16 03 2023

Ոստիկանությունը մոտ 600 մլն դրամի բենզին է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից. «Հետք»

Ոստիկանությունը մոտ 600 մլն դրամի բենզին է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից. «Հետք»

«Հետք»-ը գրում է.

«2022 թվականի դեկտեմբերի 23-ին ոստիկանությունը 2,1 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ, գրում է «Հետք»-ը։

Այդ գումարի դիմաց ընկերությունը պետք է 5 մլն 968 հազար լիտրի բենզինի կտրոն մատակարարեր ոստիկանությանը, սակայն 2023 թվականի մարտի 9-ին «Մեգա Թրեյդի» և ոստիկանության միջև կնքված նոր համաձայնագրով մատակարարվող բենզինի և դրա մեկ լիտրի արժեքը նվազեցվել է։

Արդյունքում պայմանագրի արժեքը կազմել է 593 միլիոն դրամ, որի դիմաց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն ոստիկանությանը պետք է մատակարարի 224 865 լիտրի «պրեմիում» տեսակի և 1,5 միլիոն լիտրի «ռեգուլյար» տեսակի բենզինի կտրոն։

Երբ ընկերության և ոստիկանության միջև կնքվել է գնման պայմանագիրը, «պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը կազմել է 400 դրամ, իսկ «ռեգուլյարինը»՝ 370 դրամ, սակայն մարտ ամսին կնքված համաձայնագրով նոր գները սահմանվել են, համապատասխանաբար, 370 և 340 դրամ։ Փոփոխությունը պայմանավորված է նախորդ տարեվերջի համեմատ վառելիքի գների նվազմամբ։

Սա առաջին դեպքը չէ, որ պետական գերատեսչությունները խոշոր գումարի պայմանագիր են կնքում իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերության հետ։ 

2022-ի տարեվերջին էլ Երևանի քաղաքապետարանն է 185 միլիոն դրամի վառելիք գնել «Մեգա Թրեյդից»։ 2021 թվականի հոկտեմբերին էլ Պաշտպանության նախարարությունը 5,5 միլիարդի վառելիք էր գնել նույն ընկերությունից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ