«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանը կեղծ արտահոսք է կազմակերպել առ այն, որ Հայաստանը Ֆրանսիայի ու արտատարածաշրջանային այլ ուժերի հետ Ադրբեջանի դեմ ագրեսիա է նախապատրաստում։
«Ադրբեջանական կողմը փորձում է պնդել, թե Հայաստանի այդ նախապատրաստությունն արտահայտվում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներով, որոնց մասին Ադրբեջանը կեղծ տեղեկություններ էր տարածել, ինչպես նաև սահմանային ուղղություններից մեկում հայկական ԱԹՍ-ի հետ կապված համապատասխան ինֆորմացիայի տարածմամբ։ Իրականում, շատ ակնհայտ է, որ ադրբեջանական այս տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, բայց սա խնդրահարույց է մեկ այլ հանգամանքով, տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը գործողություններ իրականացնելու որոշակի նախապատրաստություն է տեսնում ու ի սկզբանե փորձում է որպես ագրեսոր ճանաչել Հայաստանին, որպեսզի հետագայում իր գործողությունները որակի կանխարգելիչ կամ զսպիչ»,- նշեց պատգամավորը։
Ըստ Աբրահամյանի՝ այս ամենը տեղի է ունենում մի փուլում, երբ բանակցային գործընթացում բավականին բարդ իրավիճակ է։
«Այս իրավիճակում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ որոշակի սադրանքների ու այդ ճանապարհին փորձելու է ողջ պատասխանատվությունն ուղղել Հայաստանի ուղղությամբ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը