Օրերս ճեպազրույցում լրագրողները մարդամեկին ասում են, որ որոշ ընկերություններ մարդկանցից գումար են վերցնում էլեկտրական ավտոմեքենաներ բերելու համար, բայց խաբում են․ տասնյակ հազարավոր դոլարներ են գրպանում։ Սա չի ասում՝ «կբռնենք-կպատժենք» և այլն, մեղադրում է խաբեության զոհերին, թե՝ «21-րդ դարում ո՞նց կարելի է գնալ ու խաբեության զոհ դառնալ»։ Իհարկե, հենց 21-րդ դարում ու հատկապես վերջին մի քանի տարիներին են խաբեության զոհ գնալու հնարավորությունները շատացել, և նրանից այլ պատասխան էին ակնկալում։ Բայց հարցն այն է, թե ով է այդ մասին խոսում․ մարդ, որը հայ ազգին պատմության մեջ ամենամեծ խաբեությունների զոհ դարձրածն է։
Այսօր խաբեություններից մեկի՝ 44-օրյա պատերազմի տարելիցն է․ 6 տարի առաջ այս օրը պատերազմ էր։ Ու այդ պատերազմը ամենամեծ խաբեություններից մեկն էր։ 2020թ․ այս օրերին՝ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ, ՔՊ-ական պատգամավորները պահանջում էին ձերբակալել ու պատժել նրանց, ովքեր հայտարարում էին, թե տարածքային կորուստներ ունենք։ Թշնամին հասել էր Շուշի, սրանք ասում էին՝ ո՞վ է ասում, թե կորուստ ունենք։ Իսկ Արծրունը հաղորդում էր, թե թշնամին հետ է շպրտվել, փախել է, հետապնդում ենք։ Ալիևը Զանգելանի, Կուբաթլուի օկուպացրած գյուղերի ցանկ էր կարդում, սրանք ձեռք էին առնում, թե՝ հերիք չէ՞ նույն գյուղերը հա գրավեք։ Նոյեմբերի 3-ին՝ այս օրը, ասում էին՝ Ադրբեջանի ցամաքային զորքն ու զինտեխնիկան արդեն գոյություն չունեն։
Մեր գլխին բերված պատերազմը ամենամեծ խաբեություններից մեկի արդյունքն էր, և դեռ մենք չգիտենք, թե ինչպես և ինչու այս ամենը կատարվեց։ Բայց պատերազմից առաջ հայ ժողովուրդը մեկ այլ՝ չտեսնված ու չլսված խաբեության զոհ դարձավ․ դա այսպես կոչված «թավշյա, ոչ բռնի խուլիգանությունն» էր։ Դա հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած ամենամեծ խաբեություններից մեկն էր։ Այդ խաբեությունն ընդգրկում էր ամեն ոլորտ։ Դրանցից մեկը, որին շատ եմ անդրադարձել, «ազգուտակով պաշտոնյա» խորագիրն է։
Հիշո՞ւմ եք՝ ինչ էին ասում սրանք․ երկիրը սարքել են բաջանաղապետություն, բոլոր պաշտոններին ՀՀԿ-ականներն են, նրանց հարազատներն են, ԽԾԲ-ն ծաղկում է, արմատախիլ կանենք այդ համակարգը։ Ու դրան ազնվորեն հավատում էր մեր ժողովուրդը, բայց ամենաառաջինը հենց այդտեղ պարզվեց, թե ինչ մեծ խաբեության հետ գործ ունենք։ Բոլոր ոլորտներում կադրային ջարդ արեցին, ազատեցին նաև ամենալավ մասնագետներին, տեղը լրացրին սրանց ազգուտակը, բարեկամ-ընկերը, բաջանաղներն ու հորքուրի գանձերը։
Պետական ոլորտը ՔՊ-ացնելուն զուգահեռ և դրանից հետո անցան մասնավորին․ խլում են ու նշանակում իրենցականներին։ ՔՊ-ական նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է Գյումրու էլցանցի պետ։ Եսիմ ինչ պաշտոն է, մանավանդ Շիրակի մարզպետ, ԱԺ պատգամավոր աշխատելուց հետո։ Բայց այդ բազում սկանդալների մեջ հայտնվածին պաշտոնների նշանակելու միակ պատճառը ՔՊ-ական լինելն է։ Երկրորդ պատճառ չեմ գտնում։
Սրանք խլեցին ՀԷՑ-ը ու ասացին՝ վերադարձնում ենք ժողովրդին։ Ասացի՝ նայեմ, թե այդ ժողովուրդը ովքեր են․ ՀԷՑ-ի իրացման տնօրենի տեղակալը՝ ՔՊ-ական, Դեբեդ, Ղարս, Նաիրի, Եղեգնաձորի, Էջմիածնի, Սիսիանի, Ստեփանավանի և բազմաթիվ այլ մասնաճյուղերի տնօրենները՝ ՔՊ-ական։ Իշխանությունը պետհիմնարկներում աշխատանքից ազատում է հականիկոլականներին, բայց ընդդիմադիր գործատուներին պարտադրում է, որ ՔՊ-ականներին ընդունեն ու բարձր վճարեն։ Խլված ու փայ մտած բիզնեսներում, որոնք միայն այս տարի բազմաթիվ են, նշանակվել են ՔՊ-ական կառավարիչներ ու աշխատողներ։ Սա՛ է խաբեությունը։
Խաբեությունն այն է, որ իբր ձեզ համար են եկել իշխանության, բայց պետության, պետբյուջեի բարիքներից, իշխանության տված հնարավորություններից ու արտոնություններից օգտվում են միայն իրենք։ Ամուսինը ԱԺ փոխնախագահ է, կինը՝ «Հայփոստ» ՓԲԸ տնօրեն՝ խիստ բարձր աշխատավարձով, ու ամուսինը խորհրդարանում դոշ է տալիս վնասով աշխատող հիմնարկում կնոջ պաշտոնի համար։
Խաբեությունն այն է, որ հեղափոխությունն արել են ձեզ համար, բայց մարզպետ է դարձել Նիկոլի քավորը, պատգամավոր՝ քավորի եղբայրը, Նիկոլի եղբոր տղան, աներձագը, բազմաթիվ պաշտոններ են ստացել Աննա Հակոբյանի բարեկամները։ Հավատացրել են, որ լրիվ հակառակն է լինելու, որովհետև իրենք նվիրյալներ են ու հավատացել եք։
Արտաքին գործերի նախարարի կինը նշանակվում է ներդրումային հիմնադրամի տնօրեն, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է Միրզոյանն ինքը, ու մարդ ու կին պետբյուջեի հաշվին գնում են գործուղումների։ Որովհետև Փաշինյանը համարել է, որ Հայաստանի ներդրումային միջավայրին ավելի մեծ օգուտ, քան Միրզոյանի կինը, ոչ ոք չի՞ կարող տալ։ Իսկ հավանական պատճառ չէ՞ փող աշխատելը, դղյակ են առել, փող է պետք։
Փաշինյանն ասում է՝ ժողովուրդը անգրագետ է, կրթված չէ, պլյուս դրան՝ թամբալ է, բարձր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն։ Նա ինքը ոչ միայն մրցունակ կրթություն չի ստացել, այլև ընդհանրապես դիպլոմ չունի, բայց ամսական 3 մլն-ի կարգի ստանում է։ Ու հունվարից պետք է կրկնապատկվի։ Մրցունակ կրթությամբ բարձր աշխատավարձի մասին խոսում է նա, ով խիստ պատասխանատու՝ առողջապահական հանձնաժողովի նախագահ է նշանակել դպրոցն ավարտելուց հետո կրթությունը չշարունակած ՔՊ-ականին։ Կինը պատգամավոր է, ամուսինը՝ հիմնադրամի տնօրեն, այն մի պատգամավորի ամուսինը՝ ԱԳ նախարարի խորհրդական։ ՔՊ-ականը նշանակվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետ, կինը՝ մանկապարտեզի տնօրեն․ ամուսինն արդարանում է՝ «մրցույթով է հաղթել»։ Միակ մասնակիցն էր, սրանց ՏԻՄ ընտրությունների նման։ Էն ԽԾԲ համակարգը, որ իբր թե մերժում էիք, այդ ժամանակ էլ նույն կերպ չէ՞ր, հո չէ՞ին ասում՝ «ինչ ես անում, հել արի տնօրեն աշխատի», էլի մրցույթ էր լինում ու հաղթում էին նրանց հարազատները, բարեկամները, ընկերները, որովհետև կամ միակ մասնակիցն էին մրցույթի, կամ էլ ամենաարժանին։ Նույնը հիմա է։
Որ ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին քաղաքապետ է, փեսան՝ փոխմարզպետ, նախկինում էլ կային նման բաներ։ Հլը նախկինում հաճախ բարեկամններին չերևացող պաշտոնների էին նշանակում, մամուլի աչքից հեռու։ Սրանց մոտ այդ ձևականությունը չկա, մեկ է՝ իշխանությունը մերն է, ոնց ուզում՝ պահում ենք, թող ինչ ուզում են՝ խոսեն։ Եթե ախկինում, ասենք, 25 տարվա ընթացքում էր դասավորվել այնպես, որ պաշտոնյաների բարեկամները լցվել էին պետական կառավարման համակարգ, սրանք այդպես արեցին ընդամենը երեք տարում։
Բա, իմ խաբված ժողովուրդ, այսպիսի բաներ։ Ու ինչպես որ չեն պատժվում էն խաբեբաները, որոնք շորթում են ձեզ, ձեր անունով վարկեր են ձևակերպում, մեքենա կամ այլ բան եք առնում ու չեք ստանում, այնպես էլ դեռ պատժված չեն այս մյուս խաբեբաները, որոնց զոհը միայն մենք չենք, մեր երկիրն է։ Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում։
Կարճ ասած՝ ո՞րն է ավելի վտանգավոր՝ խաբեբայությո՞ւնը, թե՞ խաբված մնալուն սովորելը։ Խաբեբաները կատարելագործվում են, նոր ձևեր են գտնում, նոր խոստումներ են տալիս, նոր փաթեթավորմամբ նույն հին ապրանքն են վաճառում։ Իսկ մենք ամեն անգամ կարծես առաջին անգամ ենք հանդիպում նրանց։ Տարբերություն կա փողոցային խաբեբաների և քաղաքական խաբեբաների միջև․ առաջինները սովորաբար աշխատում են այնպես, որ իրենց զոհը երկրորդ անգամ իրենց չհանդիպի։ Իսկ մեր դեպքում զոհը միշտ նույնն է։ Ինը տարի՝ նույն խոստումները, նույն խաբեությունը, նույն հետևանքները։ Ու ամենացավալին այն է, որ այս խաբեության գինը միայն կորցրած փողը չէ։ Գինը կորցրած տարիներն են, կորցրած հնարավորությունները, կորցրած հայրենիքն ու մարդկանց ճակատագրերը։
Ի վերջո, խաբեբաների իշխանությունը գոյություն ունի միայն այնքան ժամանակ, քանի դեռ կա խաբվելու պատրաստակամություն։
Սևակ Հակոբյան






