07 02 2025

Թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները

Թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները

Բաքվի զինվորական դատարանը երեկ  շարունակել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների  գործի քննությունը: Վարդանյանի գործը քննվում է առանձնացված և կշարունակվի փետրվարի 10-ին: Արցախի մյուս գործիչների գործի քննությունն այսօր է:

Երեկվա նիստերում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացվել են հատվածներ մեղադրական եզրակացություններից, իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին նաև խոսք ասելու հնարավորություն են տվել:

Ռուբեն Վարդանյանի մասով ևս ներկայացվել է նրա մեղադրական եզրակացության մի մասը: ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան  Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հաղորդել Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը:                                                    

«Ռուբեն Վարդանյանի գործով նիստից ունենք որոշակի  այլընտրանքային  տեղեկություն, որն ընտանիքն ստացել է նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով: Նիստում պաշտպանը երկու բացարկ է ներկայացրել, որից մեկը՝ թարգմանչի մասով: Բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է  422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել: Անգամ որոշ տեղերում հղումներ են եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի  օրենսդրությանը:  Ըստ ինձ փոխանցված տեղեկությունների՝ դատարանը կարգադրել է Ռուբեն Վարդանյանին և նրա պաշտպանին տրամադրել ադեկվատ թարգմանություն։ Ու սա՝ միայն երրորդ նիստի ընթացքում, երբ սկսվել է գործի ըստ էության քննությունը: Բացի այդ, մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները՝ գործի պատճենները ստանալու և տեսաերիզների բովանդակությանը ծանոթանալու մասին։ Բնականաբար, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում»,-նշել է Սիրանուշ Սահակյանը:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի հայտարարություններին, ապա Սիրանուշ Սահակյանը նշել է, որ դրանք, բնականաբար, արվում են ճնշումների ներքո. «Ոչ մի միջազգային մասնագետի համար այդ ցուցմունքները արժանահավատ չեն հնչում»: 

Սահակյանը նկատել է, որ մեղադրական եզրակցության հրապարակված հատվածներից պարզ է դառնում, որ այս  դատավարության ընդհանուր իմաստը Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի անթույլատրելիության հասնելն ու ինքնորոշման բոլոր ջանքերը ոչնչացնելն է: Փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ այս ամենը եղել է «տարածքների զավթման հանցավոր գործունեություն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ