Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 21-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն և ԱԳՆ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին:
Փաշինյանն իր խոսքում նշել է.
«Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ: Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար:
Արարատ Միրզոյանը և Արմեն Գրիգորյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, և իմ տրամաբանությունն այն է, որ այս ժամանակաշրջանում հատկապես, պետական կառավարման համակարգը պետք է աշխատի որպես մեկ ամբողջություն, մեկ օրգանիզմ: Եվ ես համոզված եմ, որ մենք այդպես էլ կվարվենք»:
Հիշեցնենք, որ Արտաքին գործերի նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Արա Այվազյանը հրաժարական էին ներկայացրել`որոշակի ուղերձներ պարունակող հայտարարություններով: Իսկ Արարատ Միրզոյանը չունի համապատասխան կրթություն, դիվանագիտական կորպուսի մաս չի կազմել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը