Ցնցումներ, որ սպասվում են․ «Կարճ ասած»

29 Հուլիսի, 2026

Ասացվածք կա՝ հիվանդ ձիու վրա խաղադրույք չեն անում։ Մեզանում, սակայն, հիվանդ ձին մասնակցում է ձիարշավի, և նրան է հանձնվում գլխավոր մրցանակ։

Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող որևէ իրադարձություն չկա, որ անակնկալ լինի, որի մասին չի զգուշացվել կամ հնարավոր չէր կռահել, թե իրավիճակն ինչպես է զարգանալու այս իշխանության վերարտադրության դեպքում։ Որ Ադրբեջանը շարունակելու է իր պահանջները, հասկանալի էր, դեռ նորերն է ավելացնելու։ Ամենքը սրանցից մի բան պահանջում են՝ Ադրբեջանը, Արևմուտքը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն․․․ Թուրքիան ընդհանրապես մի քանի բան է պահանջում։ Զգուշացրել ենք։ Սա շարունակելու է մնալ բանակցային սեղանի վրա։ Չնայած էլ կարծես բանակցելու բան էլ չկա, դրա կարիքը չունեն, պահանջում են ու սպառնում։

Որ երկրի ներսում բեսպրեդելն էս մակարդակի խորանալու է, կռսահում էինք․ արդեն ՔՊ-ականներն են իրար ուտում։ Այս մարդակերությունը, սրանց հրահրած անարխիան հասել է իրենց։ Ուղղակի նորմալ երկրների քաղաքական մշակույթում եղել են հարյուրավոր դեպքեր, երբ ընտանիքի անդամների պատճառով առաջացած սկանդալները հանգեցրել են պաշտոնանկությունների։ Հայտարարել են, որ հեռանում են, քանի որ չեն ցանկանում, որ ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակը վնասի պետական ինստիտուտներին։ Բայց դե ինչքան Ալեն Սիմոնյանը հրաժարական տվեց ընտանիքի անդամի կոռուպցիոն սկանդալից հետո, այնքան էլ Կոնջորյանը հրաժարական կտա եղբոր պահվածքի պատճառով։ Պաշտոնը սրանց համար ամեն ինչ է, ո՞նց կթողնեն։ Իսկ ԱԺ հեղինակություն ե՞րբ է եղել, որ մի հատ էլ չուզենան վնասել․ պետք է նախ այդ հեղինակությունը լինի, նոր վնասեն։

Որևէ մեկը կասկածե՞լ է, որ սրա վերընտրվելու դեպքում խաղաղ պայմաններում բանակի կոտորածը շարունակվելու է։ Օրերս ասացին, որ զինվոր է ինքնասպան եղել ծեծից հետո։ Երեկ էլի կարդում ենք, որ դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա զինծառայող և տեղափոխվել է հոսպիտալ՝ ծանր վիճակում։ ՊՆ-ն իբր հերքում է, ասում է՝ այլ պատճառով է հոսպիտալ տեղափոխվել։ Սուրեն Պապիկյանի գերատեսչությանը ո՞վ է հավատում։ Հիշեցի, որ մի երեք տարի առաջ Ադրբեջանի կրակոցից զինվորներ էին ծանր վիրավորվել, ՊՆ-ն տարածել էր, թե ընդամենը ունեն քերծվածքներ, ինչ է թե այսպես կոչված խաղաղությանը չխոչընդոտի։ Որևէ մեկը մտածում էր, որ հենց Նիկոլը վերարտադրվի, Պապիկյանը մնա Պ նախարար, էն Ասրյանը՝ գենշտաբի պետ, բանակում կարգուկանո՞ն է լինելու։ Անլուրջ է, չէ՞, էդպես մտածելը։

Հայաստանի ընտանիքները քանդող, մարդկանց բոմժ սարքող գլխավոր պատճառներից է կազինոն․ մի բան, որը Նիկոլի իշխանության օրոք ամենաարագն է աճել։ Որևէ մեկդ մտածում էր, թե Նիկոլի վերարտադրվելով խաղատները փակվելո՞ւ են։ 2019 թվականի տարեկան խաղադրույքը եղել է 3 մլրդ դոլար, 2025-ին՝ 20 մլրդ դոլար, պետբյուջեից շատ, բյուջեն 8.5 մլրդ է։

Նիկոլը որ եկավ, մեր երկրում եղել է 20 հազար հանցագործություն, 2025-ին 46 հազար էր։ Հաջորդ տարիների՞ն որքան են դառնալու, 80 հազա՞ր։ 2018-ին սպանությունների դիմաց գրված էր 35 թիվը, 2025-ին՝ 1470, պատկերացնո՞ւմ եք։ Աճել է 42 անգամ, 4200 տոկոսով։ Այս տարի՞ ինչ է լինելու, ամեն օր կարդում ենք սպանությունների մասին։ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները 2018-ին եղել են 877, 2025-ին՝ 4595։ Պատկերացնո՞ւմ եք։ Աճը՝ 424 տոկոս։

Վստահ եմ՝ չեք կասկածել, որ էս բարձր տեմպերը ավելի կաճեն։ Ոմանք ասում են, իբր բնական ընթացք է․ իրականում հենց այդ մարդու պատճառով է։ Ո՞նց կարող է բնական ընթացքով ոչ թե պակասի հանցավորությունը, այլ՝ կրկնապատկվի։ Որ գյուղատնտեսությունը մեռնում է, արտահանումը մեռնում է, դա է՞լ է բնական ընթացք։ Չգիտեի՞նք, որ Նիկոլի մնալու պարագայում ամեն ինչի արտահանումն է ՌԴ արգելափակվելու։ Որևէ մեկը կասկածե՞լ է, որ սրանց ընտրվելու պարագայում գյուղացիները լիքը բերք են թափելու։ Իսկ դա նշանակում է էլ ավելի վատ բան՝ հաջորդ տարիներին էլ չեն մշակի։

Ո՞վ էր կասկածում, որ դա վերընտրվելով՝ Հայաստանից տարածքներ է հանձնելու։ Դա է՞լ է բնական ընթացք։ 2020 թվականին հանձնել է Արցախի մեծ մասը, 2021 թվականին հանձնել է Սև լճի մի մասը, Գեղարքունիքից հատվածներ՝ Կութ, Վերին Շորժա, Գորիս-Կապան մայրուղին, Շուռնուխ գյուղի կեսը։ 2022-ին՝ Ներքին Հանդի մի մասը, Ջերմուկից հատվածներ։ 2023-ին հանձնել է ամբողջ Արցախը։ 2024-ին՝ Տեղ գյուղի տարածքների մի մասը, հատվածներ՝ Տավուշից։ Հիմա ասում է, որ Տիգրանաշենն է հանձնելու ու այլ տարածքներ, որ համարում է անկլավ։ Մի թիմ է վերարտադրվել, որը Հայաստանի անվտանգության երաշխավոր է համարում Ադրբեջանին։ Դե պատկերացրեք՝ ինչ է լինելու։ Էն որ քարտեզ է իբր սարքել-կախել դոշին, ամեն մեկդ պետք է լրջորեն հետաքրքրվեք՝ ձեր հողը, ձեր տունը, ձեր այգին էդ քարտեզի մեջ կա՞, թե՞ չկա, ժողովուրդ ջան։ Որևէ մեկը կասկածե՞լ է, որ սրանց ընտրվելու պարագայում ինչ-որ փուլում արդեն շատ ավելի է ակտիվանալու «Արևմտյան Ադրբեջան» վտանգավոր թեման։

Որևէ մեկդ կասկածե՞լ է, որ սրանց վերարտադրվելու դեպքում ՀՀ ամբողջ բյուջեն դառնալու է ՔՊ-ի պարգևատրման ֆոնդը, դրանք հերթական տներն են առնելու և դղյակներն են կառուցելու․ ու հղփանալու են։ Որևէ մեկը կասկածե՞լ է, որ ատելությունն է խորանալու, բռնության քարոզը, քաղբանտարկյալները։ Թվանկարչության հաջորդ օրից վերսկսեցին մեծ թափով։ Նիկոլը իրեն չընտրողներին անվանել է թշնամի, դե պատկերացրեք՝ ինչ է լինելու։

Ո՞վ է կասկածում, որ ուսումնական տարին սկսելու ենք մոտավորապես մինուս 230 դպրոցով․ այդքան համայնքի դպրոց կփակեն՝ անունը դնելով վերակազմավորում։ Գյուղը կդատարկվի։ Ո՞վ չգիտեր, որ սրանց վերընտրվելը նշանակում է նոր հարկեր, տուրքեր, տուգանքներ, եղածների ավելացում, թանկացումներ։ Հենց ընտրվելու հաջորդ նիստում կառավարությունը թանկացումների որոշումներ կայացրեց։ Այս մասին կխոսենք առանձին թողարկմամբ։

Ո՞վ էր կասկածում, որ սրանց վերարտադրմամբ կունենանք մի երկիր, որտեղ Սահմանադրությունը գրված է Բաքվի թելադրանքով, տնտեսությունը ծառայում է օտարներին, ժողովուրդն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ անվտանգությունը զրոյացված է։ Այդ մարդը զարգացման ծրագրով չի եկել, խոսել է քանդելու, նստեցնելու, սպանելու մասին։ Նշանակում է՝ երկիրը քաոսի մեջ է շարունակելու մնալ։ Նա սպառված, նրա հետ ոչ մեկ հաշվի չի նստում, ոչ մեկ չի ուզում գործ ունենալ, նա ոչ մեկին պետք չէ, ո՛չ ներսում, ո՛չ դրսում։

Կարճ ասած՝ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ հաջորդ շրջանում, ինչքան որ սրանք մնան, անցկացնելու ենք ցնցումներով։ Որ ասեմ՝ որևէ վատ գործընթաց կարող է դադարեցնել, կանխել, սուտ կլինի, որովհետև նա ունակ չէ որևէ բացասական բան կանխելու, նա ինքը հենց բացասական էներգիայի աղբյուր է։ Այդ ուժը, հնարավորությունը նա պարզապես չունի։ Ոչ էլ էդ ուղեղն ու տաղանդը։ Ասել եմ, սա սև թուղթ է մեզ համար։ Հայաստանի բնակչության և ամբողջ հայ ժողովրդի վստահությունը կորցրած այս մարդիկ պարզապես զոռով մնացին, ամեն քայլի դսիմելով։ Նշանակում է, որ մեր հաջորդ ժամանակը, ինչքան սրանք լինեն, անցնելու է դարձյալ դիմադրության մեջ այս ամբողջ թվարկածս երևույթների դեմ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Հաջիևը Ստեփանակերտում շարունակում է Արցախի հայկական եկեղեցիների «աղվանացումը». Խաչատրյան

Հաջիևը Ստեփանակերտում շարունակում է Արցախի հայկական եկեղեցիների «աղվանացումը». Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ «Հաջիևը Ստեփանակերտում շարունակում է Արցախի հայկական եկեղեցիների «աղվանացումը»։ Նույն քաղաքականությունը դրանք շուտով ավելի ագրեսիվ կերպով տարածելու են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վանքերի ու եկեղեցիների վրա։ Այս...

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Սեպտեմբերի 13-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Իշխան Սաղաթելյան

Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Իշխան Սաղաթելյան

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը Հայաստանի դեմ անցավ լայնածավալ հարձակման, ունեցանք 224 զոհ, և ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 200 կիլոմետր քառակուսի տարածք օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Այս մասին իր ուղերձում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան...

Այսօր մենք որքա՜ն ունենք խաչից ճառագայթող սիրո, զոհողության ու ծառայության կարիքը. Արամ Ա

Այսօր մենք որքա՜ն ունենք խաչից ճառագայթող սիրո, զոհողության ու ծառայության կարիքը. Արամ Ա

Այսօր Խաչվերաց է, ժողովրդային բացատրութեամբ՝ Խաչի տօն։ Խաչը սոսկ քրիստոնէական կրօնքը յատկանշող խորհրդանիշ մը չէ, ո՛չ ալ միայն պատմական դէպքի մը առնչուած յուշ մը` եկեղեցւոյ ծիսական կեանքին մէջ նշուող։ Խաչը էապէս խորհրդանիշ է անհուն սիրոյ, գերազանց զոհողութեան ու...

11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք

11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք

Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թիվ 2...