Նիկոլի իշխանությունը մոտեցավ լինել-չլինելու սահմանին․ «Կարճ ասած»

13 Ապրիլի, 2026

 

Երեկ՝ ապրիլի 12-ին, Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ ընդդիմությունը։ Դա խոշոր հաղթանակ էր երկիրը 16 տարի անընդմեջ իշխող Վիկտոր Օրբանի նկատմամբ։ Ընդհանրապես, 2023-2026թթ-ն համաշխարհային քաղաքականության մեջ կարելի է բնութագրել որպես փոփոխությունների շրջանբազմաթիվ երկրներում ընդդիմադիրներին հաջողվեց վերցնել իշխանությունը, անգամ՝ տասնամյակների․ օրինակ Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Հարավային Կորեա, Բութան, Արգենտինա, Սենեգալ․ ի դեպ, այստեղ 2024թ․ հաղթեց ընդդիմադիր թեկնածուն, որն ընտրություններից օրեր առաջ էր ազատվել բանտից։ Ընդդիմությունը հաղթեց Մալդիվներում, Ավստրիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Լիտվայում, Բանգլադեշում և այլն։ Այս օրինակները տարբեր մայրցամաքներից են, տարբեր քաղաքական համակարգերից, բայց ունեն մեկ ընդհանրություն՝ քվեարկության միջոցով է փոխվել իշխանությունը, նույնիսկ այն դեպքում, երբ թվում էր՝ անփոփոխ է։ Մի կարևոր հանգամանք՝ այս բոլոր ընտրություններում իշխանությունն ատամներով փորձել է պահել աթոռը․ չի եղել դեպք, որ ինքը հասկանա և գնա։ Պարզապես ընդդիմությունը տարել է համոզիչ հաղթանակ։  Ժողովուրդները քվեատուփերի միջոցով տապալում են տասնամյակներով նստած կամ իրենց անպարտելի համարող իշխանություններին։

Հայտնի ճշմարտություն է, որ հոսող ջուրը մաքուր է մնում, կանգնած ջուրը՝ արագ ճահճանում, հոտում է ու դառնում վտանգավոր։ Քաղաքականության մեջ այդ ճահիճը անփոփոխ իշխանությունն է։ Իշխանության սերնդափոխությունն ու ժամկետների սահմանափակումը հենց համակարգի առողջության համար է։ Երբ իշխանությունը երկար է մնում նույն ձեռքում, ռիսկեր ու խնդիրներ են լինում։ Իշխանությունը հակված է կոռումպացվելու, մերձավոր շրջապատի արագ հարստացման, պետական միջոցների յուրացման, փնթի ծախսերի։ Իհարկե՝ ՔՊ-ի պարագայում դա առաջին ժամկետից է սկսել։ Պատմությունը բազմիցս ապացուցել է՝
երբ իշխանությունը երկար է մնում նույն ձեռքում, այն դադարում է ծառայել պետությանը և սկսում է ծառայել ինքն իրեն։
Երկար իշխանությունը ուղեկցվում է ինստիտուտների թուլացմամբ և անձի ուժեղացմամբ։ Երբ մարդը կառավարման երկու ժամկետ շրջում է զրահապատ մեքենաներով, նայում է աշխարհին մգեցված ապակիների հետևից, իսկ նրան շրջապատում են միայն շողոքորթող, գլուխգովան, հարմարվողական ուսապարկեր, կտրվում է իրականությունից։ Ժողովուրդ ջան, այդ մարդիկ էլ չգիտեն, թե խանութում հացն ինչ արժե, չգիտեն ինչ է հերթ կանգնելը կամ բուժման համար կոպեկներ հաշվելը։ Նրանք սկսում են հավատալ իրենց իսկ հորինած ստերին ու էկրաններից հոսող կեղծ թվերին։

Հաջորդը պետության և սեփական անձի նույնականացումն է։ Երկար մնալով աթոռին՝ իշխանավորն սկսում է մտածել, որ երկիրն իր գրպանային կառույցն է, իսկ պետական բյուջեն՝ իր անձնական դրամապանակը։ Իշխանության պահպանումը դառնում է գերնպատակ՝ ավելի կարևոր, քան պետության անվտանգությունն ու ապագան։ Ու դրա համար նրանք պատրաստ են հանձնել հողեր, զիջել ինքնիշխանություն, ծառայել օտարին, միայն թե պահեն սեփական աթոռը։

Մյուսը հանցագործությունների կոծկումն է։ Ինչո՞ւ են ամեն գնով ձգտում երրորդ կամ չորրորդ ժամկետի․ ոչ միայն իշխանության քաղցրությունը պահելու․ շատ դեպքերում դա նախորդ ժամկետներում արածների, հանցանքների պատասխանը չտալու համար է․ իշխանությունից հեռանալն իրենց համար հավասարազոր է քրեական պատասխանատվության։ Երրորդ ժամկետը դառնում է ոչ թե պետությունը զարգացնելու համար, այլ՝ կաշին փրկելու։

Իշխանությունը շատ հաճախ սիրում է մնալ որքան հնարավոր է երկար, եթե դրա հնարավորությունն ունի։ Հայաստանում, փաստացի, մի ղեկավար է եղել, որն իր կամքով գնացել է ժամկետի վերջում։ Իշխանությունը պետք է փոխվի, ոչ թե որովհետև ինչ-որ մեկը վատն է (հայաստանում այսօր իրոք վատն է), այլ երկու ժամկետը սահման է, որից այն կողմ սկսվում է լճացումը։ Պատմությունը լի է օրինակներով, երբ երկար իշխանությունը վերածվել է կենտրոնացված, փակ և ճնշող համակարգերի։

Ու սա դեռ սովորական երկրներում․ մեզ մոտ, երբ իշխանությունը էս բոլորի հետ մեկտեղ նաև բերել է արյունալի պատերազմ ու իր պատճառով պարտվել, ողբերգություններ բերել ու մինչև հիմա բերում է, նա ընդհանրապես պետք է դուրս նետվեր քաղաքական համակարգից։ Մեր իրականության մեջ իշխող վերնախավի անունն ասոցացվում է միայն պատերազմի, արյան, պարտությունների, կորուստների ու ստի հետ։ Նման բեռով երկիրը չի կարող առաջ գնալ, այն մնում է պարտվածի հոգեբանության մեջ խրված։

Շատ վաղուց է շրջանառվում շատ վտանգավոր թեզ, թե՝ մեկ է՝ ընտրություններով բան չի փոխվի, Նիկոլն ընտրված է, որովհետև ուժայիններն իրենն են, վարչական ռեսուրս և այլն։ Սրանով փորձում են հիասթափեցնել, մղել անտարբերության, ընտրության չգնալու։ Ես թվարկեցի ընդամենը 3 տարում 10-ից ավելի երկրներում իշխանության պարտության օրինակներ։ Նույնիսկ անփոփոխարինելի թվացող համակարգերն են փլվում ընտրություններով։ Եթե Հունգարիայում հնարավոր էր հաղթել 16 տարի իշխանություն ունեցող ղեկավարին, եթե Մեծ Բրիտանիայում, Հարաբվային Կորեայում հնարավոր է փոխել, Հայաստանում, այն էլ ՔՊ-ին, հնարավոր չէ՞։ Հաստատ հնարավոր է։ Ուղղակի այս թվարկածս երկրներում ամենակարևոր պայմաններից է այն, որ հասարակությունը եղել է ակտիվ։ Իշխանությունն ինքն իրեն չի փոխվում։ Նիկոլի համար լավագույն նվեր են այն անձինք, ովքեր հաշտվում են այս իրականության  հետ։

Հունգարիայում էլ հաստատ կլինեին հազարները, որ կասեին՝ ոչինչ հնարավոր չէ փոխել, տեսեք՝ ԱՄՆ աջակցություն ունի վարչապետ Օրբանը, սաղ հարցումներն էլ իր կողմից են․ հույս չունեին նաև այլ երկրներում, որտեղ իշխանությունն անսասան էր թվում․ բայց ընտրության գնացող քաղաքացին ու իր քվեաթթերթիկը փոխեցին ամեն ինչ։ Եթե ընտրությունները ոչինչ չեն փոխում, բա Նիկոլենք ինչի՞ են այսքան խառնվել իրար ու կենաց-մահու պայքար տանում։ Ընտրություններով չփոխվելու այլընտրանքը շատ ցավոտ է հենց իշխանության համար․ մի անգամ չգնաց, երկու անգամ չգնաց, հետո տանում են, պետությունն էլ ընկնում է ցնցումների մեջ։

Աշխարհի փորձն ապացուցում է՝ երբ ժողովրդի համբերության բաժակը լցվում է, ոչ մի վարչական ռեսուրս, ոչ մի ոստիկանական բիրտ ուժ, ոչ մի պարգևավճարով կերակրվող մարզպետ կամ թաղապետ չի կարող փրկել ձախողված իշխանությանը։ Իշխանափոխությունն ընտրություններով ոչ միայն հնարավոր է, այլև միանգամայն ռեալ է։ Եվ դա լինելու է նաև Հայաստանում։ Նիկոլի իշխանությունը հասել է լինել-չլինելու հանգրվանին։

Կարճ ասած՝ հունիսի 7-ը հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու և պետությունը լուծարումից փրկելու թերևս վերջին շանսն է։ Իշխանությունը սարսափում է այդ օրվանից և անում է ամեն ինչ, որպեսզի դուք չհավատաք ձեր ուժերին։ Բայց աշխարհի փորձը և պատմությունը ապացուցում են՝ երբ ժողովուրդը որոշում է կանգնել իր պետության կողքին, ոչ մի ռեժիմ չի դիմանում։ Ո՛չ իշխանությունն է որոշում մնա, թե չմնա, ո՛չ ընդդիմությունն է որոշում՝ գա թե չգա․ որոշում է ընտրողը, որը պետք է նստած չմնա տանը։

Սրանք պետք է գնան, որ մեր պետությունբը ապրի։ Պետք է ապրեն երկուսից մեկը՝ կա՛մ Հայաստանի Հանրապետությունը, կա՛մ Նիկոլի իշխանությունը։ Շատերդ եք ասում, որ իր արածների համար պետք է Նիկոլն ու ՔՊ-ն ենթարկվեն պատասխանատվության։ Հունիսի 7-ին պետք է ձեր քվեարկությամբ որոշեք՝ թույլ տա՞լ պատասխանատվությունը, թե չէ։ Իրականում հունիսի 7-ը դատավճռի օր է։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի պաշտպանների բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։ ArmeniaSputnik-ին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: «Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին`...

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ, որում նշել է ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմական բնույթը և անդրադարձել երկու երկրների միջև երկխոսության...

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է։ Մենք սխալվել ենք մեր անվտանգության հարցը լոկալիզացնելով ու խոսույթ ստեղծելով, որ զրկանքներ ենք կրում Արցախի համար։ Դա եղել է Հայաստանի համար։ Այս մասին գրել է ԱԺ...

Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը․ «Հետք»

Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը․ «Հետք»

Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների» թեզը։ Թեման դարձավ նախընտրական գլխավոր խոսույթներից մեկը, ու թեեւ ընտրություններն ավարտվել են, քննարկվում է մինչ օրս։ Ճիշտ է արդյոք...

Պայթյուն և հրդեհ՝ Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել

Պայթյուն և հրդեհ՝ Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել

Հուլիսի 4-ին՝ ժամը 02։27-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու...