Երեք միջադեպ՝ վերջին երեք օրերին։ Հոկտեմբերի 29․ Ազգային ժողովում ծեծկռտուք եղավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Էն մի ՔՊ-ականն աթոռներ էր շպրտում, էն մյուսը աչքերը փակել էր ու հարվածում էր ոնց պատահի, երրորդը շիշ էր մատակարարում գործընկերոջը, որ խփի։ Մեր Խորհրդարանում միջադեպեր հաճախ են լինում, բայց այս մեկը խուլիգանական դրսևորումներով առանձնանում է։ Իզուր չէ, որ ՔՊ-ական ԲՏՌ-ները զարդարել էին համաշխարհային լրահոսը։ Նիկոլը տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսեց COP 17-ի վրա, որ Հայաստանը ճանաչելի դարձնի աշխարհին, բայց մեկ ծեծկռտուքը ավելի ճանաչելի դարձրեց։
Երկու օր անց՝ հոկտեմբերի 31-ին, բանակում հայտնաբերվեց զինծառայող Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Տիգրանը պետք է զորացրվեր կես տարուց, բայց սպանվեց, ինչպես հաճախ է լինում մեր բանակում։ Նույն օրը Երևանի բժշկական կենտրոն տեղափոխվեց երեք անչափահաս՝ ծայրահեղ ծանր վիճակում, կտրած-ծակած վերքերով։ Երեք միջադեպ՝ բանակի, փողոցի և խորհրդարանում իշխանական բարքերի մասին։
Երբ ասում ենք բանակում իրար սպանում են, Նիկոլն ասում է՝ փողոցի բարքերն են, երբ փողոցում իրար ուտում են, ասում են՝ ԱԺ-ից ենք սովորել։ Ժողովուրդ ջան, էն բառերը, որ խորհրդարանում իրար ասացին, ու էն գործողությունները, որ արեցին նույն խորհրդարանում, բանակում էլ, փողոցում էլ դրանցից յուրաքանչյուրն ավարտվում է կրակոցով և սպանությամբ, որովհետև զենք կա։ Պատգամավորներին արգելված է իրենց զենքը դահլիճ տանել։ Մի պահ մտածենք, որ պատգամավորներն իրենց զենքն իրենց հետ տանում են ներս, օրը քա՞նի սպանություն կլիներ։ Խորհրդարանում նույն փողոցի, բանակի բառապաշարն է, բայց՝ ուղիղ եթերում։
Հայաստանում բռնությունը պետական-հասարակական հարաբերությունների հիմնական լեզուն է։ Նույն խորհրդարանը ծեծկռտուքից մեկ օր առաջ ընդունում է բռնության կանխարգելման մասին օրենք, բայց ժողովրդավարական քաղաքական բանավեճի բեմը սարքում է ռինգ։ Թվարկածս երեք միջադեպն էլ պետության դեմքն է․ բանակում՝ զինծառայողի մահ, փողոցում՝ պատանիների դանակահարություն, խորհրդարանում՝ բռունցքներով, աթոռներով ու շշերով հարձակում։ Հայաստանում սրանք ձևավորվել են միջավայր, որտեղ ուժն ավելի հաճախ է փոխարինում օրենքին, խոսակցությունն ընդհատվում բռունցքով։ Երբ ԱԺ դահլիճում սավառնում են աթոռներ, չես կարող անչափահասներին համոզել, որ դանակով հարց չեն լուծում։
Այս երեք միջադեպերում էլ կառավարությունն է պատասխանատուն։ Սա մեր անվտանգության մակարդակն է ու իշխանության արժեհամակարգը։ Ո՛չ կանխարգելում, ո՛չ վերահսկում, ոչ էլ բերում է արդար ու անխուսափելի պատասխանատվություն։ Անգամ բռնության համար քաղաքական կողմնորոշումն է որոշում՝ ում պատժել, ում՝ ոչ։ Պետության ղեկավար աշխատողն արդարացնում է ուժի կիրառումը․ բռնությունն ընդունելի է, եթե իրենց կողմից է։ Հիմնական հարցը ոչ միայն այն է, որ իշխանության ներկայացուցիչները ԱԺ-ում բռնության են դիմել, այլև այն, թե ինչպես է փոխվել իշխանության վերաբերմունքը բռնություն երևույթի նկատմամբ՝ կախված նրանից, թե ով է մասնակիցը։ Սրանք, որ առաջ ընդդիմություն էին, քննադատում էին «շմայսական», «սաշիկական» պահվածքը, քրեածիններին վարքը։ Իրենք տասնապատիկն են արել։ Ու հիմա ողջունում են։ Եթե ՀՀԿ-ականներն էին, չարիք էր, եթե ՔՊ-ականներն են՝ «այ մալադեց»։ Հարցնում եմ՝ ո՞ւր է դատախազը, բայց նաև հիշում եմ, որ նախորդ խորհրդարանում էլ դատախազի ներկայությամբ է ծեծկռտուք եղել։
Այս երկակի մոտեցումը նույնն է նաև այլ հարցերում։ Օրինակ՝ եթե ուրիշներն են հարստացել, գույքերի են տիրապետում, ըստ ՔՊ-ի՝ վատ է, մանավանդ եթե ընդդիմադիր են, բայց որ իրենք են դարձել դղյակատեր, լավ է։ ՔՊ-ական նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքի օրինականությունը դատախազությունը վիճարկում է, բայց ոչինչ չեն անում, իսկ ընդդիմադիրին՝ կալանք, գույքի արգելանք։ Խոսքը Սուքիասյանի մեղավորությունը կանխավ որոշելու մասին չէ, խոսքը ոչ հավասար չափանիշների մասին է։ Ով այս իշխանությանը դեմ է, ուրեմն ինչ ունի-չունի՝ հայտարարվում է ապօրինի, բայց ով սրանց աջակցում է, դղյակի ու միլիոնների ծագումն էլ կարևոր չէ։ Բիզնեսի կապարակնքում պետք չէ, տան վրա կալանք դնել պետք չէ, այդ անձի կալանքն էլ պետք չէ, որովհետև իրենց փողի քսակն է։ Կարդում ենք՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ «ընդհանրապես կապ չունեցող» օլիգարխ Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ մեղադրանքը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեություն է, երկրորդի դեպքում՝ նաև առանձնապես խոշոր չափերով շորթում։ Խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին։ Ուրիշների դեպքում՝ կալանք է։ Ինչո՞ւ, որովհետև օլիգարխն ընդհանրապես կապ չունի՞ Աննա Հակոբյանի հետ, իսկ «Սպայկայի» տնօրենն էլ աշխատողներին Նիկոլի միտինգի՞ն էր ղրկում։
Ժողովուրդ ջան, թվարկածս բոլոր դեպքերը նույն ախտորոշումն ունեն։ Բռնությունը դատապարտելի է, եթե ՔՊ-ականները չեն մասնակից, հարստանալը և կոռուպցիան նորմալ բիզնես է, եթե ՔՊ-ականներն են։ Ու այս ամենը սկսում է ընկալվել սովորական։ Սա՛ է վատը։ Պետական համակարգի անգործությունը զորամասում վերածվում է կրակոցի, փողոցում՝ նաև դանակահարության, ԱԺ-ում՝ շիշ ու աթոռ նետելու։ Մշտական բռնություններ, գործելակերպ դարձած անպատժելիություն և կառավարման մեթոդ դարձակ երկակի ստանդարտները։
Կարճ ասած՝ Հայաստանի այս իշխանության, նրա կառավարման ձևի մասին խոսելիս, կարծում եմ, պետք է գործածել «հաշմանդամային պետություն» տերմինը։ Սա մի վիճակ է, երբ պետական ապարատը ձևականորեն գոյություն ունի, բայց ֆունկցիոնալությունից զրկված է։ Ունի խորհրդարան, բայց չի կարողանում ապահովել քաղաքական բանավեճի քաղաքակիրթ կանոններ։ Ունի բանակ, բայց զինվորն անպաշտպան է, ունի ոստիկանությյուն, բայց կրիմինալը խեղդում է, ունի դատախազություն ու դատարաններ, բայց արդարադատությունը կիրառվում է ըստ քաղաքական նպատակահարմարության, ունի օրենքներ, բայց գործում են ըստ ճաշակի։ Այս վիճակից դուրս գալու ճանապարհը ինստիտուտների վերականգնումն է, որտեղ կանոններն աշխատում են բոլորի համար հավասար ու արդարացի, օրենքով։ Այս իշխանությունը պետական օրգանիզմը քայքայել է, և բուժումը հնարավոր է միայն սրանց հեռացմամբ։
Սևակ Հակոբյան





