17 08 2024

Բաքվում համոզվել են՝ Հայաստանի վրա ուժային ճնշումն արդյունավետ է աշխատում. Նիկոլայ Սիլաև. Alpha News



Պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Արևմուտքի դիրքերին տարածաշրջանում, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացին։

«Հայաստանի ամբողջ ճանապարհը դեպի Արևմուտք հանգում է նրան, որ փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց դեռ ոչ ոք չի գնում Արևմուտք, առայժմ միայն փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ի ծրագրերը հանգում են նրան, որ հնարավորության դեպքում և հնարավոր ձևով Ռուսաստանին վնաս պատճառեն: Դա կիրառում են Ուկրաինայում կամ Ռուսաստանի Կուրսկի մարզում։

Եթե նրանք կարողանան դա կիրառել Անդրկովկասում, բնականաբար, կօգտվեն դրանից։ Նրանց խնդիրն այն է, որ Ռուսաստանի հեղինակությանը շոշափելի հարված հասցվի, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների խզումը հարված Է Ռուսաստանի հեղինակությանը։ Նրանք ցանկանում են, որ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել տարածաշրջանում առանց Ռուսաստանի։ Ամերիկյան դիվանագիտությունը միշտ ելնում է նրանից, որ բոլորին պետք է վտարել, որպեսզի ամեն ինչ որոշի միայն ԱՄՆ-ն»,- ասել է Սիլաևը։

Ինչ վերաբերում է Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացին, ապա, ըստ փորձագետի՝ Բաքվում արդեն համոզվել են, որ Հայաստանի վրա ուժային ճնշումներն արդյունավետ են աշխատում։

«Ցավոք, Բաքվում համոզվել են, որ Հայաստանի վրա ուժային ճնշումն աշխատում է, և իրենց տեսանկյունից դա Հայաստանի հետ փոխգործակցության ամենաարդյունավետ գործիքն է։ Եվ ես սպասում էի, որ նման ուժային ճնշման փորձերը կշարունակվեն։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, ապա այժմ շատ դժվար է պատկերացնել, թե ինչ կա կողմերի սեղանին։

Բայց ես չէի սպասի, որ Արևմուտքը ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա՝ հանուն Հայաստանի շահերի։ Արևմուտքին պետք է ցանկացած համաձայնագիր, ինչ էլ որ լինի, բայց այն կնքվի առանց Ռուսաստանի։ Այն, ինչ գրվելու է այնտեղ, երկրորդ հարցն է։ Գլխավորն այն է, որ Ռուսաստանն այնտեղ չլինի»,- ընդգծել է Սիլաևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ