Օրեր առաջ ստացել ենք ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկը Փաշինյանը համարել է զրպարտություն և վիրավորանք իր հասցեին, իր «բարի համբավի արատավորում»։ Հիշեցնեմ՝ այդ հաղորդմանը խոսել ենք Հայաստանում անցկացված COP 17 համաժողովի ուռճացված ծախսերի մասին․ նորություն չենք հայտնել, պատգամավորները, լրատվամիջոցները բազմաթիվ նման ծախսեր են բացահայտել, մենք նույնպես անդրադարձել ենք։ Փաշինյանից հերքման պահանջ ստանալով՝ կրկին նայեցի հաղորդումը՝ հասկանալու, թե այդ ո՞րտեղ եմ վիրավորել ու զրպարտել։ Մենք այս հաղորդմանը թեև խիստ քննադատում ենք Փաշինյանի կառավարությունն ու քաղաքականությունը, բայց անձնական վիրավորանքներով կամ զրպարտանքներով չենք խոսում, օրինակ՝ ի տարբերություն նույն Փաշինյանի։ Ես շատ լավ գիտեմ՝ որն է վիրավորանքը, ինչպիսին է լինում զրպարտությունը, ի վերջո՝ արդեն 9 տարի աշխատում եմ այս մթնոլորտում։ Եվ ուրեմն՝ ուշադիր կրկին դիտելով հաղորդումը, չգտա որևէ տող, որը իրավական մասով կարող էր խնդիր առաջացնել։ Դիմեցի մեր կայքի հետ աշխատող փաստաբանական գրասենյակի մասնագետներին, խնդրեցի հուշել, թե որ մասով են հերքման կարիք տեսնում։ Իրենք ևս չգտան զրպարտություն կամ վիրավորանք պարունակող խոսք։ Ուստի առաջարկեցին հետադարձ նամակով խնդրել, որ Փաշինյանի փաստաբանը ճշգրտի, թե կոնկրետ որոնք են համարում արատավորող, վարկաբեկող ձևակերպումներ։ Նամակը ուղարկեցինք Փաշինյանի փաստաբանին, ու չստացանք պատասխան փոխարենը այսօր մամուլով կարդացի, որ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին, ինձ՝ գլխավոր խմբագրիս, և «Hayeli.am»-ին, որը ևս իր հարթակում տեղադրել է թողարկումը։
Մենք մեկ անգամ արդեն անցել ենք այս փուլով․ 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գրոհել է մեր խմբագրություն, առգրավել մեր համակարգիչները։ Սա ևս կհաղթահարենք, բայց ակնհայտ է, որ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել և չի խորշում դա անել անձնապես։ «Դատի եմ տալիս, որովհետև ինձ քննադատում ես»։ Սրա նպատակը չեմ կարծում դատի տալով փող աշխատելն է, այլ այն, որ իր մասին դադարենք խոսել, կամ քննադատելուց շա~տ զգույշ լինենք, կաշկանդվենք, մի խոսքով վախի մեջ պահի։ Ինչ ասեմ, գուցե մեզանից վտանգ է տեսնում։ Երևի կկրկնվեմ, կարծում եմ շատերը ասած կլինեն այս բառերը՝ եթե անգամ ես, կամ իմ պես մարդիկ չխոսեն այդ խնդիրներից, միևնույն է` այդ խնդիրները կան, դրանք, մեր չխոսելուց չեն վերանում, հետևաբար` իր զբաղվելիքը այլ տեղ է, հաստատ ոչ մեզ լռեցնելը, որը դժվար թե ստացվի։ Անգամ կաշկանդելը չի ստացվի, ինչպես չստացվեց դեռ 2018-ից։
Այսօր երկու այլ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ուշագրավ էին ու շատ սիմվոլիկ։ Դատական գործեր էին և՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և՛ նրա կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի մասով։ Լևոն Քոչարյանի վերաբերյալ դատական գործը քննվում է արդեն 3 տարի, անիմաստ ծախսում են պետական ռեսուրսներ, ժամանակ, տևական ժամանակ կալանքի են տարել Լևոնին։ Հիշեցնեմ՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, Արցախի վրա Ադրբեջանի գրոհի և Հայաստանի իշխանության անտարբերության ժամանակ, Հայաստանում մեկնարկեց բողոքի ալիք, արժանապատիվ մարդիկ դուրս էին եկել փողոց։ Ոստիկանությունը բիրտ ուժով բերման ենթարկեց Լևոն Քոչարյանին, մեքենայի մեջ մի քանի բիլակավոր հաշվեհարդար լուծելու տպավորություն էին թողնում։ Ծեծ, ջարդ, բայց քրեական գործ հարուցվեց Լևոն Քոչարյանի նկատմամբ՝ իբր ինքն է ծեծել 4 բերետավորի։ Հասկանալի էր, որ Լևոն Քոչարյանը կալանավորվեց Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ Ռոբերտ Քոչարյանի որդին լինելու համար։ Դատական նիստերին ոստիկանության վկաները հարցաքննվել են ուղիղ եթերում, ծիծաղելի, զավեշտալի տեսարան էր․ ցուցմունքը փոխում էին, ոտքի վրա, ասում էին՝ չենք հիշում, դատախազն էր օգնում իրավիճակից դուրս գալ, աչքով-ունքով հուշում թե ինչ խոսեն, ինչ ոչ։ Ու տեսնելով, որ ոստիկանները խայտառակվում են, դատարանն արգելեց հեռարձակումները։ Այսօր այ էդ խնդալու գործն էր, որը կապ չունի օրենքի հետ։
Այսօրվա մյուս զավեշտը Ռոբերտ Քոչարյանի դատական նիստն էր։ Հիշեցնեմ, մեկ անգամ արդեն այդ գործը ճանաչվել է հակասահմանադրական, ապօրինի, բայց վերաբացել շարունակում են․ Փաշինյանի խնդիրը կարծես անպայման Քոչարյան ընտանիքի անդամների նկատմամբ քրեական գործեր ունենալն է։ Այս քրեական գործերը իրականում այն մասին են, որ Փաշինյանը և նրանք, ում նա զեկուցում է և ստանում ցուցում-հրահանգներ, պատանդ է պահում քաղաքական հակառակորդներին, որ ամեն անգամ իր քաղաքական հարցերը կարողանա լուծել։ Երեկ այլ հարց էր, այսօր Սահմանադրությունն է։
Այս դատական նիստերը նայեք այսօրվա իրականության համատեքստում։ Իրականությունը հետևյալն է․ իշխանությունը ընկած՝ 6 ձայն է ընդդիմությունից փորձում ստանալ՝ ողորմալով, սպառնալով, սադրելով։ Ռոբերտ Քոչարյանի, նրա որդի Սեդրակ Քոչարյանի նկատմամբ շինծու քրգործերը, Սամվել Կարապետյանի նկատմամբ քրգործը դրա վկայությունն են։ Հենց Նիկոլ Փաշինյանը ընտրություններով չստացավ անհրաժեշտ ձայներ սահմանադրական փոփոխությունների համար, ընդդիմադիր լիդերները կալանավորվեցին։ Որևէ մեկը հավատո՞ւմ է էն կոռուպցիոն անուններով մեղադրանքներին, որ գրվել են։ Էդքան ասացին՝ Քոչարյանը թալանել ա, ու վերջում մեղադրանքը կառավարության 25 տարի առաջվա որոշումն է, որը նախագահը ի պաշտոնե պարտավոր էր վավերացնել։ Սամվել Կարապետյանն էլ, դե գիտե՞ք, իր մի գրպանից փողը հանել-դրել ա մյուս գրպանը, վայ քո, ասում ա՝ թալանչի է։ «Ֆորբսի» միլիարդատերին մեղադրում են ինքն իրենից ստոլբաի փող գողանալու մեջ։ Էդ հեքիաթները, ինձ թվում ա, ավելի լավ ա ՔՊ-ի ժողովում պատմի, եթե կհավատան։
Ու այս ամենը արվում է հենց Սահմանադրության պարտադրանքի փուլում, էն փուլում, որ նա ունի 6 ձայնով պակաս ու չի կարողանում անցկացնել։ Պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մարդկանց տանի կալանքի, որ Սահմանադրությունը ընդունել տա։ Նախաբանում գրում է՝ Սահմանադրությունը մեր ժողովրդի հավաքական պայմանավորվածությունն է, բայց ինքը չունի էդ հավաքական պայմանավորվածությունը, չունի էդ կոնսենսուսը, ընդդիմությունը մերժում է կտրականապես։ Ընդ որում` անմիջապես, թե’ նախապես, թե’ հրապարակվելուց հետո։ Անգամ մեկը չի համաձայնվում մեջի որևէ դրույթ քննարկի։ Նորմալ ղեկավարը դա կդներ մի կողմ ու կասեր՝ լավ, կանդրադառնամ էն ժամանակ, երբ անհրաժեշտ չափով բարեփոխումներ կանեմ, երբ բոլորը մասնակցած կլինեն, համամիտ կլինեն այն տեքստի հետ, որը դե թող որոշի ժողովուրդը իր քվեով։ Բայց իրեն տեսեք՝ ասում է՝ կշրջափակենք ԱԺ շենքը, եթե չեղավ՝ կցրենք խորհրդարանը, արտահերթ կանենք, բուլդոզերով կանենք, պատանդ կպահենք ընդդիմադիր լիդերներին, իրենց էրեխեքին, կանանց։ Հավաքական կամքը բուլդոզերո՞վ են անցկացնում։ Նորմալ իշխանությունը, կրկնում եմ, չէր գնա սահմանադրության փոփոխության, եթե ունի այսպիսի ընդվզում։ Մանավանդ էս իշխանությունը, որը, երեկ էլ ասացի, Սահմանադրությունը իրեն ծառայեցրել է մի բան էլ ավելի, ինչ ուզել՝ արել է, սուլթանի լիազորություններ ունի, ինչո՞ւ պետք է էդ սահմանադրությունը փոխի։ Ուրեմն պարտադրանք է, չէ՞։ Եթե չկա էդ պարտադրանքը, ուրեմն փաստաթուղթը ծալի, դիր մի կողմ, մինչև կունենաս աջակցություն։
Եթե Ալիևի պարտադրանքը չէ, ինչո՞ւ եք կապում խաղաղության հետ․ օգոստոսի 8-ին, որ նախաստորագրել ես էդ խաղաղության թուղթը, ԹՐԻՓ-ը, չես ասել, որ պարտադիր պետք է Սահմանադրություն փոխենք, ասել ես՝ մեր ներքին գործն է։ Ասել ես՝ խաղաղությանը շատ մոտ ենք, ընտրություններից հետո։ Սահմանադրության անուն չեք տվել։ Ընտրությունն արել ես, հիմա պարզվում է՝ ո՛չ ԹՐԻՓՓ-ն ես կարողանում, ինչքան էլ մեկնարկը տաս․ հենա՝ իրանցիները հայտարարում են, թե՝ «Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ լինի դա հարավային երթուղին՝ Հորմուզի նեղուցով, թե TRIPP-ը։ Ասում են՝ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը «կարմիր գիծն» են, և թույլ չենք տա, որ դրանք շրջանցվեն։ Դաս քաղեք Հորմուզի նեղուցի օրինակից»։ Հորմուսի նեղուցի պայթյունները լավ եք հիշում։ Մյուսը խաղաղության պայմանագիրն է, որը էլի չի ստացվում, քանի որ կան լիքը նախապայմաններ ու պահանջներ, որը քիչ քիչ եք ասում մեզ, դոզա-դոզա տալով։ Գերմանիայի արտգործնախարարն էլ է ասում՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը կարևոր քայլ է Բաքվի հետ խաղաղության համար, ադրբեջանցիներն էլ, թուրքերնել են գոհ այդ ամենից։ Այ ընկեր, դրանք սաղ ի՞նչ գործ ունեն մեր Մայր օրենքի փոփոխության մասով, մենք Գերմանիայի՞ն, թե՞ Թուրքիային ենք ասում էս արեք, էն արեք, գոհ ենք, դժգոհ ենք, բա դրա ինքնիշխանը ո՞րն ա։ Նիկոլը ինչ գործ բռնել է՝ փուչիկ է և ի վնաս մեր շահերի է։
Նորմալ ղեկավարը կանգ կառներ։ Բայց չէ՛, ասում է՝ ճնշումներով ստանամ 6 ձայնը, դիմեմ հանրաքվեի։ Ամեն ինչ արեցիր, կեղծիքի դիմեցիր, որ ընտրվես, մի կուսակցության ձայները գողացար, հիմա ասում ես՝ չէ, քիչ ա, 6 ձայն էլ տվեք։ Դու վստահ ես, որ եթե հանրաքվե դնես, կարող ես անցկացնել, կեղծելու ձևերը գիտես։ Բայց կգտնե՞ս այդքան մարդ, որ կմիանա հերթական դավաճանական ծրագրին։ Նայում եմ ընդդիմադիրների կեցվածքին, շատ էլ կուռ են։
Կարճ ասած՝ Հայաստանի շուրջ ու Հայաստանում կատարվող այս քաղաքական գործընթացները հենց ցույց են տալիս, թե ինչի համար են նստած քաղաքական լիդերները, ինչու են նստած կամ քրեական գործերի տակ գտնվում ընտանիքի անդամները։ Երբ Նիկոլն ասում է՝ ով դեմ է նոր Սահմանադրությանը, դեմ է խաղաղությանը, հենց դա էլ գալիս է ապացուցելու, որ գործընթացը պարտադրանք է։ Իրեն կարողանում են պարտադրել, ինքը չի կարողանում։ Իսկ ինչո՞ւ Փաշինյանը չի կարողանում հետաձգել նոր Սահմանադրության ընդունումը։ Որովհետև, վստահաբար, ինքը չի որոշում։ Իսկ թե ինչի համար է Ալիևի պահանջը Փաշինյանի համար այդքան կարևոր, ճակատագրական, կպարզվի իշխանափոխությունից հետո։
Հայաստանի ապագան բուլդոզերով չեն կառուցում, բայց վստահաբար կարող են քանդել։
Սևակ Հակոբյան





