Նորություն ասած չեմ լինի, որ այս իշխանության գործունեությունը մեկ բառով սուտն է, երկիրը սարքել են ստապետություն։ Ամեն օր են մարդիկ բողոքում, որ իշխանությունը իրենց բոլորին խոստումներ է տվել, բոլորին՝ առանձին-առանձին ու խաբել է․ իսկ համարյա միշտ ավելի շատ ոչ թե խաբել է, այլ արել է խոստման 180 աստիճան հակառակը։ Վերջին ամիսներին խոստումները չկատարելու մի արդարացում է գտել, ասում է՝ ժողովուրդը գոհ է, եթե գոհ չլիներ՝ հեղափոխություն կաներ։ Ասում են գնացիր, հանձնեցիր Արցախը, պատասխանում է՝ լավ եմ արել, ժողովուրդը եթե դժգոհ է, թող հեղափոխություն անի, եթե չի անում, ուրեմն կողմ է։ Հոկտեմբերի 1-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ միայն մի պատգամավորի պատասխանելիս 6 անգամ ասաց՝ բա ինչի՞ ժողովուրդը հեղափոխություն չի անում, ուրեմն օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից գոհ է։ Օգոստոսի 8-ի պայմանավորվածությունից, բնականաբար, չի կարող ժողովուրդը գոհ լինել, որովհետև Վաշինգտոնում ստորագվրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ասում է հիմա տվել եմ՝ լավ եմ արել, որ հեղափոխություն չեք անում, ուրեմն կողմ եք։ Ստացվում է՝ այդ մարդը իր ոչ մի խոստում չի կատարում ու գլխավոր արդարացումն է՝ եթե ժողովուրդը հեղափոխություն չի անում, ուրեմն կողմ է։ Սա կառավարության շեղված գործունեություն է։
Լավ եմ արել՝ Արցախը հանձնել եմ, դեմ եք՝ հեղափոխություն արեք, եթե չեք անում, ուրեմն համաձայն եք․ լավ եմ արել 150 հազար հողու տեղահան եմ արել, հեղափոխություն չեք անում, ուրեմն համաձայն եք։ Լավ եմ անում, որ թոշակները չեմ բարձրացնում․ թոշակառուները որ հեղափոխություն չեն անում, ուրեմն իրենց սրտով է։ Դրա համար էլ հաջորդ տարի էլ չեն բարձրացնի։ 100-ից ավելի բեռնատար Լարսում կուտակվա՞ծ է այս պահին, ապրանքը փչանո՞ւմ է, ուրեմն ձեռք է տալիս արտահանողներին, թե չէ՝ հեղափոխություն կանեին։ Ժողովրդի վրա նոր հարկե՞ր ենք դրել, եղածը շատացրե՞լ ենք, ուրեմն համաձայն են մեզ հետ, դուրները գալիս է, թե չէ՝ հեղափոխություն կանեին։ 5 հազար զոհ ենք տվել, լավ ենք արել, եթե ծնողները համաձայն չլինեին, հեղափոխություն կանեին։ Գերիների հարազատները եթե հեղափոխություն չեն անում, ուրեմն իրենց ձեռք է տալիս, որ իրենց հարազատները լինեն Բաքվի բանտերում։ Խանութ մտել ե՞ք վերջին մեկ շաբաթում, տեսել ե՞ք ոնց է սննդամթերքի թռիչքային գնաճ արձանագրվել․ ուրեմն սաղին ձեռք է տալիս, թե չէ՝ հեղափոխություն կանեին։ Նիկոլի թեզը սա է, ինչ անում եմ՝ ճիշտ եմ անում, քանի դեռ հեղափոխություն չեն արել։ Սա կառավարման խեղաթյուրված մտածողություն է։ Ինքը տվել է 1000-ից ավելի խոստում և չի կատարել 1000-ից ավելի խոստում․ եթե ամեն մի չկատարված խոստման համար հեղափոխություն անեին, հիմա վերջին 7 տարում 1000 անգամ հեղափոխություն կլիներ մեր երկրում։ Բայց որ չի եղել, չի նշանակում, թե ժողովուրդը համաձայն է իր հետ։
Ես վստահեցնում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողոցային ակցիաների նկատմամբ լիներ այնքան հանդուրժող, ինչքան հանդուրժող էր իր ակցիաների նկատմամբ նախկին իշխանությունը, ապա հեղափոխություն կլիներ մեր երկրում թե՝ 2020-ին, թե՛ 2021-ին, թե՛2022-ին, թե դրանից հետո։
Ասում է՝ ես առաջին ղեկավարն եմ, որ ասում եմ համաձայն չեք՝ հեղափոխություն արեք։ Քա՞նի հոգու անուն տամ, որ բանտում են կամ քրեական գործերի տակ՝ այլ խափանման միջոցում են, որովհետև նրանց ելույթները, հարցազրույցները, ֆեյսբուքյան գրառումները համարել եք հեղափոխության կոչ, Միքայել սրբազանից մինչև Ռուբեն Հակոբյան։ Միքայել սրբազանը այսօր ինչի՞ համար դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Որովհետև ձեզ քննադատել է, համարել եք հեղափոխության կոչ։ Այսինքն, նա հեղափոխության կոչ անողներին դատում է ու անձամբ կոչ է անում հեղափոխության։ Բա թող իրեն էլ բռնեն։ Նա էլ է կոչ անում հեղափոխության, Միքայել սրբազանն էլ։ Սրբազանին բռնում են, Փաշինյանին՝ ոչ։ Բագրատ սրբազանի ու մյուս համախոհների դատն էր երեկ, ի՞նչ են արել մարդիկ, սրբազան շարժում են արել, որը հեղափոխության իմաստ ուներ։ Այսինքն՝ Փաշինյանը կոչ էն անում հեղափոխության, բայց հեղափոխության համար պատրաստվողներին դատում է հեղաշրջման փորձի մեղադրանքով։ Մի քանի հոգի պատրաստվում են միտինգ անելու, զանգում-իրար հարցնում են ե՞րբ միտինգ անենք, սրանք այլ տեղերից կտրում-կպցնում են լրիվ ուրիշ խոսակցություններ, գումարում են արհեստական բանականության հորինվածքները ու մեղադրանք առաջադրում։ Ու ասում՝ դե տղա եք՝ հեղափոխություն արեք։
Ու քանի որ չի լինում հեղափոխություն, ՔՊ-ն ընկնում է ինքնախաբեության, ինքնահամոզման մեջ, թե՝ եթե չկա հեղափոխություն, ուրեմն ճիշտ ենք անում ամեն ինչ։ ՔՊ-ն անսխալականության բարդույթով է տառապում։
Փորձեք հիշել մի կառավարության նիստ, ԱԺ մի նիստ, Նիկոլի մի ելույթ, որտեղ խոսի իրենց կառավարության որևէ ոլորտում ձախողման մասին, չէ։ Չէ, ասում են՝ սաղ ճիշտ ենք անում, մեզնից առաջ էր սաղ սխալ, մենք ամենաճիշտն ենք ու եթե կա թերություն, դա ժողովրդի թերությունն է։ Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանը չի խոսում իրենց ձախողումներից, աղքատությունը ժողովրդի գլխում է, գործազրկությունը ժողովրդի թամբալության արդյունք է, հանցագործությունը նրանից է, որ ժողովուրդն անհանդուրժողական է միմյանց նկատմամբ ու էս կարգի կռուտիտներ։ Իրենք անսխալական են։ Փաշինյանն անգամ չի ուզում լսել խնդիրների մասին, ուզում է, որ լավ բաներից խոսեն, իրենց հաջողություններ վերագրեն, աճեր ցույց տան, խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորները ոչ թե խնդիր բարձրաձայնեն, այլ այնպիսի հարցեր տան, որը հնարավորություն կտա իրեն քլնգելու ընդդիմաությանը։ Դրա պատճառը անսահման մեծամտությունն է ու ինքնահավանությունը։
Սրանք լրիվ կտրվել են ժողովրդից, առաջվա աղքատ խեղճերը չեն, որ իրենց համարում էին ժողովրդի մի մասնիկը։ Հասարակ մահկանացուների պրոբլեմներն իրենց չի էլ հետաքրքրում։ Ու էնքան են կտրվել ժողովրդից, որ մնացել են 2018-ի դոզայի տակ, իրենց թվում է կամ իրենց համոզում են, թե մարդիկ հարգում են իրենց, ընդունում են, մեռնում են իրենց համար, օրհնում են իրենց։ Ամեն ինչ, ըստ իրենց լավ է, որովհետև եթե վատ լիներ, հեղափոխություն կանեին։ Եթե չեն անում, ուրեմն հրաշալի է ամեն ինչ, ուրեմն, երևի մտածում են, Սարուխան գյուղի Մացակը էս 7 տարում հարստացել է այնքան, ինչքան հարստացել է Ալեն Սիմոնյանը, նոյեմբերյանցի Վաղարշակը գնել է այնքան տուն, ինչքան Պապիկյան Սուրենը։
Տեսել եք, չէ՞, ՔՊ-ական նախարար-դեպուտատների մեծամտությունը․ էն մեկն ասում է՝ նկարս դնեմ փողոցու,մ լիքը մարդ կհավաքվի, էն մեկն ասում է՝ հաջորդ ընտրություններում 80 տոկոսից շատ կհավաքենք և այլն։ Սա հենց իրավիճակը ճիշտ չգնահատելն է, չտիրապետելն է, իրականությունից կտրված լինելն է։ Իսկ իրականությունն այն է, որ հանրությունը ճնշող մեծամասնությամբ ընդդիմադիր է, եթե անգամ անտարբեր են երևում, լուռ հետևող են երևում։ Ժողովուրդը, կրկնում եմ, ընդդիմադիր է այսօրվա իշխանության քաղաքականությանը թե՛ տնտեսական, թե՛ արտաքին, թե՛ անվտանգային, թե՛ սոցիալական, թե՛ իրավական և մյուս բոլոր ոլորտներում։ Բայց կտրված լինելով իրականությունից, ՔՊ-ն այդ դժգոհությունը չի տեսնում։ Նա չի էլ կարողանում տեսնել, գոռոզությունը, հաբրգածությունը, թալանը, արագ հարստանալը թույլ չի տալիս իջնել, շփվել, հասկանալ։
Կարճ ասած՝ այն, որ իրենց վերջին թեզն է՝ որ եթե հեղափոխություն չեն անում, ուրեմն ես ճիշտ եմ, նշանակում է՝ էնքան ասելու բան չունեն, դարձյալ իրենց ձախողումների պատասխանտվությունը գցում են ժողովրդի վրա։
Իսկ որ մարդիկ էս պահին հեղափոխություն չեն անում, միևնույն է՝ փողոցում արդեն երկար ժամանակ է, որ ինձ ճանաչելով, մոտենում են, սկսած ոստիկանից, վերջացրած ուսուցչով, գալիս- մոտենում են հարցնում են՝ կիմանաս՝ ե՞րբ ենք սրանից ազատվելու։ Մարդիկ ատամները կրճտացնելով, մատերը խաչ արած՝ սպասում են՝ երբ է գալու այն պահը, որ դուք ալևս չլինեք, այդ ձեր ստերով, մանիպուլյացիաներով, ատելության քարոզով, որն մեր երկրի գոյությանն է արդեն սպառնում։
Սևակ Հակոբյան






