27 07 2018

Բա ո՞ւր մնացին մենաշնորհների դեմ պայքարելու խոստումները. «Հայոց աշխարհ»

Բա ո՞ւր մնացին մենաշնորհների դեմ պայքարելու խոստումները. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Իշխանափոխության օրերին հասարակության շրջանում ձևավորված չափից ավելի լավատեսական սպասումներն աստիճանաբար մարում են։ Շատ ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ ակնկալիքները հիմնականում կտրված են իրականությունից և անիմաստ է առաջիկայում քիչ թե շատ դրական փոփոխություններ ակնկալել։

Լայն սպառման ապրանքները Հայաստանում շարունակում են թանկ լինել։ Դա այլևս, թվում է, չի հուզում գործադիր մարմնի ղեկավարումը ստանձնած նախկին ընդդիմությանը։ Հույսերը, որ իշխանափոխությունից հետո սպառողական ապրանքների գները կնվազեն, չեն արդարանում։

Որոշ ապրանքային շուկաներում տեղի ունեցող գնանկումային երևույթները բացառապես միջազգային հարթակներում կատարված փոփոխությունների և սեզոնային գործոնների հետևանք են։ Մենաշնորհները անմիջապես վերացնելու վարչապետի խոստումից հետո թե որքանո՞վ է փոխվել մրցակցային դաշտը Հայաստանում և դա ինչպե՞ս է ազդել ապրանքների գների վրա, հավանաբար դժվար չէ գուշակել։ Երկուսուկես ամիսը անշուշտ լիովին բավարար էր դրա համար։ Բայց արդյոք արդյունքներն այնպիսին են, ինչպիսին ակնկալվում էր։

Հեղափոխական փոփոխությունները, որ խոստանում էր կառավարությունը, ոչ մի կերպ չեն դրսևորվում էներգակիրների շուկայում։ Մինչև իշխանության գալը մշտապես թիրախում պահելով այս շուկան, հետաքրքիր է, ի՞նչ է արել այս ընթացքում կառավարությունը բենզինի, դիզվառելիքի, հեղուկ գազի բազմիցս հայտարարված չհիմնավորված գները նվազեցնելու համար։ Կարելի է ասել, ոչինչ։

Ընդհակառակը՝ վերջին շրջանում էներգակիրների շուկայում կան գների բարձրացման երևույթներ։ Մասնավորապես թանկացել է ինչպես դիզելային վառելիքը, այնպես էլ հեղուկ գազը։

Բա ո՞ւր մնացին մրցակցությունը խորացնելու, մենաշնորհների դեմ պայքարելու և այդ ճանապարհով գները նվազեցնելու կառավարության խոստումները։

Ինչո՞ւ այլևս չի խոսվում աշխատավարձերը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները բարձրացնելու մասին, որով հեղափոխության օրերին գոտեպնդում էին հասարակությանը։ Իշխանափոխությունից անմիջապես հետո նույնիսկ որոշ տնտեսավարողներ ցուցադրական քայլեր արեցին՝ աշխատավարձի մեկանգամյա բարձրացում անելով, որը այդպես էլ շարունակություն չգտավ։ Հակառակը, վերջին երկու ամիսներին Հայաստանում գրեթե դադարել է միջին աշխատավարձի բնականոն աճը։ Հունիսին նույնիսկ անկում արձանագրվեց։ Ընդ որում՝ ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածում։ Ավելին՝ կառավարության որոշ անդամներ առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ առաջիկա մեկուկես տարում նման ֆինանսական հնարավորություն չկա։

Բնականաբար չի էլ լինելու, եթե այսպես է կառավարվելու տնտեսությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ