2020 թ․ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը, 44-օրյա պատերազմի 31-րդ օրն էր։ Այդ օրը ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ վտանգված են Արցախը և Հայաստանը, հնարավոր է բեկում մտցնել պատերազմում, բայց պետք է Փաշինյանի կառավարությունը հրաժարական տա և ողջ իշխանությունը հանձնի բանակին։ Բանակը կազմի միասնական պաշտպանական կոմիտե՝ Արցախի հետ միասին։
Գիտե՞ք, պատերազմի առաջին շաբաթվա վերջում մենք հրապարակել էինք գրառում, որ պատերազմում հաղթելու կամ գոնե չպարտվելու թիվ 1 պայմանը Փաշինյանի հրաժարականն է։ Հակառակ դեպքում դա տանելու է պարտության։ Պատերազմի 31-րդ օրը, երբ հնչում էին հրաժարականի պահանջներ, արդեն ավելի ու ավելի տեսանելի էր դրա կարևորությունը։ Անհնար էր չտեսնել, որ այդ մարդը գլուխ չի հանում։ Ու փոխանակ Փաշինյանը խորանար թեմայի մեջ, հասկանար իր գերագույն հրամանատարության կործանիչ լինելը, շանս տար փրկվելու, բեկում մտցնելու, ինչպես ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Միքայել Համբարձումյանն է նշում, պահանջում է ամեն կերպ կալանավորել իր հրաժարականի մասին խոսողին։ Ստացվում է՝ ջհանդամը, թե չենք պարտվում, կարևորը՝ ես մնամ։
Այդօրը Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին․ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման՝ իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին։ Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու նրանց պլանները»։
Հանձնում էին, զոհում էին, նահանջում էին, սրա ուշք ու միտքը լիրիկան էր, սիրուն բառեր ասելն էր։ Թշնամին Շուշի էր հասնում, իսկ սա իր գրած ոտանավորն էր արտասանում՝ որպես ժողովրդին ուղերձ: Իհարկե՝ ՊՆ-ն Փաշինյանի ուղերձից հետո ստերը բազմապատկեց, թե՝ հակառակորդն արդեն կորցրել է իր քանակական և տեխնիկական առավելությունը։ Թշնամին իր հանրությանը մոլորեցնում է, թե հաղթում է, բայց փախուստի է դիմում։
Այսօր՝ 6 տարի անց, երկու իրադարձություն տեղի ունեցավ, մեկը Հայաստանում, մյուսը՝ Ադրբեջանում, որոնց ցանկանում եմ անդրադառնալ։ Հայաստանի խորհրդարանը քննարկում էր ԹՐԻՓՓ-ի վավերացումը։ Իշխանական ելույթները ընդամենը ցանկություններ էին՝ ապաշրջափակում, խաղաղություն, կայուն զարգացում, ինքնիշխանություն և այլն։ Արարատ Միրզոյանը մի լղոզում ու սվաղում էր։ Իհարկե՝ ՔՊ-ի ձայները բավարար են վավերացնելու համար ու կվավերացնի՝ թեկուզ թույլ հիմնավորմամբ, թեկուզ նրանով, որ այն ԱՄՆ-ի, Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից է, իսկ մեզ համար՝ միայն ռիսկեր։ Ասում են՝ տնտեսական կարևոր փաստաթուղթ է, բայց չունեն տնտեսական օգուտների հաշվարկ։ Միջազգային առևտրի նախարարի տրամաբանությունն այն է, որ դե որ բեռ տեղափոխեն Չինաստան, օգուտ է։
«Թրամփի ուղով» ԱՄՆ-ն օգուտ է ստանում՝ Իրանի քթի տակ հայտնվելով, Ադրբեջանը ստանում է կապ Նախիջևանի հետ, Հայաստանն ընդամենը լավամարդ է լինում։ Բացեք-նայեք ՔՊ-ի ելույթները մեկ տարի առաջ․ երբ խոսք էր գնում անխոչընդոտ կապի մասին, իրենց ճղում էին։ Պարզվեց՝ կա։ Ու եթե մինչ այս սրանք մեր ժողովրդի մոտ տպավորություն էին ստեղծում, թե ԹՐԻՓՓ-ի ու այսպես կոչված խաաղաղության պայմանագրի վավերացումը միաժամանակ է լինելու, հիմա ասում են, որ կարող է այդ ճանապարհ է, միջանցք է, դա տան, բայց խաղաղության պայմանագիրը մնա հետո, եթե իհարկե, երբևէ լինի։
Նիկոլ Փաշինյանը մի երկու շաբաթ առաջ սերիալ էր սկսել, ամեն օր գրում էր խաղաղության պայմանագրի մասին, թե՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը ստորագրելու, վավերացնելու վրա, բայց ոչ թե դա է բերել վաավերացման, այլ՝ այդ պայմանագրի հետ կապ չունեցող «Թրամփի ուղին»։
Իսկ խաղաղության պայմանագիրը կլինի՞ երբևէ։ Այս հարցին պատասխանելու համար եկեք նայենք Ադրբեջանում հենց այսօր կատարվածին, որը տրամաբանական շարունակությունն է այդ երկրում մինչ այսօր կատարվածի։ Հայաստանում այսօր կեսօրից հետո քննարկում էին Ադրբեջանի հետ խաղաղությունը, իսկ մինչ այդ՝ առավոտյան, Ադրբեջանում ինչ-որ միջմշակութային երկխոսության ֆորում էր, ու Ալիևը Հայաստանին անվանում էր թշնամի, որին ջախջախել է։ Նիկոլի հետ իբր խաղաղության գնացող Ալիևը։ Ալիևի ելույթից ժամեր հետո Արարատ Միրզոյանը մոտենում է ամբիոնին ու խոսում է խաղաղությունից ու նման բաներից։
Մի օր հետ գնանք։ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարում է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք, ասում է, 30 տարի շարունակ չեն կարողացել «վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»։ Սրան չեն արձագանքում, ոչ մի բառ։ Էն Ալեն Սիմոնյանը, որ Հաջիևի հետ համարներով փոխանակվել են ու իրար զանգում են, բան ունի՞ ասելու, թե՞ ներողություն է խնդրել։
Միրզոյանին հարցնում են՝ մինչ դուք խաղաղությունից եք խոսում, լսե՞լ եք՝ ինչ են ասում Բաքվում։ Պատասխանն է՝ Արտգործնախարարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, խաղաղություն է խնամում, եթե արձագանքենք, կընկնենք փոսերի մեջ։ Էդ խաղաղությունը ո՞ւմ հետ է։ Տպավորություն է Արարատ Միրզոյանի խոսքից, թե մենք խաղաղություն ենք կառուցում ինչ-որ X երկրի հետ, իսկ Ադրբեջանը խանգարում է։ Դուք Ադրբեջանի հետ եք ուզում կառուցել, իրենց ելույթները, տոնը, ծաղրը խաղաղությա՞ն ծաղր է։ Էդ խաղաղության խնամքից որ էդքան խոսում եք, էդ անտեր խնամքը մենակ մեզ համար է՞։ Բա մի օր ասեք՝ «Ադրբեջա՛ն, քո ելույթները էսկալացիայի կարող են բերել, դուք պատերազմ եք հրահրում»։ Ադրբեջանի բառապաշարը արդյո՞ք խաղաղության գնացող երկրի բառապաշար է։ Լոուրջ դուք հավատում ե՞ք։
Կարճ ասած՝ դուք խաղաղություն չեք խնամում, դուք խնամքով հանձնում եք Հայաստանից ինչ կարող եք։ Վաղը խորհրդարանում հարցուպատասխան է կառավարության հետ, մյուս օրը ճեպազրույց ունի մարդամեկը․ ես վստահ եմ, որ ելույթների մեծ մասը լինելու են Հայաստանից անկլավների անվան տակ տարածքներ հանձնելու մասին՝ հանուն խաղաղությունը խնամելու։ Այ այդպես, խաղաղությունը ելել է խեղճ հարիֆի շալակը, բայց էնքան ծանր է, որ չի կարողանում տանել, ստիպված ամեն անգամ մի կտոր պոկում-տալիս է, որ թեթևացնի։
Սևակ Հակոբյան






