17 08 2024

Դիլիջանի «արու» համայնքապետը, եգիպտացորենի վաճառքի կրպակները և «Գրին ռոք մենեջմենթ գրուպը». Սարգսյան

Դիլիջանի «արու» համայնքապետը, եգիպտացորենի վաճառքի կրպակները և «Գրին ռոք մենեջմենթ գրուպը». Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է.

«Դիլիջանի «արու» համայնքապետը, եգիպտացորենի վաճառքի կրպակները և «Գրին ռոք մենեջմենթ գրուպը»

Դիլիջանի ոլորաններում տեղադրված, եփած եգիպտացորեն վաճառելու համար նախատեսված կրպակների վրա նկարված է «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ընկերության նշանը և գրված է այդ ընկերության անունը։ «Գրին ռոք մենեջմենթ գրուպը» Դիլիջանում տնտեսական մեծ գործունեություն է ծավալում, բազմաբնակարան շենք է կառուցում, այդ մեծ ընկերությունը ի՞նչ կապ ունի համայնքին նվեր տրված, եփած եգիտացորենի մանրածախ վաճառքի համար նախատեսված կրպակների հետ։ «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի ինտերնետային կայքում որպես այդ ընկերության հիմնադիր նշված է Դիլիջանում ծնված, Շվեյցարիայում ապրող Մարետա Գևորկյանը, ով որպես ձեռնարկատեր միանձնյա տիրապետում է Հայաստանում գործող Evocabank-ի բաժնետոմսերի 100%-ին։ Այդ ընկերության հետ կապված մի տարօրինակ պատմություն կա։ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին է դիմել «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն , ի դեմս՝ տնօրեն Վարազդատ Ներսիսյանի, և հայտնել, որ այդ ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800 քմ մակերեսով հողամասում է գտնվում 1936թ-ին․ կառուցված Աղասի Խանջյանի ամառանոցի կիսաքանդված շենքը, որը ՀՀ կառավարության 2004թ․ դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշման համաձայն ընդգրկված է Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։։ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ընկերությունը, կարևորելով հուշարձանների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել ընկերության սեփականությունը հանդիսացող 2800քմ հողամասը, այնտեղ առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման և սպասարկման նպատակով, որպես սեփականություն անհատույց փոխանցել (նվիրել) Դիլիջան համայնքին։ Համայնքի ավագանին 2023թ․ նոյեմբերի 2-ի նիստում քվեարկությամբ հավանություն է տվել նշված 2800 քմ հողամասը ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Սակայն 2024-ին «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն նորից դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` 2800.0 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը ( շինության ավարտվածության աստիճանը 50-80%, ) հիմնանորոգման և որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ իրենց տրամադրելու խնդրանքով։ Համայնքի ավագանին 2024թ. մայիսի 10-ի թիվ 695-Ա որոշմամբ համաձայնություն է տվել վերոհիշյալ 2800 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը հիմնանորոգման և որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։ Ինչ վերաբերում է եգիպտացորենի վաճառքի կրպակներին։Դիլիջանի ավագանին 2024թ․ մայիսի 10-ի նիստում հաստատել է Երևանի բնակիչ Լևոն Մանուչարյանի կողմից Դիլիջան համայնքին կահավորված, տեխնիկապես զինված, եգիպտացորեն վաճառելու համար նախատեսված 25 տնակների նվիրատվությունը Դիլիջանի համայնքապետարանին։ Ինչի՞ դիմաց է Երևանի բնակիչը 25 կրպակներ նվիրել Դիլիջան համայնքին։ Դիլիջանի համայնքապետարանի, եգիպտացորենի վաճառքի կրպակների ու «Գրին ռոք մենեջմենթ գրուպի» առնչությունների մասին հարցերը կարելի էր ուղղել Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար, անձնական գործում իր սեռը «արու» գրած Դավիթ Սարգսյանին, սակայն նախկինում բենզալցակայանի լիցքավորող աշխատած, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող Դավիթ Սարգսյանը խախտելով ՀՀ սահմանադրությունը և <<Տեղեկատվության ազատության մասին>>օրենքը՝ նախկինում չի պատասխանել տեղեկատվական հարցումներիս։ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումից հետո Դավիթ Սարգսյանը ստիպված կլինի պատասխանել Դիլիջանում հողերի օտարման ձևական աճուրդների, դրանց հետևանքով համայնքին պատճառված ֆինանսական մեծ վնասների, եգիպտացորենի վաճառքի համար նախատեսված կրպակների նվիրատվության իրական նպատակի և բազում այլ հարցերի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ