իշխանություն է, որը չի կարող դեպի վերելք առաջնորդել, այդ պատճառով էլ մենք լռվել ենք անհուսության փոսում։ Այս գաղափարները ճիշտ ձևակերպելու և առարկայական խոսակցություն սկսելու դեպքում հունիսին Նիկոլին ձայն տված 680 հազարից մի քանի հարյուր հազարն ընդունելու է այս գաղափարները ու միանալու է վերելքի պրոցեսին, տանը մնացած 800 հազարի մեծ մասը տեսնելու է իր հետաքրքրությունը և նույնպես միանալու է, իսկ հունիսին փոփոխություններին կողմ քվեարկած400 հազարը կդադարի մտածել, թե հուլիսից իրեն մոռացան։
Տակը մնալու է մի շերտ, որը միշտ Նիկոլին համարելու է ենթաքրիստոսի պես մի բան։
Ինչ վերաբերում է կառուցվածքային-կազմակերպչական կողմին, ապա այստեղ այսօր ուղղակի զրոյական վիճակ է։ Մինչև քաղաքացին, հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչները, տարբեր սոցիալական խավերի շահագրգիռ խմբերը չիմանան, թե իրենց խնդիրներով ինչպե´ս գնան ընդդիմության գրասենյակներ, ոչ մի զանգվածային պրոցես չի լինի։ Քանի՞ մարդ է այսօր աշխատում հաջողության պրոյեկտի վրա. չնչին թիվ, որովհետև աշխատանքի դաշտը չկա, աշխատելու և ինտեգրվելու մեխանիզմները չկան, նույնիսկհասցեն չկա։ Էդ դեպքում Նիկոլին սկզբունքորեն մերժող հանրության մեծամասնությունը ինչպե՞ս կոնսոլիդացվի, ինչպե՞ս դառնա թափանիվի մի մասնիկը։ Ինչպե՞ս մաս կազմի իշխանության փոփոխության ներքին չվերթին։
Նոր, սոլիդ, համերաշխ իշխանություն բոլորին է պետք՝ բոլոր ընտրազանգվածներին, պետական համակարգին, ուժայիններին և այլն։ Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ խաղաղ, սահուն ճանապարհով հաջողության հասնելու։ Միակ հարցը՝ ե՞րբ վերջապես կմիացվի «օդանավի» շարժիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը