Խորհրդարանը ձևավորվեց, շուտով ավարտուն տեսք կստանա նաև կառավարությունը։ Եղան մի շարք անակնկալներ՝ խորհրդարանում, նախարարական կաբինետում. մարդիկ, որ թվում էր, այդ թվում՝ իրենց էր թվում, թե մնալու են իրենց դիրքերում, օրինակ՝ ԱԺ նախագահ կամ Նիկոլի աշխատակազմի ղեկավար աշխատողները, հրաժեշտ տվեցին պաշտոնին։ Ալեն Սիմոնյանը հրաժեշտի ճառի ժամանակ ասաց, թե մտածում էր՝ կմնա այդ պաշտոնին, այսինքն՝ իր համար անակնկալ էր, իսկ Արայիկ Հարությունյանն անգամ սպառնում էր դատի տալ նրանց, ովքեր ասում էին, թե Փաշինյանն իրենից դժգոհ է և հանելու է գործից։ Պարզվեց՝ ճիշտ էին։ Հետո կպարզվեր, որ այդ խոսակցությունները հենց իշխանական շրջանակներից էլ գցվում էին դաշտ։
Անդրադարձել եմ թեմային, որ իշխանության ներսում մեծ ներվ կա։ Պարբերաբար խոսակցություններ են գալիս-հասնում, որ լուրջ բախումներ են, անդադար մուննաթ, բամբասանք․ ՔՊ-ում խոր դժգոհություն կա թե՛ մարդկանցից, որոնք պաշտոնը կորցրել են, թե՛ մարդկանցից, որոնք տեղափոխվել են ավելի ցածր պաշտոնի, թե՛ նրանցից, որ պատգամավորական թեկնածուների ցուցակում չեն ընդգրկվել, թե՛ նրանցից, որ ընդգրկվել են, բայց ոչ անցողիկ տեղում, թե՛ նրանցից, որ անցողիկ տեղում են, բայց, միևնույն է, ըստ իրենց՝ առաջին հորիզոնականների էին արժանի։ Էլ առաջվա միամիտները չեն, որոնց տարեկան եկամուտը 500 հազար դրամ էր, օրվա գարեջուրն էլ՝ գրովի։
Չնայած որ իշխանությունը պահել են ամեն գնով, բայց հարցեր ունեն՝ ինչո՞ւ ամեն գնով, այլ կերպ հնարավոր չէ՞ր։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանն է դժգոհ, որ ընդամենը 49 տոկոս են հավաքել (համարում է, որ թիմը լավ չի աշխատել), մյուս կողմից էլ, ըստ տարբեր լուրերի, ՔՊ-ում են մտածում, որ 49 տոկոսից շատ չեն հավաքել հենց թիմի լիդերի պատճառով։ Նրանց մոտ հարց կարող է առաջանալ՝ իր այսօրվա քաղաքական վարկանիշով որքանո՞վ է Փաշինյանն ավել որևէ նախարարից ու պատգամավորից։ Չէ՞ որ նա ավելի անընդունելի կերպար է՝ ավելի մեծ բացասական վարկանիշով, քան թիմի մյուս անդամները։
Յուրաքանչյուր նորմալ կուսակցությունում առաջնորդի դիրքը պայմանավորված է հանրային վստահությամբ։ Սակայն եթե այդ վստահությունն այլևս նախկինը չէ, անխուսափելիորեն առաջանում է հարց՝ արդյո՞ք նույն մարդը պետք է շարունակի լինել կուսակցության անվիճելի առաջնորդը։ ՔՊ-ում այլևս նույն համոզվածությամբ չեն պնդում, թե Նիկոլի իշխանության հիմքը ժողովրդի անմիջական վստահությունն է։ Նա պարզապես չունի այդ վստահությունը։
ՔՊ-ականը կարող է հարցնել իր շեֆին․ եթե ունեիր հանրային վստահություն, բա էլ ինչո՞ւ էին ուժայինների գաղտնալսումները, ինչո՞ւ էինք պետհիմնարկներից քշում հանրահավաքի, բա ինչո՞ւ էինք պետբյուջեն սարքել բարեգործական կաթսա, բա ինչո՞ւ էր հակակոռուպցիոնն առավոտից իրիկուն աուդիոմոնտաժողի գործ անում, բա ինչո՞ւ էինք ընկնում դրսի ուժերի պարտքի ու մունաթի տակ։ Ֆինանսական և սոցիալական լծակներ, ճնշումներ, տեղեկատվական ահաբեկչություն, անհայտ ծագման միլիոնավոր դոլարներ․ ուրեմն դուրս է գալիս, հեչ էլ ձայն չունեի՞ր, բա էլ ինչո՞ւ ես դու առաջնորդ։ Բա եթե այս հաղթանակը բոլորովին քո շնորհքը չէ, այդ դեպքում ինչո՞ւ ես դու որոշում՝ ով դառնա նախարար, ով դառնա դեպուտատ, ով դառնա մարզպետ և այլն։ Էն որ ՔՊ-ականները գրում էին՝ «որոշեցի չվերցնել մանդատը» կամ «որոշեցի վերցնել», ախար իրենք ոչինչ չեն որոշում ու հենց դրանից էլ նեղված են՝ ինչո՞ւ պետք է մենք չորոշենք, այլ՝ այդ մեկ հոգին, ով ակնհայտ է, որ էլ չունի այդ իրավունքը։ Հիմա նույն Արայիկ Հարությունյանը, որ իրենց «հեղափոխության» լիդերներից մեկն է, իրապես, ինչու՞ պետք է իրեն հանի, իր մյուս գործընկերը, իսկ ինքը նրան՝ ոչ։ Չէ՞, որ այդ որոշողը լինում է որևէ իրավունքով, գուցե չգրված, ստվերային, ներքին, բայց մշտապես լինում է մի իրավիճակ, երբ այդ առաջնորդությունը ընդունվում է, անգամ հավասարների միջև։ Նիկոլը 2018-ից ի վեր ուներ այդ իրավունքը, իրեն էին ընտրում, ինքն էլ իր հետևից բերում էր մյուսներին և օժտում լիազորություններով, իշխանությամբ, ազդեցիկությամբ, հիմա էլ չեն ընտրում, ընտրում են այքան, որքան, օրինակ՝ Ալենին կընտրեին, Արայիկին, Ավինյանին գուցե ավելի շատ ձայն կտային։ Բա էլ ինչու՞ է ինքը առաջնորդ։ Որովհետև հարց լուծո՞ղ է․ ինչո՞վ, գնա՞ց Մոսկվա, հլը հունիսին էր ասում իբր գնալու է, Պուտինի հետ հարցերը լուծե՞ց․ ո՛չ, Արևմուտքի հետ, Ալիևի հետ, թուրքերի հետ, Արմեն Գրիգորյանը ավելի լավ կլուծի․ Արայիկն էլ կարող է այդպես մտածել։ Այս մտքերը, ըստ տարածվող խոսակցությունների, իրենց հանգիստ չեն տալիս։
Ինձ համար, ժողովո՛ւրդ ջան, ՔՊ-ական բոլոր պաշտոնյաները մեկ են, լավ ու վատ չեմ դնում․ ուսապարկ են, նույնանման՝ մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր Արցախը դավաճանած թիմ։ Բայց, որ նրանք էլ հենց այսօր կարող են այդ թեման բարձրացնել, հավատում եմ․ «Բոլորս քո դավաճանության մեղսակիցն ենք, և եթե քո՝ Նիկոլ Փաշինյանիդ ուժն այլևս ոչ թե անունն է, անձն է, այլ վարչական ռեսուրսը, ընտրակեղծիքը, ահաբեկումը, քննչականը, դատախազությունը, էլ դու ինչի՞ ես մնացել առաջնորդ ու որոշող, թե ով որտեղ լինի»։ Իսկ միգուցե առանց քեզ ՔՊ-ն այսօր ունենար ոչ թե 61 դեպուտատ և 3-ն էլ խլեր ԲՀԿ ձայներից, այլ 2021-ի խորհրդարանի նման ունենար 71 դեպուտա՞տ։ Ինչո՞ւ պետք է դու առաջվանը չլինես, բայց մնաս միանձնյա որոշումներ կայացնող։ Եթե թոշակառուն ՔՊ-ին ձայն է տվել ոչ թե Նիկոլի համար, այլ թոշակը վերջին պահին բարձրացնելու, այսինքն՝ ձայն են տվել ոչ թե Նիկոլին, այլ պետական կաշառքին, ուրեմն ինչո՞ւ է Նիկոլը որոշում, որ էն մի ուսապարկն այլևս աշխատակազմի ղեկավար չէ։
Ասում են, ակտիվ բամբասում են, հատկապես կանայք, թե՝ արդյո՞ք այլ թեկնածուով ավելի բարձր արդյունք չէինք գրանցի և ստիպված չէինք լինի ողջ պետական ռեսուրսը կուսակցականացնել, նոր հանցանքների մեջ թաթախել ու վերջում էլ համարվել ոչ լեգիտիմ։ Հլը պատկերացրեք՝ ՔՊ-ի առաջին համարը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ, ասենք, Ալենն է կամ մեկ այլ․ ՔՊ-ն ու հակակոռուպցիոնը, դատախազությունը էլի ընդդիմադիրների գլխին սարքում-շարքից հեռացնում են, ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդին կալանքի են տանում, կառավարությունը թոշակներ է բարձրացնում, սոցաջակցություն է տալիս, լիքը կաշառքներ, Եվրամիությունը, ԱՄՆ-ն էլի աջակցում են իշխանությանը, վարչական անխնա ռեսուրս են կիրառում․ ՔՊ-ն նույն տոկո՞սը չէ՞ր հավաքի։ Նիկոլի պարագայում էդ բոլոր ապօրինությունների արդյունքը 49 տոկոսն է, է նույնն էր էլի լինելու։ Իսկ գուցե Նիկոլը չլիներ, ավելի՞ մեծ արդյունք ունենային, օրինակ՝ եթե Արարատ Միրզոյանը լիներ առաջին համարը և վարչապետի թեկնածուն։
Իրենք հո գիտեն՝ ինչպես են պահել իշխանությունը, և դրա համար վճարելու են լիքը տեղերում՝ Բաքվից ու Անկարայից մինչև Բրյուսել, Վաշինգտոն ու Մոսկվա։ Չի կարողանում հարաբերություններ կառուցել առանցքային գործընկերների հետ, խոստումները չի կատարել, խաղաղության պայմանագիրն էլ չկա, բարեկամների հետ թշնամացել է, թշնամիների հետ չի բարեկամացել, իսկի ռազմավարական գործընկերը չի շնորհավորում․ բա դա ինչի՞ արդյունք է։
Նիկոլի լեգիտիմության խնդիրը վաղուց դադարել է լինել միայն ընդդիմության բարձրաձայնած թեմա։ Այն, կարծում եմ, աստիճանաբար դարձել է և դառնալու է նաև իշխող կուսակցության ներսում առանցքային հարցերից մեկը՝ ցանկացած որոշում կայացնելիս, թիմում ցանկացած փոփոխություն անելիս։ Ու դա զսպելու համար ներսում էլ կարող է սպառնալ քրգործերով, կալանքներով, այլ տարբերակ չունի էլ։
Կարճ ասած՝ եթե առաջնորդն այլևս չի ապահովում նախկին հանրային աջակցությունը, ապա բնական է, որ թիմի ներսում ևս կարող են սկսել կասկածի տակ դնել նրա անփոխարինելի լինելու մասին պատկերացումը։ Հենց այդ պատճառով, կարծում եմ, ապագայում իշխանության ներսում ամենակարևոր հարցերից մեկը հնչելու է այսպես․ «Դու այն մա՞րդն ես, որը պետք է որոշի մեր քաղաքական ճակատագիրը»։ Այլ խոսքով, կարծես ՔՊ-ում սկսել են հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը բեռ է իրենց համար։
Սևակ Հակոբյան




