6 տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 4-ը, 44-օրյա պատերազմի 39-րդ օրն էր։ Պարտությունից ընդամենը 5 օր առաջ, երբ պատերազմ վարողները գիտեին՝ ինչ ելք է սպառնում, մարդկանց հետ երկխոսելու, լուծում առաջարկելու փոխարեն զբաղված էին հիմարացնելով։
Արծրուն Հովհաննիսյան. «Ես ուղղակի ասում եմ՝ մենք հաղթելու ենք և վստահ եմ, որ հաղթելու ենք։ Ես երբեք չէի ասի այդ բանը, եթե ինքս վստահ չլինեի։ Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածում են, ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել էդ տղերքի հետ․․․ Հատիկ-հատիկ բռնելու ենք ու ոչնչացնենք բոլոր տեղերում, հարավ կլինի, թե հյուսիս։ Էդ ձորակները եթե իրենց համար թաքցնելու տեղ են ընտրել, դրանք իրենց գերեզմանն են դառնալու»։
Թշնամուն բերել էին Շուշի, սա ասում էր՝ Շուշիի հարակից տարածքներում թշնամու վարձկան ջոկատները ոչնչացրել ենք, ռազագործողությունն էլ անվանում էր «Գյոռբագյոռ2020»։
«Եթե պատերազմում 10-15 օր առաջ նույնիսկ մի փոքր ավելի ծանր էր մեր վիճակը, հիմա ավելի լավ է, քան 15 օր առաջ»,- ասում էր Արծրուն Հովհաննիսյանը։
Պատերազմից հետո հարցնում են՝ ինչո՞ւ էիր խաբում, ասում է՝ մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք։ Այսինքն՝ 44 օր ոչ թե ռեալ իրավիճակի մասին էր խոսում, այլ՝ իր հավատի։
Այս իշխանությունը ինչ խոստում որ տա՝ խաղաղության պայմանագիր, ինքնիշխանություն, ապաշրջափակում, բարեկեցություն և այլն, նկատի ունեցեք, որ այդ խոստումը տալիս են նրանք, ովքեր պարտություն ստորագրելուց 5 օր առաջ ասում էին՝ մենք հիմա ավելի ուժեղ ենք, քան երբևէ, «գյոռբագյոռ» ենք անելու։
Այսօր խոսելու ենք մեր ամենամեծ սպառնալիքներից մեկի մասին՝ ներքին անվտանգության, որը ահավոր ցածր մակարդակի է։ Ներքին անվտանգությունը միայն պաշտպանված սահմանը չէ։ Դա քաղաքացու՝ պետության ներսում անվտանգ ապրելու, տեղաշարժվելու, սեփականության, անձնական կյանքի և իրավունքների պաշտպանությունն է։ Ինձնից լավ գիտեք, որ մեր երկրում բացարձակ անվտանգ է մեկ հոգի, ողջ ուժային-պետական համակարգն աշխատում է նրա անվտանգության վրա՝ զոհ տալով ողջ ժողովրդի անվտանգությունը։
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել․ Արագածոտնի մարզում բախվել է 4 ավտոմեքենա, կա 9 զոհ, նրանցից երեքը մի ընտանիքի անդամ են՝ ամուսիններ և նրանց 18-ամյա որդին, զոհվել է նաև նշանված զույգ։ Վերջին 10 օրվա մեջ սա արդեն 5-րդ դեպքն է․ 10 օր առաջ՝ հոկտեմբերի 24-ին, Երևան-Գյումրի ճանապարհին սարսափելի վթար եղավ, զոհվեց ընտանիքի երեք անդամ, մեկ օր անց Արմավիր-Երևան ավտոճանապարհին ողբերգական վթար եղավ, նույն օրը՝ նաև Երևանում, հոկտեմբերի 31-ին՝ Վանաձորում։
Սրանք կարող են լիքը պատճառներ բերել՝ վարորդները անկարգապահ են, մեքենաները մաշված են, մարդամեկն անգամ ասում է՝ լավ ասֆալտի պատճառով է, գազ են տալիս։ Կարող ենք ավելացնել գծանշումների ու ճանապարհային նշանների բացակայությունը, ճանապարհներին լուսավորության բացակայությունը, հանկարծակի փոսերը և այլն, բայց սա խոսում է կառավարության անգործության մասին։ Նիկոլը որ քաղաքից դուրս է գնում, ամեն մետրի վրա 10 ոստիկան կա։ ՆԳ նախարարն ասում է՝ պետք է տուգանքներն ավելացնենք։ Դա լուծում չէ ։ Տուգանքը չի կարող փոխարինել կանխարգելմանը և պետական պատասխանատվությանը։
Էսօր բազմաթիվ ուժայիններ էին լցվել Սամվել ու Նարեկ Կարապետյանների տուն և այլ՝ 63 հասցե, որովհետև Նիկոլը նոր սահմանադրության քարոզարշավն արդեն սկսել է ու ընդդիմության վրա ճնշում է գործադրում։ Ճանապարհները հսկելու փոխարեն այդ ոստիկանները Նիկոլի քաղաքական շոուին են մասնակցում։ Այս ամիս հրապարակվելու է սահմանադրության տեքստը։ Նշանակում է, որ իրավապահների գործը լինելու է ընդդիմադիր առաջնորդներին, պատգամավորներին, նրանց փոխկապակցված անձանց այցելությունը՝ բռնություններով «համոզելու» կողմ քվեարկել Ալիևի գրած-տված սահմանադրությանը։
Մեր երկրում քաղաքացին անվտանգ ու ազատված չէ ուժայինների՝ ԱԱԾ-ի, ոստիկանության ապօրինի գործողություններից։ Սա ներքին անվտանգության լուրջ պրոբլեմ է։ Նաև պրոբլեմ է այն, որ մեր երկրում ամեն օր սպանություններ են։ Երեկ խոսում էի անչափահասների դանակահարության դեպքից․ իսկ այսօր կարդում ենք՝ Վանաձորում ծեծկռտուք է եղել, կա զոհ։ Երեկ էլ կար զոհ, նախորդ օրն էլ, դրանից մեկ օր առաջ էլ, 10 օր առաջ էլ։
Ներքին անվտանգության դեֆիցիտի մասին է այն, որ մեր երկիր կարող է թշնամին մտնել, հանգիստ պտտվել, մարդ սպանել, վիրավորել, հետո փախչել կամ չփախչել, մեկ է՝ անվնաս հետ են ուղարկելու։ Տեռորիստը պատանդ է վերցրել երեխաների, նրանց մայրը վիրավորվել է, արդեն 10 հատ օպերացիա է տարել, Քննչական կոմիտեի նախագահը ասում է՝ չի ուզեցել կրակել, ստիպված է արել և այլն։ Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն է արդարացնում, ոչ թե Ադրբեջանի քննչական կոմիտեի նախագահ Նեմաթ Ավազովը։ Ինձ մոտ տպավորություն էր, թե ոչ մի հանրային պաշտպան չի համաձայնել էդ տեռորիստի գործը վերցնել, Արթուր Պողոսյանն է փաստաբանություն անում։ Նույն Քննչական կոմիտեում որ քննչական գործն են սարքում ընդդիմադիրների գլխին, չեղած քրգործի մեջ տասն անգամ գրում են՝ դիտավորությամբ այսինչ բանն է արել, իսկ ադրբեջանցին, որ մարդ է խփել, ասում են՝ դիտավորություն չկա։ Ժողովո՛ւրդ, մեր երկրում ադրբեջանցիներն ավելի պաշտպանված են, անձամբ Քննչական կոմիտեի նախագահն է դրանց փաստաբանություն անում։ Ու սա եթե քաղաքացիների, հատկապես սահմանամերձ բնակիչների համար անվտանգության հարց է, ապա իրականում ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է, կարծում եմ։
Քանի՞ անգամ եք տեսանյութեր տեսել, հատկապես վերջին շրջանում, որ մեր երկրի տարբեր հատվածներից, մայրաքաղաքից ադրբեջանցիներ են տեսանյութեր հրապարակում, հարցումներ անում ու Հայաստանը ներկայյացնում իրենց հողն։ Որ ասում ենք ներքին անվտանգությունը խայտառակ վիճակում է, սա է։ Ներքին անվտանգության լուրջ խնդիր է, որ ցանկացած անձի վերաբերյալ անձնական կյանքի գաղտնիություն ասածը գոյություն չունի, կարող են հանգիստ հրապարակումներ անել ՔԿ-ն, ԱԱԾ-ն, վերջինս իր տեսանյութերը ՔՊ կայքերի միջոցով տարածի։
Քաղաքացին մեր երկրում պաշտպանված չէ զանազան խաբեություններից, ֆինանսական բուրգերի զոհ դառնալուց․ քարտային տվյալների գողությունից, սոցցանցերով խաբեություններից, օնլայն վարկերի զոհ գնալուց, թմրամոլությանը, խաղամոլությյանը զոհ գնալուց։ Ոչ մի բանով պաշտպանված չես ու չես կարող ասել՝ քո հետևում, թիկունքին պետություն կա։ Իսկ ինչո՞ւ նիկոլենք խաբեության դեմը չեն առնում․ շատ պարզ, որովհետև իրենք սաղից շատ են խաբում։ Մի երկիր, որտեղ վարչապետի ՛շարասյունն է մարդ սպանում, ու լքում դեպքի վայրը, էլ ի՞նչ ներքին անվտանգությունից ենք խոսում։
Սովորական պայմաններում կարելի կլիներ իրավիճակից ելքեր առաջարկել՝ պետական համակարգի արմատական վերակառուցում, ողջ ուժայիններին ազատում քաղաքական պատվերների պարտադրանքից։ Միայն տուգանքներ հավաքելու փոխարեն իրականացնել ճանապարհների լուսավորության, գծանշումների և նշանների թարմացում, պարեկների արժանապատիվ ծառայություն։ Ֆինանսական բուրգերի, կիբեռհանցագործությունների, բանկային խաբեությունների դեմ պայքարելու համար ձևավորել մասնագիտացված արագ արձագանքման ստորաբաժանումներ։ Բայց էս առաջարկները սրանց անելն անիմաստ է։
Պետության գոյության իմաստը հենց քաղաքացուն պաշտպանելն է։ Ոչ թե միայն արտաքին թշնամուց, այլ նաև հանցագործից, ճանապարհի վտանգից, խաբեբայից, ապօրինությունից, պետական համակարգի հնարավոր կամայականություններից։ Քաղաքացին պետք է վստահ լինի, որ եթե իրեն վտանգ է սպառնում, պետությունը կանգնելու է իր կողքին։ Այնինչ ունենք իրավիճակ, երբ մարդը դուրս է գալիս տնից ու չգիտի՝ անվտանգ կհասնի՞ աշխատանքի, երեխան դպրոցից տուն կվերադառնա՞, վթարի զոհ չի՞ դառնա, փողոցում հարձակման չի՞ ենթարկվի, իրեն ո՞րտեղ կխաբեն, «կգցեն», իր իրավունքները պաշտպանելիս հենց իրավապահ համակարգի հետ խնդիր չի՞ ունենա։
Կարճ ասած՝ Երբ պետության ամբողջ ռեսուրսն ուժեղացվում է մեկ անձի իշխանությունը պահելու և քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար, քաղաքացին մնում է անպաշտպան ամենուր, անգամ՝ իր տանը։ էն խորը անտարբերությունը, որ ցուցաբերում է իշխանությունը երկրի ու քաղաքացիների նկատմամբ ու էն խորը ատելությունը, որ կա մեր երկրում, ներքին անվտանգության ճգնաժամի մասին է։ Դրսում քայլելը վտանգավոր է, բանակ գալը վտանգավոր է, սահմանին ապրելը վտանգավոր է, մայրուղով անցնելը վտանգավոր է, սաղ վտանգավոր է, որովհետև սրանք քանդել են ինչին ձեռքները կպել է։ Օրերս էի խոսում հաշմանդամային պետության մասին։
ԱԽ քարտուղար ունեք, ասում էր՝ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է։ Թվում է, թե ներքին անվտանգության երաշխավոր էլ են նշանակել Ալիևին․ որովհետև մենակ մեր թշնամիները կցանկանային նման վիճակ մեր երկրում։
Սևակ Հակոբյան





