«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ։
«Ինչպես այլ երկրներ, Հայաստանն էլ կիրառեց որոշակի սահմանափակումներ, որը նվազեցնում է շփումները, բայց այդ միջոցը հնարավոր չէ երկարատեւ իրականացնել: Դրա համար մենք այսօր առաջարկում ենք երեք կանխարգելիչ ուղղություններ: Առաջին՝ իրականացնելու ենք հիվանդների վաղ հայտնաբերում, նրանց հետ շփվածների հայտնաբերում եւ ինքնամեկուսացում: Սա հնարավորություն է տալիս որոշակի առումով տարածումը կանխարգելել:
Երկրորդը մեր տնտեսվարողներն են, որտեղ հավանականությունը շատ մեծ է, որ վարակն արագ տարածվում է, եւ մենք կոչ ենք անում սահմանված կանոնների պահպանում: Պետք է ձեւավորվի մշակույթ, քանի որ կորոնավիրուսը դեռ երկար առկա է լինելու:
Եվ ամենակարեւորը, մեր բնակչությունն է, որին կոչ ենք անում կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունը եւ պահպանել ձեռքերի հիգիենան: Այս երեքը պահպանելով մենք ամբողջովին նվազեցնում ենք վարակման ռիսկը»,-ասաց նա:
Նա նաև նշեց․ «Վերջին դեպքերը ցույց տվեցին, մասնավորապես, թաղման, հոգեհանգստի, նաեւ խնջույքերի դեպքերը, փոքրիկ բռնկումների բերեցին: Անգամ եղել են թաղման եւ հոգեհանգստի դեպքեր, երբ մահացած անձը որեւէ կապ չի ունեցել կորոնավիրուսի հետ, մի ամբողջ գյուղ վարակվել է այդ հոգեհանգստի ժամանակ: Ընդամենը մեկ հիվանդի դեպքում, որն ախտանիշներ չի ունեցել, մի ամբողջ գյուղ հիվանդներ ունենք:
Նույնը խնջույքի դեպքում: Մենք ունեինք մանկապարտեզի աշխատող Սյունիքի մարզում, պարզվեց, որ ընդամենը 7 հոգանոց ծննդյան միջոցառման մասնակիցներից 6-ը դրական արդյունք էր տվել: Մարդիկ կարծելով, որ ախտանշաններ չկան, ինքն առողջ է, վարակել էր բոլորին: Այս օրինակները վկայում են, որ վիրուսը շատ արագ տարածվում է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը