ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել ԱԳԵԾ խոսնակի՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։
Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում եւ ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել եւ կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։
Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությաունը սնում է ատելությամբ եւ հայատյացությամբ, ինչի դաժան դրսեւորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի եւ սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։
Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդավորված կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները եւ կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որեւէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։
Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ եւ միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագրոծություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից եւ Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, եւ անտեսել է Արցախի ժողովրդի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները եւ Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը։
Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի եւ կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային սովորութային իրավունքի խախտումները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը