Իշխանափոխության անհրաժեշտության մասին խոսելիս միշտ նշել եմ, որ դա շատ կարևոր է մեր երկրում այս բարդակը վերացնելու համար․ բոլոր ոլորտներն են դեֆորմացված, և բոլոր ուղղություններով էս քաոսային իրավիճակը փոխելու տարբերակը իշխանափոխությունն է։
Երկու օր առաջ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել բանակում․ զոհվել է զինծառայող Նարեկ Թորոսյանը։ Նարեկը ուսանող էր, Չարենցավանից, ընտանիքի միակ տղա զավակը։ Ընդամենը 6 ամսվա ծառայող էր Ճամբարակի զորամասում։ Լուրեր են տարածվում, որ ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի։ Քրեական գործը ինքնասպանության հասցնելու հատկանիշներով է, երկու զինծառայող է կալանավորվել։
Բանակում մահվան դեպքերը, զինվորների մասնակցությամբ ողբերգական դեպքերը շատ են շատացել․ վերջին օրերի լրահոսն եմ կարդում․ 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել։ 19-ամյա զինծառայող է ջրահեղձ եղել։ Վանաձորում զինծառայողը կրակոցներ է արձակել։ Եվս մեկ դեպք՝ հունիսի 27-ին, երբ զինծառայող էր սպանվել, քրգործը ինքնասպանության հասցնելու հատկանիշներով է։ Մեկ այլ լուր՝ Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել պայմանագրային զինծառայող, որի երկու աչքն էլ ծեծի արդյունքում կուրացել է, ՊՆ-ն զորացրել է նրան։ Մեկ այլ դեպք՝ Կապանի զորամասերից մեկում զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ կախված վիճակում։ Արամայիս Գևորգյանը ևս ընտանիքի միակ տղան էր։ Սա մեր բանակի երեսն է, Սուրեն Պապիկյանի և Էդվարդ Ասրյանի երեսն է։ Էն որ քարոզարշավի բեմերից Պապիկյանը կոկորդ էր պատռում, թե «ինչո՞ւ ձեր գերդաստանի տղաները չեն զոհվել», տարբեր գերդաստաններից այսպես հերթով տանում զոհ են տալիս։ Հերիք չէ՞, Պապիկյան, կարո՞ղ է կանգ առնեք։
Կարդում եմ ՊՆ կայքի լուրերը․ լրիվ ուրիշ պետության մասին է․ «Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողներին»։ Հաջորդ լուրը․ «Նոր ճաշարան՝ կուրսանտների համար»։ Մյուսը․ «Լավագույն պայմաններ՝ մեր զինծառայողների համար»։ Մյուսը․ «ՊՆ-ն հայտարարում է մրցույթ»։ Մյուսը՝ Նիկոլի անվան բանակային խաղեր և այլն։ Բանակում սպանության մասին ոչ մի խոսք․ 18 տարի զավակին չարչարվել-մեծացրել են, ուղարկել են բանակ, գլուխը կերել են։ Լուրն էլ չեն հրապարակում, երևի որ ՊՆ կայքում միայն սիրուն լուրեր լինեն։
ՊՆ փոխնախարարին հարցնում են զինվորի մահվան դեպքից, ասում է՝ ձեր հարցը հղեք նախաքննական մարմնին։ Առողջ զավակը ձեզ են տվել, ոչ թե նախաքննական մարմնին․ ձեզ զինվոր են տվել, որ 1.5 տարի անց առողջ վերադարձնեք, ոչ թե 6 ամիս հետո ասեք՝ դիմեք նախաքննական մարմին, պարզեք՝ ինչի զոհվեց, ցավալի դեպք է։ Ցավալի դեպքը հենց դուք եք մեր երկրի գլխին։
Ընդհանրապես, չի կարող Նիկոլը լինել գերագույն հրամանատար, ու բանակը էս օրին չլինի։ Դան ու կարգուկանոնը տարբեր բաներ են։ Եթե ամենուր քաոս է, բանակում չի կարող չլինել։ Բանակը վերածվել է մի հիվանդ օրգանիզմի, որն ամբողջությամբ կլանել է քաղցկեղը։ Դա գալիս է ոչ կոմպետենտ նախարարից, ոչ կոմպետենտ գենշտաբի պետից։ Նայեք բանակը ղեկավարողներին․ չկա փոխնախարար, որը բանակի հետ կապ ունի։ ՊՆ փոխնախարարին հարցնում էինք՝ քո գործառույթը որն է, ասում էր՝ չգիտեմ․ իսկ հիմա դրանցից որևէ մեկը գիտի՞։ Պապիկյան Սուրենը գիտի՞, որ իր հիմնական անելիքը տարին 40 մլն դրամ աշխատավարձ ու պարգևավճար ստանալը չէ։ Թե Պապիկյանն ինքն ինչ վերաբերմունք ունի բանակին, իր ծառայության ժամանակ երևացել է։ Մի բանակ, որտեղ գենշտաբի պետը դիետոլոգ Ասրյանը լինի, իսկ ստերի չեմպիոն Արծրուն Հովհաննիսյանը՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, ի՞նչ եք ուզում։ Ցանկացած հանցանք արմատներում ունի սուտն ու կեղծիքը․ մեր երկրում ստի խորհրդանիշը գեներալի հաստիք ունի։
Մարդամեկն էր ասում՝ «Բանակում միջադեպերը պետք է սոսկ լրահոսի վերնագիր չդառնան, լինեն բացահայտումներ, արվեն հետևություններ, կանխարգելվեն»։ 8 տարի անցել է էդ ելույթից, ի՞նչ է բացահայտվել, ի՞նչ հետևություն է արվել։ Զինվորները բանակում խաղաղ պայմաններում զոհվում են, սրանք ինքնասպանության հատկանիշներով սղացնում են, անցնում-գնում է։
70 տարեկան մարդուն պոլին պառկեցնելով տանում էիք, կարո՞ղ ա որ բանակում ինքնասպանության են հասցնում, սպանում են, դրա՛նց պոլերին ծեփեք․ թե՞ դրանք ձեզ քաղաքական հակառակորդ չեն, իրենց կարելի է։
Բանակում որերորդ ողբերգական դեպքն է միջանձնային հարաբերությունների պատճառով․ ծառայել ենք, գիտենք՝ ոնց է ստեղծվում, ոնց է հարթվում կամ չի հարթվում ու ինչ հետևանք է ունենում։ Ո՞վ պետք է զբաղվի էդ միջադեպերի կանխմամբ․ այո, ռազմական ոստիկանությունը։ Ինչո՞վ է զբաղված ռազմական ոստիկանությունը, երբ բանակում սպանություններ են․ աէրոպորտում պավեստկա է բաժանում՝ քաղաքական նպատակներով։ Զորամասերում լինեին, զբաղվեին իրենց գործով՝ էդ էրեխեքը ողջ կմնային։ Երբ ռազմական ոստիկանությունը իր գործը թողած՝ քաղաքական նպատակներով ծանուցումներ է բաժանում, չի կարող էսպես չլինել։ Այդ երկու զինծառայողի կալանքը սփոփանք չէ ոչ մեկին, պետք է արվեր այնպես, որ բանը չհասներ ողբերգությանն ու կալանքին։
Ուժայինների անելիքը հանցագործությունների կանխարգելումն է։ Երբ դրանք զբաղված են միայն Նիկոլ պահելով, չեն հասցնում ո՛չ պրոֆիլակտիկան, ո՛չ կանխարգելումը։ Նրանց գործը մնում է միայն էն, որ արդեն դիակի կողքը գնան կավիճով գծեն, դեղին ժապավեն կապեն։ Հետո տանեն էն Ազատի կացարան կոչված խրճիթի դեպքի նման մի լեյտենանտ գտնեն-դատեն։ Բանակը բարդակն ուտում է, մեղավորը լեյտենանտ՞ն է։ Իրենց արդարացում են գտել՝ «Բանակի բարքերը գալիս են փողոցից, վատ կրթությունից»։ Է, փողոցն էլ, կրթությունն էլ 8 տարի դուք եք։ Մարդիկ տեսնում են, որ փողոցի վատ բարքը չի պատժվում, պատժվում են միայն Նիկոլի քաղաքական հակառակորդները, ասում են՝ «Մենակ Նիկոլի դեմ չխոսեմ, ինչ ուզում եմ՝ անեմ»։ Ու անում են։
Էս իշխանությունը, որի մեծ մասը բանակից թռել է, իսկ մի մասն էլ իրենց երեխաներին է ազատել բանակից, իրենց համար մեկ է մյուսների ճակատագիրը։ Էս վիճակը արդեն վաղուց դարձել է անտանելի։ Սերժի ժամանակ սպանություն էր լինում, դագաղը մարզից բերում էին կառավարության դիմաց՝ պատասխան պահանջելու․ ու էդ սաղ կազմակերպում էին ՀԿ-ները, որոնք էսօր տեղավորվել են Նիկոլի տակ։ Լուր եմ կարդում՝ ՄԻՊ-ն այցելել է ինչ-որ բանակային կորպուս, ասել է, որ «կարևոր է զինծառայողների կենցաղային պայմանների շարունակական բարելավումը»։ Տիկի՛ն, դրանից ավելի կարևոր է, որ զինվորն ապրի։ Այս դեպքից չի խոսել։ Դե, երևի որովհետև նիկոլական է․ թող ընդդիմությունը խոսի սպանություններից, իրենք կխոսեն բանակին տված կլուբնիկից։
Էն որ մինչև կեսգիշեր զինվորներին լցրել էիք տեղամասեր ու Նիկոլ էիք պարտադրում ընտրել, սրա՞ համար էր, որ ի՞նչ լինի։ Թե բա՝ «Խաղաղություն է, զինվոր չի զոհվում», էս ա՞ խաղաղությունը, որտե՞ղ չի զոհվում։ Քանի դեռ հանդուրժում եք, ժոքղովուրդ, այսպես մեր տղաներին տանելու են գլուխներն ուտեն։ Որերորդ դեպքը եղավ, որ զինվորներ են զոհվում, Պապիկյանի հեչ պետքն էլ չէ, գլխից մի մազ չի պակասել։ Ո՛չ պաշտոնից է հրաժարական տվել, ո՛չ էլ բարձր աշխատավարձից ու պարգևավճարից։ Իսկ էս սովածների խմբի համար ամենակարևորը իրենց փորն է։
Կարճ ասած՝ ես չգիտեմ՝ ոնց խնդիրները կարգավորել, ո՛չ փորձագետ եմ, ո՛չ բանակի հրամանատարությունից, բայց դա չգիտեն նաև բանակի այսօրվա ղեկավարները։ Եվ քանի որ չեն կարողանում կամ չեն ուզում կարգավորել, չունեն բանակի վերաբերյալ տեսլական, րոպե առաջ պետք է ազատեն իրենց պաշտոնները։ Ինչքան շուտ Պապիկյանն ու Ասրյանը Փաշինյանի ձեռքը բռնեն ու չքանան, այնքան քիչ մարդ կզոհվի, այնքան քիչ մայրեր սևազգեստ կդառնան։
Սևակ Հակոբյան






