Ընդամենը 2,5 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը շատ ոգևորված վիրավորում էր թոշակառուներին, թե՝ ի՞նչու 10 հազար դրամ բարձրացնենք թոշակը, որ թոշակառուն էլ չիմանա ինչի վրա ծախսի՝ անկապ բաներ գնի։ Ընդամենը մեկ ամիս առաջ կառավարության նիստում ասում էր՝ թոշակը ինչքան էլ բարձրացնենք, թոշակառուի տունը չի տաքանա։ Այս երկու ամսում հարյուրավոր տեսանյութեր ենք հրապարակել, որտեղ թոշակառուները պարզապես դատափետում են Փաշինյանին՝ այդ վիրավորական խոսքերի համար։ Ընտրություններից երեք ամիս առաջ Փաշինյանը հայտարարում է, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան 10 հազար դրամով։ Խիստ պարզունակ քայլ, որի նպատակը, վստահ եմ, հասկանալի է անգամ տարրական դասարանում սովորողին։ Փաշինյանը վիրավորանք էր հասցրել առնվազն կես միլիոն մարդու, այս դեպքում՝ կես միլիոն ընտրողի․ հիմա փորձում է վերականգնել ձայներ։
Վա՞տ է, որ թոշակը բարձրանում է․ իհարկե՝ շատ լավ է․ իշխանությունը պարտավոր է արժանապատիվ ծերություն ապահովել․ այլ բան, որ տարիներ շարունակ թոշակ չբարձրացնելով և ապահովելով բարձր գնաճ՝ այս կառավարությունը հասցրել է նրան, որ 10 հազար դրամն էլ, 20 հազար դրամն էլ թոշակառուին չի փրկի։ 10 հազար դրամը ընդամենը օրվա կտրվածքով 330 դրամ է․ 1,5 հացի փող։ Իհարկե՝ էդ փողը կառավարությունը վաղը հետ է բերելու մեր բոլորից ու հատկապես՝ թոշակառուներից, բարձր գնաճի տեսքով։ Հիմա թոշակը 10 հազար դրամ բարձրացավ, վաղը թոշակառուի ծախսերը կբարձրանան առնվազն 20 հազար դրամով, թականալու է բառացիորեն ամեն ինչ, հացից մինչև հարկեր։
Կհարցնենք՝ ինչո՞ւ թոշակը չէր բարձրանում 2021 թվականի ընտրությունների նախաշեմին։ Կարծում եմ՝ որովհետև էն ժամանակ ընտրություններին լավ թեզ ուներ՝ խաղաղության դարաշրջան, Շուշիի, Հադութի դեօկուպացիա, աղքատության վերացում և այլն։ Հիմա՝ այս ընտրությունների նախաշեմին, ոչ մի թեզ չի աշխատելու, սաղ սուտ դուրս եկան․ եթե ասի ինձ ընտրեք աղքատությունը վերացնեմ, չեն հավատա, Արցախը հետ բերեմ՝ խնդալու է, գործարաններ կսարքեմ, ներդրումներ կբերեմ, չեն հավատա, ընդհանրաես ոչ մի թեզի չեն հավատա, ռեալ բան մնում է ինչ-որ բան անելը, թոշակը։
Այդ մարդը մեկ ձայնի համար պատրաստ է ամեն ինչի․ այն վիճակում է գտնվում, որ ամեն հատիկ ձայնէ կարևոր․ իմ կարծիքով, եթե վաղը նրան զգուշացնեն, որ 10 ձայն բերելու համար պետք է տիկտոկում կիսամերկ պարել, չեմ բացառում, որ այդ քայլին էլ գնա։ Այ ընտրություններից հետո գուցե էլի իջեցնի թոշակը, գուցե թոշակի տարիքային շեմը մի 10 տարով բարձրացնի, մեկ է՝ ընտրություններից հետո էլի կառավարության դուռը փակ է լինելու ժողովրդի առաջ, ինչպես որ վերջին տարիներին էր։ Նիկոլ Փաշինյանն ու տեղակալները ստացել են նախորդ տարի 51,6 մլն դրամ պարգևավճար, նախարարները՝ մինչև 9 մլն դրամ պարգևավճար, թոշակառուի վրա ամիսներով մունաթ գալուց հետո, անպետք համարելուց հետո, բեռ ու ավելորդ ծախս համարելուց հետո տալիս են 10 հազար դրամ։ Իրենք, որ միայն աղետներ են բերել մեր գլխին, ստացել են 8 մլն դոլար պարգևավճար, թոշակառուն, որ սաղ կյանք աշխատել է, քայքայել է կյանքը, առողջությունը, երկիր է կառուցել, ու հիմա պետության հույսին է, ստանալու է ընդամենը 25 դոլար՝ որպես լավություն, հետն էլ զգուշացում, որ՝ չես մոռանում, չէ՞, որ երկու ամսից ընտրություններ են։ Անբարոյական քաղաքականություն է՝ ուզենք՝ ձեզ սովի կմատնենք, ուզենք՝ կվիրավորենք, կնվաստացնենք, հետո կտանք 10 հազար, այն էլ՝ ընտրություններից առաջ, որ չմոռանաք ում ընտրել։ Ասում էր՝ թոշակը բարձրացնեմ՝ թոշակառուն չի իմանա ինչ անի 10 հազար դրամը։ Հիմա թոշակառուն արդեն դարձել է ընտրող և Նիկոլը գիտի, թե ինչ է անելու թոշակառուն 10 հազար դրամով։ Թոշակները, իհարկե, չէին կարող բարձրացնել հունվարին, որովհետև մինչև տընտրություններ, արդեն սովորական կդառնար էդ գումարը ու մեկ է՝ էլի սկսելու էր չհերիքել, իսկ ընտրություններից ընդամենը 1-2 ամիս առաջ դա ուրիշ տպավորություն է։
Կրկնում եմ՝ անհնար է այս քայլը չդիտել որպես ընտրակաշառք։ Ում հետ խոսում ես՝ թոշակառուներից սկսած, դա են ասում։ Մինչև ընտրություններ ստացած կլինեք երկու անգամ թոշակ՝ երկու հատ 10 հազար դրամ, կստացվի՝ թոշակառուի քվեն այդքան արժե։ Գուցե վաղը բավարարի օնլայն տաքսիստների պահանջը, և նրանց հաշվեն գրանցված աշխատողներ, դա էլ կդիտվի նրանց տրվելիք ընտրակաշառքը․ նախարարի համար ընտրակաշառքը 9 մլն դրամ պարգևրավճարն է, պատգամավորինը՝ 3 մլն դրամը։ 20 հազար արցախցի իրավունք ունի մասնակցել ընտրությունների, կարող է որոշել տուն տալ անտուն թողած արցախցիներին։ Զինծառայողներին ու նրանց ընտանիքներին ընտրակաշառքը ծառայությունը 1,5 տարի դարձնելն էր, 335 հազար անհուսալի վարկ ունեցողներինը՝ հատուկ նրանց հագով գրված օրենքը։ Սյուինիքի մարզպետը ֆինանսական աջակցութւոն է տվել մի շարք բնակիչների, վաղը դա կանեն մյուս մարզպետները, համայնքապետերը։ Էն օրը կարդացի՝ հայտարարում են՝ ո՞ր ձեռնարկություններն են ուզում հարկային արտոնություն ստանալ, համեցեք։ Այս բոլորը՝ պետբյուջեի հաշվին ու որ ամենակարևորն է՝ ընտրությունների նախաշեմին։ Սրանք պարտավոր էին անել անցնող տարիների ընթացքում՝ 2018 թվականից, բայց անում են հիմա, որովհետև վաղը ընտրություն է։
Լավ, ժողովուրդ ջան, թոշակի բարձրացումը պլանավորվում է պետական բյուջեով։ Սրանք բյուջետային քննարկումների ամբողջ ընթացքում ասել են, որ չեն կարող բարձրացնել և ոչ մի դրամով, որովհետև անգամ 1000 դրամը մեծ բեռ է։ Եվ ուրեմն ո՞րտեղից այդ փողը։ Թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու համար հարկավոր է շուրջ 150 մլն դոլար։ Ո՞րտեղից այդ փողը․ այս մարդիկ թոշակը, աշխատավարձը, պարգևավճարները տալիս են արտաքին պարտքով․ գուցե էլի վերցնեն․ տարեկան վերցնում են 1 մլրդ դոլար պարտք, կվերցնեն 1 մլրդ 200 մլն դոլար պարտք։ Ընդամենը վերջին նիստում կառավարությունը վերցրեց 100 մլն եվրո չհասատված վարկ․ այ էդ պես չհաստատված, նախապես չծրագրված լիքը վարկեր կվերցնեն ու կտան թոշակ, ասֆալտ կանեն, որը կդիմանա մինչև ընտրություններ։
Բայց նաև չեմ բացառում, որ հարևան երկրները, նոր «բարեկամները» փող տան, ասեն՝ վերցրեք բաժանեք։ Հանրությունը չգիտի թոշակի բարձրացման գումարի ծագումը, բայց ունենք լիքը կասկածներ, որովհետև սրանցից ամեն ինչ է հնարավոր սպասել։ Նիկոլ Փաշինյանը եթե վերընտրվի, սպասում ենք վատագույնին․ Ադրբեջանը, օրինակ, ամենայն հավանականությամբ՝ կլծվի Արևմտյան Ադրբեջան թեզի իրականացմանը, ադրբեջանցիների բերի Հայաստանում բնակեցնելու, կփոխի Հայաստանի սահմանադրությունը և այլն։ Թուրքիան բոլոր նախապայմանների կատարում կստանա, հատկապես՝ Ցեղասպանության, Սփյուռքի և այլնի մասով, Եվրամիությունն իր ակնկալիքը կստանա Ռուսաստանի մասով, ԱՄՆ-ն՝ Իրանի մասով։ Նրանց համար մե՞ծ պրոբլեմ է, որ 2,5 մլն բնակչություն ունեցող երկրում գումարներ լցնեն, էլ թոշակ, էլ բնակարաններ, էլ մյուս խնդիրներից լուծեն՝ իմանալով, որ ընտրություններից հետո իրենց ծրագրերն իրականացվելու են։ Ու հենց Նիկոլը, որովհետև բացի Նիկոլից ու իր կոալիցիոն գործընկերներից, չկա այլ ուժ, որի օրոք այդ ծրագրերն իրականացվելու են։
Կարճ ասած՝ Հայաստանի այսօրվա իշխանության վերընտրման համար մեր թշնամիներ երկրները և մեր հաշվին իրենց շահերն իրականացնողները պատրաստ են ամեն ինչի։ Պետք եղավ՝ կօգնեն թոշակ բարձրացնել, պետք եկավ՝ էժան կամ ձրի բենզին կբաժանեն․ չէ՞ որ նրանք այնքան նվեր են ստացել ու ստանալու Փաշինյանի իշխանությունից, որ այդ կոպեկների հետևից չեն ընկնի։
Կարևոր է, կարծում եմ, որ ժողովուրդը, ընտրողը լավ հասկանա այս նպատակները, շնորհակալություն հայտնի նախընտրական փողերի, թոշակների ու զանազան խնդիրների կարգավորման համար, բայց չդառնա գործիք։ Այլ կերպ ասած՝ վերցնի, բայց ընտրի հանուն իր երկրի, իր խղճի մտոք։
Թոոշակի բարձրացումը միանշանակ լավ է, չեմ կարծում որևէ մեկը դա համարի բացասական․ ափսոս՝ քիչ են բարձրացնում։ Քննադատելի է նպատակը ու ժամանակահատվածը։
Սևակ Հակոբյան






