Սպորտում և հատկապես ֆուտբոլում մի թևավոր խոսք կա՝ «Սուդիան առած էր, խաղը ծախած էր»։ Սա օգտագործվում է, երբ մասնակիցը համոզված է, որ հանդիպման արդյունքը նախապես կանխորոշված է եղել, և դատավորը կաշառված է։ Այն բնութագրում է անարդար պայքարը, երբ անհնար է հաղթել՝ կանոնների խախտման, անաչառության բացակայության պատճառով։ Նայելով ՍԴ-ում կատարվողին, հատկապես՝ այսօրվա, կարող ենք ենթադրել, որ ՍԴ դատավորներից որոշների տեղում նստած է Նիկոլ Փաշինյանը։
Երբ Սահմանադրական դատարանը պետք է քններ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցադիմումը, ընդդիմադիրներն ասում էին, որ դատավոր աշխատող Սեդա Սաֆարյանը մասնակցության խոչընդոտ ունի, անաչառ չէ։ Բայց դատարանը համարեց, որ պետք է մասնակցի։ Ինչո՞ւ էին այդպես համարում։ ՍԴ-ն որոշում կայացնելու համար պետք է ունենա 5 միանման ձայն․ եթե Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը դուրս էին գալիս անաչառ չլինելու կասկածով, նշանակում է, որ ՍԴ-ն պետք է որոշում կայացներ միաձայն։ Դա դժվար էր։ Ուստի երկու դատավորին էլ թողեցին մասնակցել նիստին։ Թեև դրանով դատական կազմի լեգիտիմությունը կասկածի տակ հայտնվեց, բայց իշխանությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ունի քվեարկության որոշակի ապահովագրություն։ Կարող ենք պնդել, որ Սեդա Սաֆարյանի ձայնը իր կողմն է։
Ինչո՞ւ եմ այդպես ասում․ տեսեք, ՍԴ-ն արդեն չորս օր է, որ միայն գիշերային ընդմիջմամբ քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները։ Այսօր հարց տալու հերթը դատավորներին էր։ Եթե մյուս դատավորների հարցերից շատ չէր զգացվում իրենց անձնական վերաբերմունքը քաղաքական ուժերի նկատմամբ, Սեդա Սաֆարյանը հենց առաջին հարցով, ինչպես ասում են, «պալիտ» եղավ։
7 ուժ դիմել է ՍԴ, որից 6-ը մասնակցում են նիստերին։ Որևէ կողմի հարց ուղղելիս, բոլորը դա անում են շատ կոռեկտ՝ հարցն ուղղված է այսինչ ուժի ներկայացուցչին։ Սեդա Սաֆարյանն ասում է՝ դիմում եմ երեք ուժերին։ ՍԴ նախագահը հարցնում է՝ ո՞ր 3-ին, պատասխանում է՝ «Հայաստան» դաշինք, «Ուժեղ Հայաստան» դաշինք, ԲՀԿ։ Հաջորդ հարցը տալիս էլի ասում է՝ հարցն ուղղում եմ երեք ուժերին․ էլի չի ասում՝ որ երեք։ Սա լրիվ Նիկոլ Փաշինյանի թեզն է, որ ընտրությանը մասնակից բոլորից առանձնացնում էր այդ երեքին և ասում էր՝ «եռագլուխ»։ Սեդա Սաֆարյանը պատկերացնում եմ ինչքան ջանք է գործադրել, որ «եռագլուխ» բառը չասի։
Սա դեռ մի մասն է։ Սեդա Սաֆարյանը տվեց դիմող կողմին ընդամենը երեք հարց, բայց վստահ եմ, նման անճշտություն իրեն թույլ չէր տա իր մասնագիտությունը գնահատող ցանկացած մեկը։ Նա մեղադրում էր «Հայաստան» դաշինքի վստահված անձին քվեարկության գաղտնիությունը խախտելու մեջ ու հղում էր անում ԿԸՀ որոշմանը, այնինչ հակառակ կողմը պնդում է, որ ո՛չ նման դեպք կա, ո՛չ էլ ԿԸՀ որոշման մեջ է հիշատակված։ Այսինքն՝ մաքուր զրպարտություն։ Բայց Սեդա Սաֆարյանի զրպարտելու մասով չեմ զարմանում, իր եղբայրն էր, չէ՞, որ աղբամանը քրքրելիս երեխայի կոշիկ էր գտնում ու հայտարարում էր՝ այդ երեխային սպանել են։
ՍԴ այդ դատավորի մյուս հարցից ես տպավորություն ստացա, որ ոչ թե դատավոր է հարց տալիս, այլ խիստ քաղաքականացված, հակառուս մեկը։ Ասում է՝ ՌԴ նախագահը և բարձրաստիճան պաշտոնյաները պաշտպանության տակ էին առնում երեք ուժերին, Պուտինը փակում էր Լարսի անցակետը, որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ընտրողների ազատ կամքի ձևավորման վրա։ Այստեղ ևս այդ դատավորը սուտ է ասում։ Վլադիմիր Պուտինը տիկին Սաֆարյանի նշած ուժերին չի սատարել։ ՌԴ նախագահի նման ելույթ չեք կարող հիշել։ Բայց մեկ ուրիշ բան կա՝ Փաշինյանին ուղիղ սատարելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա տեղակալի և նրանց պետքարտուղարի ելույթներին տիկին Սաֆարյանը չի անդրադառնում, ՔՊ-ին խնայում է։
Մի խոսքով, կարող ենք վստահաբար ասել, որ ոչ մի բան չէր փոխվի ՍԴ նիստում, եթե Սեդա Սաֆարյանը գնար մի քանի օրյա արձակուրդի, և նրա փոխարեն այդ աթոռին նստեր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Մենք արդեն այսօր կարող ենք ասել թե ինչ որոշում է կայացնելու նա։ Անկեղծորեն՝ նրան հասկանում եմ։ Սխալ է անում, պրոֆեսիոնալ չէ, բայց հասկանում եմ։ Անհնար է, որ Հայաստանում ցանկացած այլ իշխանության պարագայում Սեդա Սաֆարյանը դառնար դատավոր։ Նա, որ մի օր դատավոր չի աշխատել, իսկ փաստաբան եղած ժամանակ եղել է խիստ քաղաքականացված, համարյա մեկ շրջանակի փաստաբան, հիմա ՍԴ է տարվել։ Դա մի պաշտոն է, որի մասին, ես վստահ եմ, կյանքում անգամ չի էլ երազել, որովհետև չի էլ պատկերացրել, թե դա իր տեղն է, որ կարող է երազել։ Բա Նիկոլը տարել-նշանակել է, հիմա վարձահատույց լինելու իր հերթն է։ Չէ՞ որ հակառակ պարագայում ինչպես նշանակել են, այնպես էլ կարող են հետ կանչել։ Ու չասեք, թե դա կլինի ապօրինություն, որովհետև այս իշխանության պարագայում ավելորդ է ապօրինության վրա զարմանալը։
Ժողովուրդ ջան, ի՞նչ տեսանք անցնող 4 օրերի ընթացքում․ բացի Սեդա Սաֆարյանից, տեսանք նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը դասը չէր սովորել, և քննությունը պրավալ տվեց։ Նրա պատասխաններն արդարացում էին, այն էլ՝ կցկտուր։ ԿԸՀ նախագահը անգամ չէր կարողանում ասել, թե՝ եթե պետք է ժամը 8-ին փակվեն ընտրատեղամասի դռները, ինչու ժամը 8-ին չեն փակվել ընտրատեղամասերի դռները։ Չէր կարողանում պատասխանել՝ եթե ԲՀԿ-ին պակասում է x քանակի ձայն, այդ արդյունքներն անվավեր ճանաչված տեղամասերից եթե ստանում էր այդ x քանակի ձայները, մտնո՞ւմ էր խորհրդարան։ ԿԸՀ-ն, պարզվում է, ո՛չ պետբյուջեով բաժանված կաշառքների, ո՛չ Նիկոլի ատելության խոսքի, ո՛չ բռնաճնշումների, շինծու ձայնագրությունների և ոչ մի բանի վերաբերյալ իր պարտականությունները չի արել։ Իսկ ինչո՞ւ չի արել․ գուցե նրա համար, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը եղել է ՔՊ-ի հիմնադիր անդա՞մ, այսինքն՝ ՔՊ-ին ծնող մայրերից մեկը։ Ոչ մի հարցին նորմալ չպատասխանելով՝ ԿԸՀ-ն ակամա խաղում էր ընդդիմության կողմից, որովհետև անպատրաստ, անասելիք լինելով՝ հիմնավորում էր ընդդիմության թեզը, որ պետք է անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։
Ժողովուրդ ջան, ես շարժվում եմ այն կանխավարկածով, որ Նիկոլ Փաշինյանի նշանակած ՍԴ անդամները պետք է հուլիսի 4-ի որոշմամբ շնորհակալություն հայտնեն իրենց նշանակողին։ Եվ որպեսզի ՍԴ-ն կայացնի Փաշինյանին հաճելի որոշում, որպես օգնական նշանակել էր բազմաթիվ պատասխանողների և երրորդ անձանց՝ ՔՊ, դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, քննչական կոմիտե, որոնք պետք է բոլորը միասին օգնեին իրեն հիմնավորել, որ ընտրության արդյունքներն անվավեր չեն ճանաչվելու։ Բայց միևնույն է՝ դրանք չկարողացան ՍԴ-ին օգնել, որովհետև դիմած ուժերին հաջողվեց ապացուցել, որ վարչական ռեսուրս է օգտագործվել, պետական ընտրակաշառք է տրվել, իրավական-քաղաքական հետապնդումներ են եղել, դրսից ապօրինի աջակցություն է եղել, քվեներ են գողացել, և այդ բոլորը ազդել է ընտրության արդյունքների վրա։
Կարճ ասած՝ շատերս ունենք համոզվածություն, թե ինչպես է քվեարկելու ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը։ ՍԴ այս որոշումը լինելու է այն մասին՝ ոչ լեգիտիմ ընտրությունները չեղարկվում են, թե շարունակում են մնալ ոչ լեգիտիմ և ըստ այդմ՝ քանի՞ Սեդա Սաֆարյան կա ՍԴ-ում։ Իմ տպավորությունն առայժմ այնպիսին է, որ տարբերություն չկա՝ Սահմանադրական դատարանի նիստերն այդ դատարանի շենքում տեղի կունենան, թե՝ կառավարության շենքում, Փաշինյանն ու թիմը հագնեն դատավորների պատմուճաններ և վճիռներ կայացնեն։ Ինձ համար տարբերություն չկա Սեդա Սաֆարյանի և Գևորգ Պապոյանի միջև, երկուսն էլ նույն թիմից են, Վահագն Հովակիմյանի և Վահագն Ալեքսանյանի միջև, երկուսն էլ նույն թիմից են և այսպես շարունակ։ Այնպես որ, Սահմանադրական դատարանում ապացուցվեց ընտրակեղծիքների մեծ ծավալ, ու ՍԴ-ի ցանկացած հակաժողովրդավարական, հակաիրավական որոշում ոչ լեգիտիմ կդարձնի հենց այդ կառույցը։ Իսկ որ ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն, ողջ ժողովուրդն է խոսում։
Սևակ Հակոբյան






