Մտավախությունը մեծ է, որ դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը և կկայացվի անդամությունը սառեցնելու որոշում։ Վերջերս հրապարակած 70-էջանոց զեկույցը հենց այնպես չէր։ Հայաստանի արձագանքն այս առումով անհասկանալի է․ ընդամենն ասում են՝ մեզ չեն կարող հեռացնել-սառեցնել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, անե՞ն։ Վերջին օրերին ՔՊ-ական պատգամավորները մեղադրանք էին ուղղում ընդդիմությանը, որ Ռուսաստանն արգելել է հայկական բազմաթիվ արտադրատեսակների ներմուծումը։ Իրենք 8,5 տարվա իշխանություն են, մեղավորն ընդդիմությունն է։ Իհարկե՝ ընդդիմությունը մեղավոր է, որ նրանք դեռ իշխանության են, բայց ՌԴ պատժամիջոցների մեղավորությունը ամբողջությամբ այս իշխանությանն է։ Մայիսին, երբ այս արգելքները եղան, ՔՊ-ն հայտարարեց, որ հունիսի 1-ին Պուտինը շնորհավորել է Նիկոլի ծնունդը, ուրեմն գյուղմթերքի արտահանումը կբացվի։ Ընդհակառակը, ավելի խստացավ։ Նիկոլն ասում էր՝ «ինձ ընտրեք, տեր կանգնեք խաղաղությանը, ես բիբարին տեր կկանգնեմ»։ Ինքը կեղծիքներով ընտրվեց, բիբարն էլ մնաց փչացավ, խաղաղություն էլ չեն կնքում։ Ինքն էր ասում՝ Պուտինի հետ շատ մոտ եմ, հունիսին կգնամ, կկարգավորեմ։ Հունիսին էլ, հուլիսին էլ չեն ընդունում, իսկ հոկտեմբերին զեկույց են դեմ տալիս, թե՝ «վեշերդ մանրից հավաքիր ԵԱՏՄ-ից»։ Կրկնում եմ՝ 8,5 տարի դուք եք իշխանության, և մեղավորությունն էլ, պատասխանատվությունն էլ ձերն են՝ ամբողջությամբ։
Լավ, կա՞ հաշվարկ, թե ինչ է լինելու մեզ հետ, եթե անդամությունը սառեցնեն և կա՞ն հետագա քայլեր։ Արդեն անդրադարձել ենք, թե ինչ կլինի, եթե գազը թանկանա, որը կլինի կտրուկ։ Մենք մի վատ խասիաթ ունենք՝ ուշադրություն չդարձնել խնդիրներին, ահազանգերին, զգուշացումներին, ականջի պոչով լսել-անցնել գնալ, քանի որ այս պահին դեռ չի կաատարվել վատագույնը․ բայց հենց գա, սկսելու ենք ցայտնոտի մեջ ընկնել և մեղավորներ ման գալ։ 6 տարի առաջ այս օրը պատերազմ էր, ու այդ ժամանակ էլ բոլոր ահազանգերին սրանք արձագանքում էին, թե՝ «հաղթում ենք», «թշնամու ողնաշարը կոտրել ենք», «ոչ մի կարևոր առաջխաղացում չունեն», մինչև վերջին օրը ասացին սաղ լավ ա, հաղթում ենք, ստորագրեցին-հանձնեցին։ Հիմա էլ ասում են՝ «սաղ նորմալ է», գազի թանկացումը հեչ, արտահանումների արգելքը՝ հեչ, սաղ հեչ․․․ Մեկ էլ հոպ՝ զարթնելու ենք ՀՀՇ-ի ցուրտ ու կիսաքաղց Հայաստանում։
Զգուշացնում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում մեզ սպառնում է ՀՆԱ-ի կտրուկ անկում՝ 4,6 մլրդ դոլարով, սարսափելի գնաճ, արտահանման անկում, ներմուծման անկում, վերաարտահանման անկում՝ 90 տոկոսից ավելի, երկաթուղային փոխադրումների սակագների աճ և լիքը այլ բաներ։
Իսսկ ի՞նչ հաշվարկ ունի իշխանությունը։ Էդ որ իբր նոր շուկաներ են ման գալիս, դրանք վաղուց պետք է կայացած լինեին, եթե անգամ Հայաստանը ԵԱՏՄ-ում փայլուն վիճակում լիներ։ ԵԱՏՄ անդամությունը չի խանգարել այլ երկրների հետ տնտեսական հարաբերություններին․ բայց հատկապես ռուսական շուկայից կախվածությունը հասցրել են առավելագույնի։ Ու փաստի առաջ ենք։
Ժողովուրդ ջան, փաստ է, որ Հայաստանում չկա մեկ հոգի, որ սրա ազդեցությունն իր վրա չի կրելու։ Կարող է մեկը շատ կրի, մեկը՝ քիչ, մեկը բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ է ստանում, քիչ զգա, կարող է մեկն ապրանք չունի արտահանելու, բայց ունի տրանսֆերտ ստանալու․ չունի տրանսֆերտ ստանալու, բայց եկամուտ է ստանում տուրիստներ ընդունելով (իսկ մեր երկրում բոլոր տուրիստների կեսը ռուսներն են)․ կարող է էս բոլորի հետ կապ չունի, բայց հաց է օգտագործում, որը ռուսական ցորենից է։
Իմ խոսքը չի վերաբերում նրան՝ ԵԱՏՄ-ից դուրս արի կամ մի արի․ ասում եմ՝ քո ամեն քայլը պետք է լինի հաշվարկված՝ որտեղ էլ մտնես ու դուրս գաս։ Պետք է հաշվես՝ ԵԱՏՄ-ից դուրս գալիս ինչ ես շահում, ինչ ես կորցնում․ այլ տեղ գնալու դեպքում ինչ ես շահում, ինչ ես կորցնում․ դուրս գալու և ոչ մի տեղ չգնալու դեպքում ինչ ես շահում, ինչ ես կորցնում։ Ըստ երևույթին, մեզ այս երրորդ սցենարն է սպասում, որովհետև կարելի է կռահել, որ այս ընթացքով, մեզ դուրս են հանելու և ոչ մի ուրիշ տեղ չեն ընդունելու։
Զեկույցում կարևորագույն կետերից են դրամական փոխանցումների դադարեցումը, աշխատանքային պայմանների վատթարացումը․ կարող է վերականգնվել աշխատանքի թույլտվությունների կամ արտոնագրերի պահանջը։ Դա բերելու է ուղղակի ընտանիքների եկամուտների նվազման։ ՔՊ-ականներից շատերը, նրանց ընտանիքների անդամները խոպանից վերադարձել են ու պաշտոնյա են, հաջողակ բիզնեսմեններ են՝ պետբյուջեի փողերով, էստեղ են խոպանում զգում իրենց, բայց գիտե՞ք քանի քաղաքացի, քանի տնտեսվարող է ունենալու եկամուտների կրճատում։ Իրենց համար աշխատում-ապրում են, բայց քանի որ իշխանության դուք եք, քաշվելու են։
Ուղղակի հաշվաարկ կա Հայաստանի տնտեսության ուղղակի կորուստների, ֆիզիկական անձանց փոխանցումների կորուստների, որոնք միլիարդավոր դոլարներ են: Էդ գումարները կառավարությո՞ւնն է փոխհատուցելու, ո՞րտեղից․ թե՞ ԵՄ-ն կտա։ Գազի գինն էլ կփոխհատուցի՞, տրանսֆերտներինն է՞լ, արտահանումն է՞լ։ Տեսանք՝ ոնց է փոխհատուցում, Ուզբեկստանի օրինակով․ ապրանքի դիմաց թվեր են գրում, գումար դուրսգրում, հետո պարզվում է՝ չի արտահանվել։
Մի քանի օրից բյուջեն են քննարկելու խորհրդարանում, ու հաջորդ տարվա բյուջեում էս մասին չկա։ Ռիսկերը չկան, որ կարող է ԵԱՏՄ-ից հանեն ու կանգնենք փաստի առաջ։ Բնականաբար՝ վազելու են արտաքին պարտքի հետևից։ Էլի սաղ քո ուսերին է, խաբված ժողովուրդ ջան։ Դա էլ հիմնավորելու են ինքնիշխանությամբ, անկախությամբ։ Մարդամեկն ասում էր՝ ԵԱՏՄ-ից որ դուրս գանք, կաթվածահար կլինի։ Իրականում ի՞նչը կաթվածահար կլինի։ Մեր տնտեսությունը։
Օրերս անդրադառնալով Փաշինյանի՝ Զելինսկու ճանապարհով գնալուն, բերեցի մայրուղու օրինակը, որը լցված է ճանապարհային զգուշացնող նշաններով, որոնց պետք է հետևես՝ անվտանգ տեղ հասնելու համար։ Ու նշում էի, որ Նիկոլ Փաշինյանը առանց այդ նշաններին նայելու, գնում է Ուկրաինայի ուղով։ Այս զեկույցը՝ 70-էջանոց, հաշվեք հենց 70 հատ զգուշացում է, որ՝ ճանապարհից շեղվում եք։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, մարդամեկն օրերս ասում էր՝ սահմանափակում արեցին, մտածում էին՝ կկործանվենք, չկործանվեցինք։ Շատ վատ է, որ դու երկիրը հասցնում ես էն վիճակին, որ սահմանափակումներ են մտցնում։ Այո, որ գյուղմթերքը արգելել են և ոլորտում երկնիշ անկում է լինելու, շատերս չենք կործանվել, բայց մի քանի հեկտար պոմիդոր ցանած Նորայրը կործանվել է, որովհետև աճեցրած պոմիդորի կեսը թափել է, հողը ծախել է, որ վարկերը փակի։ Շատերն էլ որոշել են այլևս չցանել։ Այո, կարող է առանձին վերցրած որևէ պաատժաամիջոց կործանարար չլինի՝ ո՛չ գյուղմթերքի արգելքը, ո՛չ գազի թանկացումը, ո՛չ տրանսֆերտների դադարեցումը և այլն, բայց բոլորը միասին, այո՛, կործանարար են։ Ու դա մեզ սպառնում է դեկտեմբերին։
Հարց՝ ինչպիսի՞ն կուզենային տեսնել մեր թշնամիները Հայաստանը։ Հենց այսպիսի իրավիճակներում։ Հետևաբար, ո՞ւմ շահերն են սպասարկում նրանք, ովքեր բերում են այդ վիճակին։
Մարդամեկն ասում է՝ «Ջենիֆեր Լոպեսի համերգն աննախադեպ էր մեր երկրի, մեր տնտեսության համար»։ Լոպեսը աննախադեպ չէր․ աննախադեպը դո՛ւք եք։
Սևակ Հակոբյան





