Խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ․ «Կարճ ասած»

4 Մայիսի, 2026

Գյումրու բնակիչներից մեկի (անունը լավ չեմ հիշում) խմիչքի հետ սեր ունեցող ընկերներն ասում են՝ հավաքվենք ձեր տանը, մարտի 8-ը նշենք, քեֆ անենք։ Տանեցիները դեմ են լինում, ասում են՝ հա՛մ տունը փոքր է 25 հոգու համար, հա՛մ էլ հատակը բետոն չէ, պարին կարող է չդիմանալ։ Ոչինչ,- ասում են,- զգույշ կլինենք, բան լինի՝ կսարքենք։ Երկու սենյականոցում 29 հոգի հավաքվում են, տռճիկ են տալիս, ու հյուրասենյակի հատակը պոկվում է, ընկնում են երրորդ հարկ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կադրերը դիտելիս հիշեցի այդ ալկաշների քեֆը կիսաքանդ տանը՝ առանց տան ու բնակիչների անվտանգության երաշխիքի։ Քանիցս խոսել ենք այդ գագաթնաժողովից սպասվող վտանգների մասին․ միջոցառումը հենց այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում և ահազանգում էինք։

Նախ՝ մի մանր խուլիգանության մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իբր Փաշինյանին աջակցելու համար մի բան ասա․ դա սկսեց «եկե՛ք ազնիվ լինենք» բառերով, որին հաջորդեց լկտի սուտ։ Թե բա՝ 8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա, որովհետև Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Մակրոնը ստեց, անշուշտ։ ԵՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են եկել 8 տարի առաջ էլ, 18 տարի առաջ էլ, դրանից առաջ էլ, այդ թվում՝ Ֆրանսիայի՝ Մակրոնին նախորդած ղեկավարները։ Միշտ էլ եկել են, բոլոր նախագահների օրոք։ Ուղղակի սրանք եկան, ասին՝ սրե՛ք էլի ձեր հարաբերությունները։

Ի դեպ, քանի էժան բաներից ենք խոսում, հարցնեմ՝ Հայաստան եկած ավելի քան երկու տասնյակ ղեկավարներից էլ ո՞ր մեկն էր դոշից կախել իր երկրի քարտեզը։ Էդքան ատո՞ւմ են իրենց երկրները, որ չեն կախում դոշից, ման գալիս, թե՞ այդքան պրիմիտիվ չեն։

Ինչևէ, անցնելով բուն գագաթնաժողովին, փաստենք, որ Հայաստանի իշխանությունը, ի հակառակ բալանսավորված արտաքին քաղաքականության մասին ելույթներին, Հայաստանը դարձրեց ռազմական գործընկեր Ռուսաստանին քննադատելու, թշնամության տարածման հարթակ։ Իշխանությունն ու արևմտամետներն ասում են՝ սա Հայաստանի համար պատմական շանս է, ընդդիմությունն ասում է՝ վատագույն սցենարով ենք գնում։ Եկեք մի կողմ թողնենք էմոցիաները և պրագմատիկ հայացքով հասկանանք՝ ի՞նչ է տալիս այս գլոբալ իրադարձությունը Հայաստանին՝ որպես պետություն, և ի՞նչ է տալիս Նիկոլ Փաշինյանին՝ որպես ընտրությունների գնացող իշխանություն։

Հայաստանի պետական շահի տեսանկյունից օգուտները զուտ արարողակարգային են։ Այո՛, գեղեցիկ է, երբ քո երկրում հավաքվում են տասնյակ պետությունների ղեկավարներ։ Դա ստեղծում է միջազգային կարևորության պատրանք։ Հնչում են սատարող՝ իրավաբանական ուժ չունեցող և ոչ մեկին ոչինչ չպարտավորեցնող հայտարարություններ։ Մի քանի օր ապահովում են տուրիստական հոսքեր, զբաղեցվում են մայրաքաղաքի հյուրանոցային թանկարժեք և մյուս համարները։ Այսքա՛նը։ Մեկ էլ՝ որ իշխանությունը չէր հաշվարկել երևի, բայց եղավ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլան X-ի իր միկրոբլոգում հրապարակեց Արարատ լեռան լուսանկարը։ Սրա մասին թող Նիկոլը կարծիք հայտնի. ինքն է Արարատի լուսանկարի հրապարակումը համարում սադրանք և թուրքական կողմին ուղղված տարածքային պահանջ։ Թող Նիկոլն ասի՝ եվրոպացի պաշտոնյան սադրո՞ւմ էր, Մասի՞սն էր պահանջում։

Գուցե այս միջոցառումներով ընկալում առաջանա որոշների մոտ, թե Հայաստանին մտցնելու են Եվրամիությո՞ւն։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն ասում է՝ Հայաստանն ինքն է որոշում, պետք է կողմնորոշվի մեկ ամսից։ Սադրիչ հայտարարություն է սա ևս։ Տիկին Կալլասը գիտի, որ Հայաստանը չի որոշում ԵՄ մտնելը, ինչպես որ Վրաստանի կամ Ուկրաինայի, կամ բոլոր այն երկրների պարագայում էր, որոնք ուզում էին, բայց չմտան։

Նիկոլ Փաշինյանի համար այս գագաթնաժողովը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ նա ստանում է PR-հարթակ, իր ընտրողի վրա կփորձի վաճառել այն թեզը, թե իրեն աջակցում է Եվրոպան։ Բայց հիասթափություն է նրան սպասում․ կա մեդալի հակառակ կողմը, որը կարող է ճակատագրական վնաս հասցնել իրեն։

Բանն այն է, որ Հայաստանում հնչեցին հակառուսական կոշտ ելույթներ, Զելենսկին անգամ սպառնաց դրոններով հասնել Մոսկվա։ Զելենսկու այցն ընդհանրապես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք եմ դիտարկում։ Նախ 44-օրյա պատերազմին ռազմականապես աջակցելով Ադրբեջանին, ապա շնորհավորելով Արցախն օկուպացնելու համար, Հայաստանի հակառակորդների շարքին է դասվում։ Բայց այսօր քննարկվում էր նույն Ուկրաինային զինելուն՝ ՌԴ դեմ պատերազմում։ Ու դա արվում է Ռուսաստանի դաշնակից Հայաստանում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանն առավել քան երբևէ մեծ տնտեսական կախվածության մեջ է Ռուսաստանից։ Ուստի կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի համար այս գագաթնաժողովի դրական ֆոնը կարող է տևել ընդամենը մի քանի օր։ Հայաստանը ԵՄ, անշուշտ, չի գնա, բայց կունենա լիքը խնդիրներ։ Մեր տարածքում, մեր հողի վրա Արևմուտքը քննարկում է Ուկրաինային զենք մատակարարելու և Ռուսաստանին հաղթելու ծրագրեր։ Հասկանում ենք, չէ՞, սրա ռիսկը։

Լավ կլինի՝ ԵՄ-ն ասի, թե, օրինակ, ընդամենը մի երկու օր առաջ արգելվեց «Վայլդբերիզում» հայկական ապրանքատեսակների վաճառքը, դրանց իրացումը Եվրամիությունո՞ւմ են կազմակերպելու։ Հանքային ջրի ու կոնյակի ներկրումը Հայաստանից որ չեղարկում են, բեռնատարները թեքվելու են Եվրամիությո՞ւն։ Եվրոպական շուկան բացվել է հայկական գյուղմթերքի առա՞ջ։ Հայ արտագնա աշխատանքի մեկնողները կարողանալո՞ւ են մեկնել ԵՄ անդամ երկրներ։ Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայեր, որ արտաքսվեն, կկարողանա՞ն գնալ-ապրել Եվրամիության անդամ երկրներում, կընդունե՞ն։ Իսկ եթե Ռուսաստանը վիզային ռեժիմ մտցնի Հայաստանի հետ, Եվրամիությունը կհանի՞ վիզային ռեժիմը։ Իսկ կթողնի՞, որ վիզա ունեցողները ոչ թե միայն ճամփորդեն, այլ գնան՝ ապրեն։

Արդեն ասացի, թե ինչ է ստանում Հայաստանը։ Իսկ թե ինչ է կորցնում, ա՛յ դա է սարսափելին։ Ոստիկանությունը հայտնում է, որ վաղը ծանրաբեռնված է լինելու «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությունը։ Նրանք վաղը գնալու են։ Իրենք եկան, փոխանցեցին մեզ սրտիկներ, օդային պաչիկներ, սիրեցին մեր փողոցային շներին, մեր սրճարաններում ճաշեցին, մեր փողոցներով վազվզեցին, ընթրեցին, հեսա կգնան, մենք կմնանք Ռուսաստանի հետ թշնամացած երկիր, որն այնտեղ ունի 3 մլն հայ բնակչություն, էստեղ էլ՝ իրենից տնտեսապես 80 տոկոսով կախված երկիր։ Մնալու ենք մենք ու մեր պրոբլեմները, որոնք մեր գլխին ստեղծել են Նիկոլ Փաշինյանը, եվրոպացիներն ու եվրոագենտները։ Վաղը ծառի տակ միրգը փտելիս գյուղացին չի հիշելու Մակրոնի խոսքը, թե՝ «Հայաստան մինչ այս ոչ մի երկրի ղեկավար չէր գալիս», կամ չի հիշի Ուրսուլա ֆոն դեր Լայենի X միկրոբլոգի պատը, որտեղ Արարատի նկարն էր․ հիշելու է, որ տանն ունի սոված ընտանիք։ Եվրոպական ժպիտների, այցերի գինն իրենք են վճարելու։ Երկու օրով երկիրը սարքեցին իբր աշխարհի կենտրոն, բայց իրականում՝ թիրախ։

Ու եկե՛ք ֆիքսենք. այնպես չէ, թե Հայաստանում ինչ արևմտյան միջոցառում էլ լիներ՝ Մոսկվան վատ էր արձագանքելու։ Ո՛չ, ուղղակի սրանք գործընկերության ու թշնամության սահմանը չգիտեն։ Սրանք հավասարակշռված քաղաքականություն վարել չգիտեն. ինչպես երկրի ներսում է սև ու սպիտակ ու ատելություն, այնպես էլ՝ մյուս երկրների հետ հարաբերություններում։

Ի դեպ, այդքան խոսում են խաղաղության դարաշրջանից, բա ո՞ւր էր խաղաղությունն ապահովելու երկրորդ կողմը։ Ալիևը ո՞ւր էր։ Ոչ միայն չեկավ, այլև մեր հյուրընկալած միջոցառմանը ելույթում սպառնաց, արցախցիներին անվանեց անջատողականներ, Արցախի ղեկավարներին՝ ռազմական հանցագործներ։ Նիկոլն արձագանքելու փոխարեն շնորհակալություն հայտնեց ու նաև երազանք պահեց, որ այցելի Բաքու։

Կարճ ասած՝ Փաշինյանենց վտանգավոր շոուն թերևս կարելի էր վերնագրել՝ «խաղաղության գործընթաց է․ թշնամանում ենք Ռուսաստանի հետ»։ Ինչ այսօր կատարվեց Հայաստանում, մեր պետության և մեր ազգային շահի հետ որևէ կապ չունի, հակառակը՝ հենց այդ շահին դեմ էր։ Ականատես եղանք Արևմուտք-Ռուսաստան գլոբալ բախման հերթական դրվագին, որտեղ մեր երկիրն ընդամենը հարմար տարածք էր։ Իսկ մեր երկրի վայ-իշխանությունը պատրաստ է պետությունը դնել այդ հարվածի տակ, միայն թե ընտրություններից առաջ մի քանի գեղեցիկ լուսանկար ունենա և ցույց տա, թե իբր մենք մենակ չենք։ Սա վտանգավոր խաղ է մեր ճակատագրի հետ՝ հանուն մեկ մարդու իշխանության երկարաձգման։ Բայց անգամ էդպես երկարաձգումը չի ստացվում։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Այսօր՝ հունիսի 24-ին, ուժեղ քամու պատճառով վնասներ են պատճառվել նաև Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամու հետևանքով տապալվել են մի քանի ծառեր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավելի քան 2 ժամ է, ինչ Մեծամորի քաղաքապետարանից որևէ...

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի...

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

«Վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում, քաղաքական հետապնդումներ և քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի օգտագործում, 100 հազարին հասնող ձայներ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել»,-ֆեյսբուքյան եթերում ասաց«Ուժեղ...

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաև Իլհամ Ալիեւի Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ...

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Kia Forte» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես...