21 01 2025

Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հենց նոր խոսեցինք առևտրատնտեսական հարաբերությունների մասին, որոնք վերելք են ապրում։ Առևտրաշրջանառությունը ռեկորդային մակարդակի է հասնում՝ նախորդ տարի գրեթե 12 մլրդ դոլար, ինչպես ասում է վիճակագրությունը»,- ասել է նա։

Խոսելով ռազմավարական առումով գործընկերության մասին Լվրորվը հավելել է. «Երեւանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցը, որը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ:

Նախորդ տարին բարդ էր երկկողմ հարաբերությունների համար։ Մենք այսօր, անկեղծ ասած, վճռական ենք մեր ղեկավարների՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պահպանվող մթնոլորտի ոգով քննարկել բոլոր այն հարցերը, որոնք օրակարգում են, որոնք կարևոր են ձեզ համար, որոնք կարևոր են Ռուսաստանի Դաշնության համար։

Համոզված եմ, որ մենք այժմ կառուցողականորեն կդիտարկենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք գնահատել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի հետ»։

ՌԴ արտգործնախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և հայտնել Ռուսաստանի պատրաստակամությունը աջակցել գործընթացներին:

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ եռակողմ պայմանավորվածությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 և 2022թթ.»,- ասել է Լավրովը։

Իր հերթին Արարատ Միրզոյանը հայտարարել է. «Կարծում եմ, որ իմ այցը բավական տեղին է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի առումով։ Հիշում եմ, որ վերջին անգամ այս ձեւաչափով մենք հանդիպել ենք 2023թ. հուլիսին։

Կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնելու տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդի հարցերի շուրջ։

Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը»:

ՀՀ արտգործնախարարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել Հարավային Կովկասի բոլոր հաղորդակցությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ