«Սատանան մտավ մեջս»․ Նիկոլի ընտրողի արդարացումը․ «Կարճ ասած»

27 Հուլիսի, 2026

Սոցցանցով նամակ էին գրել ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներից երկու աշխատակից, որոնք դարձել են գործազուրկ։ Խնդրում էին պատմել, թե ինչքան ծանր են ապրում գնաճային էս ծանր վիճակում աշխատանքը կորցրած, ուսանողներ ու վարկեր ունեցող ընտանիքները։ Խնդրում էին անունները չհնչեցնեմ, բայց ներկայացնեմ վիճակը։ Զրույցի ընթացքում բացվեցին։ Ասում է՝ «Մեր ղեկավարությունը, իմանալով, որ ընտրել ենք Նիկոլին, գործից չհանեց, բայց Նիկոլը փակեց մեր աշխատատեղը»։ Նրանց ասացի՝ իսկ կարող ա՞ արդար է։ Ծառուկյանի նկատմամբ կատարվողն արդար չէ, Ծառուկյանի նկատմամբ ձեր պահվածքն արդար չէ, բայց Նիկոլի պահվածքը ձեր նկատմամբ՝ արդար չէ՞։ Ասացվածք էլ կա՝ օձը տաքացնողին է կծում։ Դա այստեղ շատ տեղին է բոլորի տեսանկյունից։

Այս ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ էլ են հայտարարել Ծառուկյանի աշխատողները, որ Նիկոլին են ընտրել, բայց նա աշխատատեղը փակել է։ Ինչո՞ւ է արդար․ դա էլ ասեմ։ Ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը․ որ Ծառուկյանից խլելու է բիզնեսները։ Դա՛ է խոստացել, դա՛ է անում։ Նրանք, որ դա լսելով գնացել-ընտրել են, մտածել են՝ բիզնեսը խլելու է, իրենք շարունակելու են աշխատե՞լ։ Էդ ո՞նց․ ՀԷՑ-ը որ խլեցին, քա՞նի հոգու հանեցին, նշանակեցին ՔՊ-ականների, իշխանությունը որ խլեցին, էլի հիմնահատակ չփոխեցի՞ն ու բերեցին ՔՊ-ականների։ Գործազուրկն ասում է․ «Նիկոլն ասում էր՝ ինձ չքվեարկեցիք՝ կմնաք անգործ․ քվեարկել եմ ու մնացել եմ անգործ»։

Երեկ Երևանում փողոցային առևտրականներից 6 տոննա միրգ-բանջարեղեն է Ավինյանը խլել։ Փողոցում առևտուրն արգելված է, նաև տգեղ է, բայց մեկ է՝ շատ վատ է, երբ մարդուց խլում են օրվա հացը։ Տատիկին, որը 78 տարեկանում փողոցում կանաչի է վաճառում, որ թոշակի հետ միասին ապրի, այս իշխանությունը խոստացել էր ապահով ծերություն։ Բայց երբ այդ տատիկն ասում է․ «Նիկոլին ընտրեցի, որ իմ ապրանքը գաք խլե՞ք», այդտեղ արդեն հարցնեմ՝ արդար չէ՞, ինչի Նիկոլը ինչի՞ է առհասարակ ունակ, սարքելո՞ւ, կազմակերպելո՞ւ, թե՞ քանդելու, խլելու ու ոտքին գցելու։

Քաղաքականության և հոգեբանության մեջ կա երևույթ, որը կոչվում է Ստոկհոլմյան համախտանիշ․ դա այն վիճակն է, երբ պատանդը սկսում է արդարացնել և նույնիսկ սիրել իրեն առևանգողին, իրեն ֆիզիկական ու հոգեբանական ցավ պատճառողին։ Երբ նայում ենք իշխող ուժի ընտրազանգվածին, հասկանում ենք, որ մեր երկրում այդ համախտանիշը հասել է համապետական մասշտաբների։ Նիկոլ Փաշինյանին ամենաշատը սատարում և ընտրում են հենց այն մարդիկ, ում ամենաշատն է վնաս տվել, ում կյանքը վերածել է դժոխքի։

Կրկնեմ, ընտրությունների պաշտոնական արդյունքներին չեմ հավատում և մտածում եմ, որ դրանք նկարվել են այնքան, մինչև Նիկոլը կհասցներ հայտարարել իրեն վարչապետ։ Բայց, այնուամենայնիվ, ռեալ, գոյություն ունեցող օրինակներից եմ խոսում։ Նիկոլի օրոք հեռացել է Գերմանիա, էնտեղից ընտանիքով վտարել են ընդամենը վերջերս, եկել-ընտրել է Նիկոլին։ Հարցնում եմ՝ ինչի՞, ասում է․ «Դե սատանա մտավ մեջս»։

Այս իշխանության քաղաքականության արդյունքում Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Տավուշում՝ սահմանամերձ գյուղերում, շատ խղճուկ վիճակ է․ չկա գյուղ, որի հողերից խլած չլինի թշնամին, սրանք հանձնած չլինեն։ Բայց երբ ընտրող են եղել այդ գյուղերից իրենց անվտանգությունը ոչնչացնողին, ի՞նչ ասես նրանց։ Բոլորը գիտեն, որ հայկական բազմաթիվ արտադրանքների հիմնական սպառողը Ռուսաստանի շուկան է։ Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության պատճառով Ռուսաստանն արգելել է հայկական գյուղմթերքը, կոնյակը, «Ջերմուկը»։ Բայց երբ իմանում ես, որ այդ կոնյակն արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկի սեփականատերը նիկոլական է, Նիկոլի միտինգին է ուղարկել աշխատողներին, կամ որ «Ջերմուկ»-ն արգելել են ՌԴ-ում, բայց, ըստ մամուլի, «Ջերմուկ Գրուպ»-ի աշխատակիցներին հրահանգել են մասնակցել Փաշինյանի ավտոերթին, հարցնում եմ՝ արդար չէ՞։

Հայտնի է, որ 200-ից ավելի դպրոցներ են փակվելու, միավորվելու, բազմաթիվ ուսուցիչներ մնալու են անգործ։ Բայց երբ նույն գյուղերի ուսուցիչներին վարչական լծակներով քշում են ՔՊ-ի հանրահավաքներին, ստիպում են ծափ տալ ու ընտրել, ուրեմն նրանք՝ այդ ուսուցիչնե՛րն են իրենց անգործ թողել։ Մարդիկ ընտրել են գործազրկությունը։ Իրական դեպք եմ պատմում Արագածոտնում փակվող դպրոցի մասին․ ուսուցիչն ու ծնողը, որ իրար հարևան են, բակում քննարկում են դպրոցի փակումը։ Նեղսրտում է, որ անգործ է մնալու, բայց ասում է, որ գնալու է Նիկոլի քարոզարշավին, որովհետև ցուցակներով տանում են։ Հարևանը հարցնում է՝ որ չգնաս, ի՞նչ կլինի․ գործից կհանեն։ Որ գնաս, ի՞նչ կլինի․ մեկ է՝ հանելու են, փակվելու է դպրոցը։

Փաշինյանի ամենահավատարիմ, կայուն ընտրազանգվածը հենց իրենից քաշված, խոցելի, ցածր եկամուտ ունեցող և հաճախ ծայրահեղ աղքատության մեջ ապրող խավն է։ 8 տարվա ընթացքում դուրս չեն եկել աղքատությունից, է՛լ ավելի խոցելի են դարձել զանազան թանկացումների պատճառով։ Նա աղքատին բարեկեցություն չի տվել, բայց տվել է մի բան՝ վրեժխնդրության պատրանք, թե «հարուստներին կպատժեմ, թալանը կվերադարձնեմ»։ Ինչ-որ հոգեկան բավարարվածություն է տվել, ժամանկավոր։ Նրանք ապրում են չքավորության մեջ, բայց վստահ եմ, որ ամենաշատ ձայնը իրենք են տվել։ 74 տարեկան տատիկը, որ դաշտից կռանալով ծաղիկ էր հավաքում և 150 դրամով վաճառում Երևանում, որ թոշակի հետ ապրի, ընտրել է Նիկոլին․ տրամաբանությունը չեմ հասկանում, ինքն էլ չի կարողանում բացատրել։ Նիկոլին ընտրած քաղաքացին մտել է խանութ, ասում է․ «Վա՜յ, էս պանիրն ու ձեթը էլի թանկացե՞լ են»։ Պատասխանը ստանում է․ «Բա էդքան փող են բաժանել բյուջեից»։ Ու արձագանքում է․ «Թոշակը 10 հազար բարձրացրեց՝ ընտրեցի, բայց 20 հազար էլ գնում է թանկացումներով, հարկ ու տուրքով»։ Գնացել ու ընտրել է իրեն թշվառության մեջ պահողին։

Վերջին 8 տարվա Երևանի պատկերը․ անընդհատ խցանումներ, անկանոն կառուցապատում, փոշու քաղցկեղածին ամպեր, միշտ աղբ ու գարշահոտություն, մետրոն չեն սարքել, տրանսպորտը վատ է աշխատում ու խցանված է, ձմռանը ձյան պատճառով են վթարներ, գարնանը՝ փոսերի պատճառով։ Ու այդքանից հետո երբ Երևանում ձայն է տարել, ի՞նչն ասես։

Այս ընթացքում նկարել ենք տարին մի 10 անգամ Վարդաշենի վթարային հանրակացարաններում ապրողների բողոքի ակցիաները։ Որ այդքան բողոքից հետո բնակիչներից մեկն ասում է, թե ձայն է տվել Նիկոլին, որովհետև ինքը «կդզի սաղ», ասում ես՝ ուրեմն արդար են քո այդ պայմանները, մի՛ բողոքիր։ Եթե պատերազմից հետո ընտրել ես, Արցախի հանձնումից հետո ընտրել ես, քո բերքդ փտում է՝ ընտրել ես, քեզ հացից զրկել է՝ ընտրել ես, տունդ գլխիդ փուլ է գալիս, ընտրել ես, ուրեմն չկա ինքնապահպանման բնազդ։

Կարճ ասած՝ այս ամենը, ժողովո՛ւրդ ջան, սխալ է, ու թեև արդար է, բայց շատ կցանկանայի, որ մենք կարողանայինք ակնհայտ չարիքի դեմ պայքարող միայնակ զոհ պատկերացնողներին բացատրել, որ իրականում հենց նա է գլոբալ չարիքը։ Պետք է օգնել ամեն մեկին՝ ինքն իրեն հարց տալու՝ արդյո՞ք իմ անձնական կյանքը, իմ բիզնեսը, իմ հայրենի համայնքի անվտանգությունն ու իմ ընտանիքի բարեկեցությունը լավացել են այս մարդու օրոք։ Ազգային ինքնության, հայրենիքի, իրական անկախության և այլ ավելի գլոբալ արժեքների մասին՝ դրանից հետո․ ցավոք դեռ շուտ է։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն ընտրում է հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների

Տեղի է ունենում ԱԺ քառօրյան։ Օրակարգում 12 հարց է, որից 9-ը քննարկվել-քվեարկվել է։ Այժմ պատգամավորներն ընտրում են հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ և ԿԲ խորհրդի անդամների։ Օրակարգը՝ այստեղ։  Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի...

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. « Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար...

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է: Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք...

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք, քննությունը «ստանալու» ակնկալիքով, գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։ «Ժողովուրդ» օրաթերթին Երևանի պետական...